ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անդրադարձել է նաեւ «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելը» նոր հանցակազմի ամրագրման հետ կապված խնդիրներին:

 

«Այսպես, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելը» 154.15-րդ հոդվածով: Վերջինով պատիժ է նախատեսվում ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի վերաբերյալ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, քվեարկության օրը, մինչեւ օրենքով սահմանված՝ քվեարկության ավարտը կամ դրան նախորդող օրը տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով անանուն աղբյուրի միջոցով վարկանիշը վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանվում նույն արարքի համար, որն իրականացվել է հինգ կամ ավելի անանուն աղբյուրների միջոցով:

Հարկ ենք համարում միանգամից արձանագրել, որ մեր օրերում լայն տարածում են ստացել ատելության խոսքը, կեղծ եւ զրպարտող լուրերի տարածումը, ինչը մտահոգիչ է: Այս ամենը լուրջ մարտահրավեր է ստեղծում պետության համար, քանի որ ավելացնում է անհանդուրժողականությունը, նպաստում է լարվածության աճին եւ, իհարկե, խաթարում է մարդու իրավունքների համակարգն ու խնդիրներ առաջացնում իրավունքի գերակայության համար:

Այդուամենայնիվ, Քրեական օրենսգրքում նման հանցակազմի լրացման հետ կապված առկա են որոշ նկատառումներ եւ մտահոգություններ:

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լրացվող հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով կատարված արարքի համար նախատեսվում է ազատազրկում, մինչդեռ Վեհաժողովը նաեւ հստակ մոտեցում է որդեգրել առ այն, որ զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Անդամ պետություններին, ի թիվս այլնի, կոչ է արվել անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել այն միջամտության աստիճանը, որ քրեական արդարադատության կամ քրեաիրավական միջոցներով կարող է տեղի ունենալ մարդու իրավունքների նկատմամբ, ուստի այս փոփոխությունը ուղղակի եւ անուղղակի կերպով շոշափում է ընտրական իրավունքի իրացման հետ կապված կարեւոր հարցեր:

Հարցն առավել խնդրահարույց է դառնում այն պարագայում, երբ ընտրություններն անցկացվելու են «փակ ցուցակներով», եւ անգամ ընտրական ցուցակներում չընդգրկված, սակայն ընտրողների մոտ տվյալ կուսակցության հետ կապվող անձի նկատմամբ այս հոդվածով գործի հարուցումը բացասաբար է ազդելու տվյալ կուսակցության կամ կուսակցության դաշինքի վարկանիշի վրա:

Ասվածից զատ, նման մտահոգության տեղիք են տալիս քրեականացվող արարքի պայմանները՝ «անանուն աղբյուրի միջոցով» եւ «վարկանիշը վնասելու նպատակով» ոչ առարկայական լինելը, ինչի արդյունքում, հնարավոր է, հանցակազմի առկայությունը չհավաստվի, սակայն նախաձեռնված քրեական վարույթն արդեն իսկ ունենա բացասական ազդեցություն ենթադրյալ իրավախախտ՝ ընտրական գործընթացի մասնակցի համար:

Հետեւաբար, առաջարկում ենք նշված ռիսկերը հաշվի առնել օրենսդրական փոփոխություններ կատարելիս»:

 

 

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստ:

 

ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ այն անցկացվել է ընդլայնված կազմով, որին, խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաեւ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ: Նիստի բացման խոսքում՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար, առավել եւս, եթե դրանք վերաբերում են Զինված ուժերին, էական է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կորոնավիրուսային (Covid-19) համավարակի եւ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո զորքերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի եւ զորամասեր մոնիթորինգային այցերի ժամանակ: Քննարկվել են զորահավաքային զորակոչի եւ զորահավաքային ծառայության ընթացքում քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների՝ ներառյալ առողջական ու սոցիալական բնույթի խնդիրներ:

Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

Պաշտպանը կարեւորում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման գործում ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլեւ իրավասու պետական մարմինների, հատկապես՝ Պաշտպանության նախարարության ու ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու ստորաբաժանումների հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

 

 

 

ԱԿՑԻԱ` ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնությունը երեկ ակցիա է կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Ակցիային մասնակցելու համար այստեղ են ժամանել Հայաստանի տարբեր մարզերից, մասնավորապես` Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները, ծնողները: Նախաձեռնության կազմակերպիչներից Սեդա Գրիգորյանի խոսքով՝ այս նախաձեռնության առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, երբ աշխարհի 15 երկրներում գերիների վերադարձի պահանջով ակցիաներ են տեղի ունեցել: «Այս նախաձեռնությունը մեկնարկել է Սփյուռքում, որտեղ մի քանի համայնքներում արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում իրենց կառավարությունների կամ Ադրբեջանի դեսպանատների մոտ: Առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, որին մասնակցել են աշխարհի շուրջ 15 քաղաքներ: Այսօր արդեն 15 երկրների 30-ից ավելի քաղաքներ են մասնակցում ակցիային: Դրանց շարքում են հետեւյալ քաղաքները՝ Բեռլին, Ժնեւ, Մոսկվա, Բրյուսել, Լոնդոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Հռոմ, Երեւան, քաղաքներ Խորվաթիայից, Իսրայելից, Չեխիայից: Հատկանշական է, որ ակցիային միանում են ոչ միայն հայկական համայնքները, այլ միջազգային իրավապաշտպաններ ու ակտիվիստներ»,- ասել է նա:

Ակցիայի մասնակիցները երթով, ապա նաեւ ավտոերթով շարժվել են դեպի Հայաստանում մի շարք երկրների դեսպանատներ, որտեղ ընթերցել են իրենց հայտարարությունը՝ պահաջելով գործական քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին հնարավորինս շուտ եւ առանց նախապայմանների վերադարձնելու Ադրբեջանից:

 

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Նախօրին  Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու եւ օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ:  Նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

 

 




Լրահոս