ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼՈՒ Է ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թույլատրվելու է արդյունաբերական եւ գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրություն: Համապատասխան որոշումն ընդունվել էր կառավարության ապրիլի 29-ի նիստում: Օրինագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացման գործունեությունը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։

 

Այսպիսով, ArmLur.am-ը որոշել է ուսումնասիրել, թե արդյունավերական կանեփի արտադրության ինչպիսի փորձ է առկա աշխարհում, եւ որ երկրներն են հաջողել: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում կտավատի եւ կանեփի արտադրությունը համարվում է գյուղատնտեսական արտադրանքի հիմնական ոլորտներից մեկը, եւ տարեցտարի արտադրության ծավալների փոփոխություն է եղել:

Առհասարակ, վերջին տարիներին արդյունաբերական կանեփն ամբողջ աշխարհում վերածնունդ է ապրել.  ֆերմերները երկրներում կանեփ են աճեցնում, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որոնք երբեք չեն արգելել դրա մշակումը, եւ երկրներում, ինչպես Կանադան, որոնք խստորեն կարգավորում են կանեփի արտադրությունը՝ կանխելու համար մարիխուանայի ապօրինի արտադրության նույնիսկ ամենահեռավոր հնարավորությունը, Միացյալ Նահանգները, մյուս կողմից, շատ հետ է մնում.  ամերիկացի արտադրողներին թույլատրվում է կանեփ ներմուծել Չինաստանից եւ այլ երկրներից եւ պատրաստել կանեփի արտադրանք:

Այս մշակաբույսը կիրառվում է բազմաթիվ արտադրական պրոցեսներում ու ապրանքատեսակներում, ինչպիսիք են տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքը, թուղթը, շինանյութը, խնամքի պարագաները, բժշկության մեջ է օգտագործվում:

Կանեփի շրջանառությունը տարեցտարի մեծ թափ է ստանում համաշխարհային շուկայում։ Այսպես, ԵՄ երկրներում  կանեփի սերմի պահանջարկը 2013 թվականին կազմել է 18 000 տոննա, 2015 թվականին` 21 000 տոննա, ընդ որում՝ 1 տոննա սերմի արժեքը 2008 թվականին կազմել է 1000 եվրո, իսկ 2015 թվականին այն կրկնապատկվել է` դառնալով 2000 եվրո: ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով` տեխնիկական կանեփի համաշխարհային առաջատարներն են Հյուսիսային Կորեան, որտեղ ցանքատարածությունները կազմում են ընդհանուր 20 511 հա, Ֆրանսիան` 12 081 հա, Չինաստանը` 12 821 հա, Չիլին` 6 428 հա:

Արդյունաբերական կանեփի մշակումն այսօր թույլատրված է Եվրոպայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում։ Առաջարկվող կարգավորումներով Հայաստանում թույլատրվելու է կանեփի աճեցումը, մշակումը, արտադրությունը, արտահանումն ու ներմուծումը, ինչպես նաեւ մեծածախ առեւտուրը համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ «Առայժմ միայն մեծածախ առեւտրի մասին է խոսքը, քանի դեռ մենք մեր մոտեցումը չենք արտահայտել ներքին շուկայում տվյալ ապրանքատեսակների հետ կապված»,- ասել է Տ.  Ավինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կանեփի բիզնեսով զբաղվելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել պոտենցիալ ֆերմերների շրջանում. դեռեւս ամիսներ առաջ հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը չէր բացառել, որ տեխնիկական կանեփի առաջին օրինական ցանքատարածությունները Հայաստանում կհայտնվեն արդեն այս գարնանը։

 

 

ԿԱԴՐԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 29-ի նիստում հավանություն է տրվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին. տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը:

 

Առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով, որի համաձայն՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ համապատասխան առարկայի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս, դիպլոմավորված մասնագետ) եւ մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը: Մանկավարժության կրեդիտը, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի  26-րդ հոդվածի 5-րդ մասի, տրվում է կրթության կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպության, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած կրթական ծրագրին մասնակցելու միջոցով:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը սահմանված կարգով Ազգային ժողովում քննարկվելուց եւ ընդունվելուց հետո անհրաժեշտություն կառաջանա երկամսյա ժամկետում փոփոխություն կատարել նաեւ ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` օրենսդրական փոփոխության նպատակն ուսուցչական կադրերի համալրման եւ մասնագետների ընտրության այլընտրանքային տարբերակի ներդրումն է:

Առաջարկվող նոր մեխանիզմը որակյալ մրցակցության հնարավորություն կստեղծի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված՝ մի շարք առարկաներ արդյունավետ չեն դասավանդվում: Բացի դրանից, հանրակրթության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացման խնդիրն առաջնային է:

 

 

 

Ո՞Վ Է ՄԱՐԶՊԵՏԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 29-ի որոշմամբ՝ Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել Նարեկ Ղուշչյանը։ Նա ծնվել է  1981թ., սովորել է  Իջեւանի թիվ 5 դպրոցում, ապա  ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, ՀՀ հանրային կառավարման ակադեմիայում, աշխատել է «Ֆինկա» վարկային կազմակերպությունում, վերջին տարիներին բնակվել է Երեւանում։ Տավուշի մարզի բնակիչները դրական են արտահայտվում Նարեկ Ղուշչյանի մարդկային որակների մասին, նրա մայրը  ծագումով Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղից է, մանկավարժ։ Իջեւանցիները հիշում են Նարեկի հորը՝ Աղասի Ղուշչյանին, նա միլիցիայի ՕԲԽՍՍ-ի՝ սոցիալիստական սեփականության հափշտակության դեմ պայքարի բաժնի աշխատող է եղել, եղել է մարդկային եւ բարի անձնավարություն։ 1980-ական թվականներին Երեւանի հյուրանոցներից մեկում Աղասի Ղազարյանը սպանվել է։ Իջեւանցիները այդ մութ պատմությունը  կապում  են Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար, այժմ  հանգուցյալ Ջեմմա Անանյանի հետ։ Իջեւանցիների կարծիքով՝ այդ առեղծվածային սպանությունը կապ ուներ Իջեւանի գինու գործարանում կատարված  չարաշահումների  հետ։

 

 

 

ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՄԵՋ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Տիգրան Լազրյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով 21 տարին լրացած անձ, 49 տարեկան, 2020թ. ամռան կեսից  մինչեւ դեկտեմբերի վերջերն ընկած Ժամանակահատվածում պարբերաբար անառակաբարո  գործողություններ է կատարել հարեւանությամբ  բնակվող, ակնհայտ 16 տարին  չլրացած աղջկա նկատմամբ։  Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի  2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը։ 2021թ. ապրիլի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը քննության է առել Տ. Լազրյանի  նկատմամբ  ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։ Տ. Լազրյանի պաշտպանը հայտնել է, որ նա չի խուսափի պատասխանատվությունից, պատրաստ է կրել  իր նկատմամբ դատարանի կողմից նշանակվելիք պատիժը, սակայն նա ունի սրտի հետ կապված հիվանդություն, երկրորդ խմբի  հաշմանդամ է, նրա խնամքին են հաշմանդամ ծնողները, որոնցից հայրը կույր է։ Պաշտպանը միջնորդել է  կալանավորում խափանման միջոցը վերացնել, հակառակ դեպքում այն փոխարինել գրավով՝ գրավի գումարի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Տ. Լազրյանը հայտնել է, որ զղջում է իր կատարածի համար։ Դատավոր Զ. Զաքինյանը որոշել է Տ. Լազրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  թողնել անփոփոխ մինչեւ դատական քննության ավարտը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս