ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:
Դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, այդ թվում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքերի եւ շինությունների ինքնակամ կառույցների մասով 58 դեպք, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքերի եւ շինությունների ինքնակամ կառույցների մասով` 22 դեպք:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը՝ բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը եւ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը՝ չորսհարյուրապատիկի չափով:
Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք վերը նշված 80 դեպքով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ չեն կիրառել եւ գանձել առնվազն 18,8մլն դրամի տուգանք՝ առաջացնելով ծանր հետեւանքներ։
Բացի այդ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 09.04.2015թ. կայացված աճուրդին, ըստ համայնքի ղեկավարի, աճուրդի կազմակերպչի եւ արձանագրողի ստորագրած ձեռագիր արձանագրության, մասնակցել են գրանցված 4 մասնակիցներից 2-ը, մինչդեռ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ վերջիններիցս մեկն այդ ընթացքում բացակայել է ՀՀ տարածքից եւ ֆիզիկապես չէր կարող ներկա գտնվել աճուրդին, առավել եւս՝ քայլ կատարել: Ըստ արձանագրության՝ առավելագույն գին առաջարկած մասնակցին վաճառվել է 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս:
Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք կազմել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդին անձանց մասնակցության մասին կեղծ արձանագրություն՝ օտարելով նշված հողամասը:
Բացի այդ, 2015-2020թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի Սպիտակի համայնքապետարանը «Նարինե» ՍՊԸ-ի հետ կնքել է Սպիտակ քաղաքում փողոցների սանիտարական մաքրման եւ հարակից ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 92,3մլն դրամ արժեքով:
Կատարողի պարտականությունների մեջ է մտել 67530-ից մինչեւ 78916 քմ ընդգրկող ներքաղաքային փողոցների, մայթերի, հրապարակների, բակային տարածքների, հուշարձանների ու դրանց պատվանդանների, քաղաքային զբոսայգու եւ ջրավազանի, այլ ինժեներական կառույցների ամենօրյա ձեռքի եւ մեքենայական մաքրման, լվացման սանիտարական մաքրման ծառայություններ: Սպասարկվող այդ տարածքների մեջ են ընդգրկվել նաեւ 13600 քմ կազմող, բնակավայրերի տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներ, որոնց սպասարկումը իրականացվում է «Ճանապարհ» ԲԲԸ-ի կողմից: Այսինքն՝ համայնքապետարանի կողմից ի սկզբանե վերոնշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերով ավել է նախատեսվել շուրջ 13600 քմ տարածքի սանիտարական մաքրման ծառայություններ, որը դրամական արտահայտությամբ 2015-2020թթ. համար ընդհանուր կազմել է 15,5 մլն ՀՀ դրամ:
Կազմված կատարողական ակտերով համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները՝ ընկերություններին վճարելով պայմանագրերով նախատեսված ամբողջ գումարը, մինչդեռ ՀՀ ՊՎԾ աշխատակիցների կողմից նշված պայմանագրով կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել են կատարողական ակտերով հաշվարկված եւ վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։ Այդկերպ 2015-2019թթ. համայնքապետարանի պատասխանատու անձինք կատարողական առերեւույթ մտցրել են փաստացի չկատարված աշխատանքների կատարման վերաբերյալ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11մլն ՀՀ դրամ համայնքային միջոցներ:
Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՇՈՒՐՋ
ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար երեկ քննարկում էր կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած եւ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծը խորհրդարանի մայիսի 4-ի նիստում ներկայացել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:
«ՀՀ կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ»,-ասել է Ա. Հովհաննիսյանը: Նախագծով առաջարկվում է, համաներում հայտարարելով, պատժից ազատել այն անձանց՝
o որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,
o որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
o որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Առաջարկվում է, համաներում հայտարարելով, դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Նախագծում առկա են նաեւ այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում: Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն ապրիլի 29-ին դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%»,- փոխանցում է ՀՀ կենտրոնական բանկը: