ՑՈՒՑԱԿՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ԴԵՄՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում լինելու են մեծ թվով փոփոխություններ: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացահայտումներ է անում:

 

-Պարո՛ն Սիմոնյան, բոլոր քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կասե՞ք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ փուլում է գտնվում:

-Մենք նույնպես գտնվում ենք նախապատրաստման փուլում, բաժանված են հանձնարարականները, պարտականությունները, եւ ամեն մի խումբ զբաղված է դրանով:

-Ձեր ցուցակում ովքե՞ր կան, ովքե՞ր են լինելու:

-Ցուցակում կլինեն դեմքեր, որոնք կուսակցական չեն, այդ մարդկանց անունները հրապարակել ես չեմ կարող: Մի մասի հետ կապված խոսակցություններ կային մամուլում, բայց կլինեն մարդիկ, որոնք նախկինում չեն եղել ցուցակում, բայց հիմնական կորիզը կազմելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը եւ խմբակցությունը:

-Ի՞նչ չափանիշներով եք կազմելու ցուցակը:

-Առաջին չափանիշը մասնագետներն են, երկրորդը՝ ՀՀ-ի համար ներդրում ունեցած մարդիկ են, եւ կրկնվեմ՝ նաեւ սուղ մասնագիտական  գիտելիքներ ունեցող անձինք, նաեւ տնտեսության հետ կապված. նաեւ այդպիսի մարդկանց մասին է խոսք գնում: Վերջնական ցանկը դեռ պատրաստ չէ, բանակցություններ են գնում, եւ համաձայնության դեպքում անունները կհրապարակվեն:

-Հանրությունը  ճանաչո՞ւմ է իրենց:

-Վստահեցնում եմ՝ որեւիցե անուն, որ Դուք երբեւէ չեք լսել, ցուցակում չի լինի: Կլինեն անուններ, որոնք ավանդ ունեն, եւ բոլորը ճանաչում են:

-Այժմ շատ է խոսվում, որ, ըստ վարկանիշի, մրցակիցներ են Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ապա Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանը: Իսկ ձեր ցանկը ո՞րն է:

-Ես կարծում եմ՝ այդ խոսակցությունները սխալ են, եւ այդ հարցումներն ու վերաբերմունքը մի կողմից են արված եւ հատուկ նպատակ ունեցող: Քոչարյանի մասով կարող եմ ասել, որ միգուցե ընդդիմության դաշտում նրա վարկանիշը բարձր է, բայց մեկտոկոսանոց տարբեր կուսակցությունների շրջանում նման գնահատականներ հնչեցնել ճիշտ չէ: Բայց վարչապետի վարկանիշն ամենաբարձրն է: Բայց ես միշտ ասել եմ ու ասում եմ՝ շատ բան կարող է փոխվել քարոզարշավի ընթացքում: Ռոբերտ Քոչարյանն առաջին տեղն է զբաղեցնում իր բացասական վարկանիշով եւ թերեւս կարող է մրցակցել միայն Վազգեն Մանուկյանի հետ:

-Նաեւ տեսակետ է առկա, թե այս իշխանությունները կարող են հաղթել ընտրություններում միայն նախկինների վերադարձի թեզի շնորհիվ: Դա Ձեր հաղթաթո՞ւղթն է:

-2019 թվականը եղել է այն այցեքարտը, որը մեր իշխանությունը ցույց է տվել: Չկա որեւէ մեկը, որ կարող է ինձ հետ վիճել եւ ասել, որ այդ տարում տեղի ունեցածը կարելի է համեմատել: 2020 թվականը դրա հակառակ երեւույթն էր, եւ մարդիկ հասկանում են դա: Մենք մի ոտքով ընկանք համավարակի դուռը, մյուսով մեզ ներքաշեցին պատերազմի մեջ, եւ մարդիկ դա շատ լավ հասկանում են: Ուստի համարում եմ, որ մարդկանց որոշումն ակնհայտ է, եւ դրա համար էր, որ ընդդիմությունը չէր ցանկանում գնալ ընտրությունների:

-Իսկ խորհրդարանակա՞ն ուժերը:

-Ես կարծում եմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի անցնի խորհրդարան, ԲՀԿ-ն շատ մեծ աշխատանք ունի տանելու, քանի որ իրենք իրենց օտարել են: Վանեցյան Արթուրը նախկի՞ն է, նախկին չէ, Իշխան Սաղաթելյանը նախկի՞ն է, նախկին չէ, թող փորձեն: Ի՞նչն է իրենց խանգարում, ազատ են, թող առաջարկ ներկայացնեն: Մեր հաղթաթուղթն այն է, որ մարդիկ հիշում են 2019 թվականը եւ մարդիկ հասկանում են օբյեկտիվ պատճառները: Կա սառը բանականություն, որ համաճարակի եւ վարձկանների դեմ պայքարելն այդքան էլ հեշտ գործ չէ:

-Իշխանությունը քարոզարշավի ժամանակ ի՞նչ է ասելու, ի՞նչ եք արել այս տարիների ընթացքում:

-Այնքան օրինակներ կան՝ սկսած մարզերից, ճանապարհներից: Նորագույն պատմության մեջ մենք ամենափոքր թվով կալանավորված անձինք ունենք: Հաճախ մեզ մեղադրում են ինչ-որ բաներում, օրինակ, տեսախցիկները չհանելու մեջ, բայց հիմա մարդկանց մեջ չկա այն խոսակցությունը, թե դա փող բերելու միջոց է: Հիմա մրցակցություն կա, չկա համակարգային կոռուպցիա, իհարկե, ինչ-որ դեպքեր կլինեն, եւ դա կա ամենաժողովրդավար երկրում անգամ: Օրինակ՝ Դուք հարցումներ անում եք եւ Ձեր հարցումների մեջ չկա որեւիցե մի դեպք, երբ մարդիկ ասեն՝ ով ինչ ուզում է անի, որոշողը մենք չենք: Դա ամենակարեւոր ձեռքբերումն է:

-Խոսենք նաեւ Սյունիքից: Սյունեցիները ինչո՞ւ են դժգոհ:

-Սյունեցիները դժգոհ չեն: Վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցածը բանդա էր, որը մեզ հետ մի քաղաքից մյուսը շրջում էր, եւ դերակատարները նույն մարդիկ են: Դուք տեսաք այն տեսանյութը, որը ես եմ հրապարակել, եւ դա է ժողովրդի վերաբերմունքը: Գազաֆիկացումն ավարտին ենք հասցնում, մանկապարտեզի խնդիր է եղել, շինարարությունը ավարտին ենք հասցնում: Փորձել շահարկումներ անել բանդայի առումով եւ փորձել դա վերագրել ամբողջ սյունեցիներին սխալ է: Հակառակը, սյունեցիներից շատերն ասում էին, թե մարդկանց համար ամաչում են, այսինքն՝ դա պուճուր գործող բանդա էր, եւ նրանց վերագրել Սյունիք բառը անընդունելի է:

 

 

ՎԱՆԵՑՅԱՆՆ ՈՒ ՀՀԿ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ

Դեռեւս ապրիլի 30-ին Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն եւ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը միասին դաշինքով են մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք հնարավոր արտահերթ ընտրություններին: Աշոտյանը հայտարարել էր, թե ընտրություններին մասնակցում են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։

 

«Որոշման կայացման համար հիմք են հանդիսացել ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաեւ կապիտուլյանտին օր առաջ գահընկեց անելու հրամայականը: Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրողությունները` մենք կարծում ենք, որ «Հայրենիք» կուսակցության հետ մեր հնարավոր քաղաքական համագործակցությունն ամենաարդյունավետն է լինելու ստեղծված իրավիճակում կապիտուլյանտին գահընկեց անելու համար»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրերին ՀՀԿ-ում եւ «Հայրենիք» կուսակցությունում աժիոտաժ է, թեժ քննարկումներ են ընթանում ընտրությունների ձեւաչափի ու ամենագլխավոր հարցի հետ կապված՝ ովքեր պետք է լինեն այդ դաշինքի ցուցակում: ՀՀԿ-ին մոտ կանգնած լավատեղյակ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ «ծանր» գործն իրականացնում է անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, որն այս ժամանակահատվածում հանդիպումներ է ունենում նաեւ Արթուր Վանեցյանի հետ: ՀՀԿ-ի մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին վստահեցրել է, որ ցուցակի մինչեւ 20-րդ տեղը ՀՀԿ-ի կարկառուն դեմքերն անպայման լինելու են: Ավելին՝ ըստ Սարգսյանի՝ ցուցակի թոփ համարները ՀՀԿ-ինն են լինելու: Մենք տեղեկացանք, որ ցուցակում են լինելու ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը եւ այլք: Այս պահին սա վերջնական որոշում չէ, դեռ նորաստեղծ դաշինքը քննարկում է դաշինքի անունը, կանգ են առել «Պատիվ ունեմ» անվան վրա, բայց մեզ հավաստացրին, թե այն վերջնական որոշում չէ:

ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն այս պահին էլ թեժ քննարկումների մեջ են:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԽՈՍԵԼ Է ԳՆԱՃԻՑ

«Դուք խոստացաք երկնիշ տնտեսական աճ, բայց երկնիշ աճ միայն գներն են այս պահին գրանցում»,- դիմելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին՝ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նա հետաքրքրվել է, թե ինչ է անում կառավարությունը գնաճը զսպելու համար։ Վահան Քերոբյանը նախ նկատել է, որ գների աճի պատասխատուն կենտրոնական բանկն է։ «Բայց մենք, իհարկե, շատ անհանգիստ ենք գների աճով, եւ էկոնոմիկայի նախարարությունը սերտ համագործակցում է Կենտրոնական բանկի հետ, որպեսզի մենք տնտեսական միջոցառումների միջոցով գնաճը զսպենք: Այդ թվերը ասում են, որ մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6,2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր»,-ասել է նա։

Այս տարի շատ բարձր գնաճ կա ամբողջ աշխարհում։ Նա համաձայնել է, որ որոշ ապրանքների հարցում մենք գուցե ունենք երկնիշ գնաճ եւ նույնիսկ որոշ ապրանքների պարագայում կարող է 30-40 տոկոսանոց աճ լինի, բայց դա միայն Հայաստանի ներքին իրավիճակից կախված չէ։ «Մենք տնտեսական միջոցառումների միջոցով փորձում ենք կարգավորել գնաճը»,-ասել է նա։

Վահան Քերոբյանի խոսքով՝ նախօրեին ԿԲ նախագահը հայտնել է՝ նախնական կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ հոռետեսական է եղել, եւ տնտեսությունը իրեն շատ լավ է պահում, քան իրենց կանխատեսումները. «Ես իսկապես կարող եմ խոստանալ, որ նման կերպով գնալու դեպքում մենք մեր երկնիշ տնտեսական աճը կկատարենք»:

 

ՀԱԿ-Ը ՉՈՒՆԻ ԿԱՊԻՏԱԼ

Երեկ ՀՀ առաջին նախագահը վերահաստատեց իր առաջարկը երկրորդ եւ երրորդ նախագահներին, որից հետո ՀԱԿ-ի քաղաքական ապագայի մասին խոսակցությունները ակտիվացան։ Բայց իրադարձությունների զարգացումները գնում են այն ուղղությամբ, որ մեծ հավանականությամբ ՀԱԿ-ը որոշում կկայացնի չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման որոշման համար ՀԱԿ-ում կան ծանրակշիռ պատճառներ. նախ՝ չունեն բավարար ֆինանսական միջոցներ ընտրություններին մասնակցելու համար, բացի այդ, կուսակցությունը նաեւ մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունի։ Բազմիցս երիտասարդ իշխանականները ՀԱԿ-ին որակել են կադրային ու մոտեցումային բազան չթարմացված քաղաքական ուժ, որտեղ ժամանակին եղել են պրոֆեսիոնալ կադրեր, բայց վերջիններս այլեւս ակտիվ չեն, իսկ երիտասարդ կադրերից շատերը լքել են կուսակցությունը։ Կարճ ասած, թե՛ ֆինանսապես եւ թե՛ մարդկային ռեսուրսներով ՀԱԿ-ը չունի կապիտալ եւ չի կարողանա մասնակցել ընտրություններին, ծածկել ընտրական բոլոր տեղամասերը, մինչդեռ ՀԱԿ-ն ուներ բոլոր շանսերն այժմ ամենաուժեղ ընդդիմությունը լինելու, քանի որ Լեւոն Տեր -Պետրոսյանի արցախյան թեզերը ճիշտ դուրս եկան։ Այս ընդդիմությունն էլ, սակայն, ճիշտ  չաշխատեց ու դարձավ անկարող։ Եվ որպեսզի որեւէ կերպ այդ անկարողությունը արդարացվի, ՀԱԿ-ից կշարունակեն հնչեցնել մեղադրանքներ գործող իշխանության հասցեին:

 




Լրահոս