ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՇՈՒՇԻ-ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել նախորդ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային հարց է։ Բաքվի վրա, առանց մեծ հաջողության, փորձում են ազդել եւ՛ Միացյալ Նահանգները, եւ՛ Ռուսաստանը։ Խնդիրը ոչ միայն բարդացնում է Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների կատարումը, այլեւ խոչընդոտում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից վերահսկվող ինտեգրացիոն միությունների՝ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի մերձեցման ռուսական պլաններին։ Այս մասին գրված էր երեկ «Կոմերսանտում» հրապարակված «Երեւանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը» վերնագրով ծավալուն հոդվածում։

 

Հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը գնացել է Երեւանում երեկ կայացած հայ-ռուսական բանակցությունների հետքերով։

Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում երեկվա բանակցություններից եւ նախանշում այն օրակարգը, որը լինելու մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին: Մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին կա բավականին ծավալուն անդրադարձ։

«Բաքվի կողմից պահվող անձինք արդեն առեւտրի առարկա են դարձել»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասում են դիվանագետները ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմից։ Թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների եւ հայ զինվորականների կողմից: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացներ Ադրբեջանին Շուշիի հասանելիությունը։ «Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ «Բաքուն բարձրացրել է նաեւ Ղարաբաղի Ղազախ շրջանի մի շարք գյուղեր անձանց վերադարձի դիմաց իրեն հանձնելու հարցը», սակայն հարցերից ոչ մեկով լուծում չկա։

Ռուսական պարբերականը գրում է նաեւ, որ մինչ օրս հայտնի չէ, թե քանի գերի կա Ադրբեջանում։ Հայկական կողմի տվյալներով՝ մոտ երկու հարյուր հոգի, պաշտոնական Բաքուն ասում է, որ Ադրբեջանում մնացել է 59 հայ գերի, ում Բաքուն ռազմագերի չի համարում եւ պատրաստվում է դատել։

Հոդվածի հեղինակը նշում է, որ հայ գերիների հարցը դարձել է միջազգային հարց, նրանց անհապաղ ազատելու կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ պետքարտուղարը, սակայն Երեւանը գերիների վերադարձի հարցում ակնկալիքներ ունի առաջին հերթին Մոսկվայից։

Հայաստանում ակնկալում են, որ գերիների խնդիրը կօգնի լուծել Մոսկվան։ «Դա խաղաղ հայտարարության երաշխավորի հեղինակության հարց է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցն ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել պարտավորությունները», – «Կոմերսանտին» ասել է բարձրաստիճան հայ դիվանագետը։

Թերթը գրում է, թե պաշտոնական Երեւանը գերիների վերադարձի հարցում հոռետես է եւ չի հավատում, որ նրանք կվերադառնան մինչեւ նախատեսվող ընտրութունները` հունիսի 20-ը։ Թերեւս հետաքրքիր է, որ ռուսական պարբերականի հեղինակը գերիների հարցը կապում է ընտրությունների հետ. հավանաբար նման բան իրեն ասել են հայ պաշտոնյաները։

Ինչեւէ, Սոլովյովը գրում է, թե Մոսկվան շահագրգռված է, որ ամենասուր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն։ Նախ` առանց դրանց կարգավորման, դժվար է շարժվել համաձայնեցված խաղաղ պլանով, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակում: Ռուսական պարբերականը նկատում է, որ թեեւ Ռուսաստանի արտգործնախարարը եւ ընդհանրապես պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում են, որ եռակողմ աշխատանքային խումբն ակտիվ աշխատում է, եւ կա առաջընթաց, կոնկրետ արդյունքների մասին խոսք դեռ չկա։

«Կոմերսանտը» նաեւ նշում է, որ գերիների վերադարձի հարցում Մոսկվան ունի իր շահերը։

«Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում չնվազող լարվածությունը հաստատ չի օգնում Ռուսաստանին իրականացնել պլաններ, որոնք նախատեսում են Ադրբեջանի մերձեցումն այնպիսի ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ ՀԱՊԿ-ը։ Երկու միություններին էլ մասնակցում է Հայաստանը, որը վերջերս արգելափակել է ապրիլի 29-ին Կազանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ որպես հյուր հրավիրելու հրավերը»։

Դե իսկ հայ-ռուսական եւ սպասվող ռուս-ադրբեջանական բանակցությունների մասին ծավալուն հոդվածը ռուս հեղինակը սկսում է Մոսկվայի համար չափազանց կարեւոր հարցից՝ Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաներից։

Լավրովի այցի հաջողությունը կարելի է համարել երկու երկրների կառավարությունների միջեւ կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

«Փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն երկու երկրների համագործակցությունը բժշկակենսաբանական ոլորտում, այլեւ թույլ կտա Ռուսաստանի առողջապահության եւ պաշտպանության նախարարությունների մասնագետներին այցելել Հայաստանում աշխատող, Պենտագոնի փողերով ստեղծված բիոլաբորատորիաներ», – գրում է «Կոմերսանտը»:

Ն.Հ.

 

 

 

ՏԵՂԱԿԱԼ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սահակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

 

 

ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը խոսել է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի վերջնական եզրակացությունից՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին: «Ընդունվելիք նախագծի որեւիցե կարգավորում չի տարածվելու արտահերթ ընտրությունների վրա, ինչը, բնականաբար, խնդրահարույց է եւ ինքնին խնդրահարույց է դարձնում այս նախագիծը 24-ժամյա ռեժիմով ընդունելը. այն հիմնավորված կլիներ, եթե նախագիծը կամ դրա գոնե որոշ կարգավորումներ տարածվեին 45 օր հետո նախատեսված ընտրությունների վրա»,- ասել է նա:  Ըստ նրա՝ օրենքի նախագիծը տարածվելու է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները վրա:

 

 

ԳՈՐԾՈՒՂԵԼ Է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արթուր Շատվորյանին եւ Արթուր Մամիկոնյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: «Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին եւ սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Արթուր Մամիկոնյանին 2021թ. մայիսի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն՝ սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործընթացների՝ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների Ռուսաստանի Դաշնություն արտահանման, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման հետ կապված հարցերի քննարկման նպատակով»,-նշված է որոշման մեջ:

 

 

ՆՊԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժինների կողմից ապրիլին 57 անձնական գործերով պետական նպաստ է նշանակվել, ընդ որում՝ 13-ը Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հիմքով: Նույն ժամանակահատվածում վերահաշվարկ է կատարվել 24 անձնական գործերում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 13 անձանց, իսկ ծննդյան միանվագ նպաստ՝ 36 նորածին երեխաների:

 

 

 

ԱՆՀԱՐՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Վարորդները Երեւանի քաղաքապետարանի թերի աշխատանքի պատճառով հայտնվել են անհարմար դրության մեջ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ էլեկտրոնային համակարգում (e-payments.am) տեխնիկական զննության կտրոնի ստացման համար վճարումների էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես չի գործում: Պատճառը Երեւանի քաղաքապետարանն է: Պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից գույքահարկի տվյալները դեռեւս չեն թարմացվել, եւ տրանսպորտային միջոցների համար նախատեսված գույքահարկի տվյալները բացակայում են: Ի դեպ, այս թեմայի շուրջ e-payments.am էլեկտրոնայնի կայքէջում տեղադրված են հեռախոսահամարներ, որոնց կարող ենք զանգահարել հարցերի դեպքում, բայց ArmLur.am-ի հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

 

ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա առողջական ստուգումներ անցնելու նպատակով: Սակայն մենք տեղեկացանք նաեւ, որ Արմեն Սարգսյանը պետության հաշվին Մոսկվա մեկնելուց եւ այնտեղ ստուգումներ անցնելուց զատ, պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: ArmLur.am-ը այս տեղեկությունների վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ, որտեղից պատասխանել են. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում` անձնական միջոցների հաշվին: Այս պահի դրությամբ նախագահը չի ծրագրում մասնակցել որեւէ միջոցառման: Իսկ մայիսի 10-ին կմեկնարկի Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Վերադարձի ճանապարհածախսը եւս կկատարվի Հանրապետության նախագահի անձնական միջոցների հաշվին»:

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 18 ԱՆՁԻ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի  քննությամբ պարզվել է, որ 2020թ. հուլիսի 27-ին Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի եւ համայնքի ղեկավարի տեղակալի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից են դարձել նրանց ընկերները։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամեր անց վիճաբանությունը վերսկսվել է, որի ընթացքում կողմերը միմյանց նկատմամբ կիրառել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր, ապակյա տարաներ, քարեր, ինչի հետեւանքով նրանցից մեկին պատճառվել է ծանր, իսկ մի քանիսին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պարզվել է, որ վերոնշյալ անձանցից մեկը 2020թ. հունվարի 3-ին նույնատիպ վիճաբանության է բռնվել հարեւան գյուղի մի քանի այլ բնակչների հետ, որի ընթացքում նրանցից մեկին պատճառել է մարմնական վնասվածք: Միջադեպի 18 մասնակցի մեղադրանք է առաջադրվել, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 




Լրահոս