ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ՝ 25 ՀԱԶԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ազգային ժողովը քննարկում էր կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ, սակայն գործադիրը առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատրաստ է ԱԺ առաջարկով փոփոխություն կատարել այս թվերում:

 

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Աժ նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Քերոբյանի խոսքով՝ նախագիծը վերաբերում է ցեմենետի եւ կլինկերի ներմուծումը  կանոնակարգելուն եւ ըստ էության լիցենզավորվող գործունեություն դարձնելուն ու որոշակի տուրքով հարկելուն:

«Նախագիծն ուղղված է նրան, որ Հայաստանի տնտեսական պոտենցիալը հնարավորինս պահպանվի, եւ Հայաստանի երկու ցեմենտի գործարաններն աշխատեն: Այս առաջարկը, սակայն, չի ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Եվ նախարարությունը համաձայնել է առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ներկայացնել այն տարբերակը, որը հանձնաժողովի առաջարկն է: Կարելի  է ասել՝ այն առաջարկը, որը գործել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ փոքր ճշգրտմամբ, մի փոքր կավելանա կլինկերի ներմուծման տուրքը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի եւ 9 հազար դրամ՝ կլինկերի համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ 2018 թվականից Իրանում որոշակի տնտեսական իրողությունների փոփոխման հետեւանքով ցեմենտը էժանացել էր ու մի քանի անգամ ավելի ցածր կազմել, քան Հայաստանում արտադրվողը: Արդյունքում իրանական ցեմենտը մեծ թափով սկսել էր ներմուծվել Հայաստան: Դրան զուգահեռ գործարարները հասկացել էին, որ կարելի է բերել ցեմենտի հումք՝ կլինկեր, եւ դրանով տեղում արտադրել ցեմենտ: Եվ տեղական 2 արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարությունն առաջարկել էր պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի եւ կլինկերի համար: Սակայն հետագայում նախագիծը փոփոխվել էր, եւ 14 հազար դրամ տուրք էր սահմանվել ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար տուրք չէր սահմանվել: «Այ հենց այս որոշումն էր, որի մասին մեր որոշ գործընկերներ ասում էին, որ բերելու է տեղական ցեմենտի կործանմանը: Հիմա այդ մեխանիզմը պահպանվեց մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Դեկտեմբերի 28-ին ԱԺ-ում արտահերթ նիստում նախատեսվում էր եւս 6 ամսով այդ «14 հազար եւ 0 դրամ ռեժիմը» երկարացնել, բայց բավարար թվով ձայներ չի հավաքվել, եւ նախագիծը չի անցել: Եվ փաստացի ստացվեց, որ այս տարվա սկզբից եւ՛ ցեմենտ, եւ՛ կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի: Տեղական արտադրողներին պաշտպանելու համար կառավարության որոշմամբ ուղղակի արգելվեց ցեմենտի եւ կլինկերի ներմուծումը, հետո կլինկերինը թույլատրվեց»,-ասել է  Թունյանը:

Նա նշել է, թե իշխանությանն ասում էին, որ ցեմենտի ներմուծման համար սահմանված 14 հազար դրամ տուրքը քիչ է, իսկ կլինկերի համար տուրք չսահմանելը՝ սխալ, եւ ներկայացրել է վիճակագրական տվյալներ: Օրենքի ընդունումից հետո «Արարատ ցեմենտ»-ի արտադրությունը 2019 թվականին 443 հազար տոննայից աճել է՝ հասնելով 534 հազար տոննայի, իսկ «Հրազդան ցեմենտ»-ի արտադրությունն աճել է շուրջ 30 հազար տոննայից մինչեւ 90 հազար տոննայի, այսինքն՝ եռապատկվել է: Հայաստան ցեմենտի ներմուծումը եւ կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել են: «Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական 2 ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրության ծավալներն աճել են, ներմուծումը եւ կլինկերից արտադրվող ցեմենտի ծավալները նվազել»,- ասել է պատգամավորը:

 

 

 

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ

«Պատվաստվելու ենք՝ ըստ հաստատված ընթացակարգի»,- հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների պատվաստմանը։

 

«18-54 տարեկան անձինք, որոնք չունեն որեւէ խրոնիկ հիվանդություն, պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով։ Բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու։ Ովքեր ունենք խրոնիկ հիվանդություն եւ 55 տարեկանից բարձր են, կպատվաստվեն կա՛մ ««Աստրազենեկա»-ով, կա՛մ «Սպուտնիկ V»-ով՝ ըստ իրենց ցանկության։ ԱԺ աշխատակազմից ով ցանկություն է հայտնել, նույնպես պատվաստվելու է։ Պատվաստանյութը նախընտրելով չէ, գոյություն ունի հաստատված կարգ, համաձայն որի էլ պատվաստվում են անձինք»,- ասել է նա։ Զեյնալյանը նաեւ տեսակետ է հայտնել, որ քանի որ այս պատվաստումը նորություն է, մարդիկ վախենում են, եւ նման ակցիաները նպաստում են բարձրացնել վստահությունը պատվաստումների նկատմամբ։ «Ընդհանրապես, համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն մեկ երրորդը պետք է պատվաստվի»,-հավելել է նա։

Զեյնալյանի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերը, որ մինչ օրս ստեղծվել են եւ  կիրառվում են, անցել են բոլոր անվտանգային ընթացակարգերը, եւ բոլորն էլ ցուցված են պատվաստման։ «Բնականաբար, բոլոր դեղերը, նաեւ՝ պատվաստանյութերը, ունեն որոշակի ռիսկեր, բոլոր դեղերն ունեն կողմնակի ազդեցություններ, դեղերի ռիսկայնությունը շատ ավելի մեծ է, քան պատվաստանյութերինը, բայց երբեւէ դրանից չենք խոսում»,- ասել է նա, ապա անդրադարձավ դիտարկմանը, թե շարունակվում են դեպքերը, երբ «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց հետո թրոմբոզ է առաջանում.

«Շահարկվող պատվաստանյութով 1 միլիոն պատվաստումից գրանցվել է ընդամենը 4 դեպք, ինչը բավականաչափ ցածր ռիսկայնություն է»,-նշել է նա։

Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություններ են տարածվում, որ որոշ պոլիկլինկաներում բուժաշխատողներին պարտադրել են պատվաստվել «Աստրազենեկա»-ով, Զեյնալյանն արձագանքել է, որ որեւէ տեղ որեւէ բան չեն պարտադրում, պատվաստվելն էլ պարտադրելով չէ: «Միգուցե այդ պահին այդ պոլիկլինիկայում որեւէ պատվաստանյութ չի եղել, եւ առաջարկել են այն պատվաստանյութը, որն այդ պահին առկա է եղել»,-ասել է նա:

 

 

 

ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած փաթեթով առաջարկում է արգելել սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող եւ տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը: ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի փոխանցմամբ՝ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս: «Պետական սահմանի մասին» օրենքի լրացմամբ առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ էլ կհստակեցվեն սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:

 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՀԱՆՎԵՆ

Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական եւ նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը, եւ երեխաների խնամքի եւ կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի եւ քնի ժամանակ երեխաների միջեւ սոցիալական հեռավորություն եւ սանիտարական կանոնների պահանջները։




Լրահոս