ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ 15 ԿԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որտեղ նշել էր, որ իր կառավարությունն այս 6 ամիսներին զբաղված է լինելու դրանց իրագործմամբ: Ավելին՝ Փաշինյանը նշել էր, թե հունիսին ինքը հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին գործադիր մարմինը փորձում է այդ կետերի իրագործման հետ կապված քայլերն ամփոփել, քանի որ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա նախընտրական քարոզարշավի ժամանակ դրանք ներկայացնել ու հայտարարել, որ իրենք ինչ խոստանում են, դա անում են: Ու նաեւ դա է եղել պատճառը, որ մայիսի 6-7-ի գիշերները ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստեր հրավիրեց ու արագ-արագ անցկացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները (ճանապարհային քարտեզում ԸՕ-ի փոփոխությունը եւս ներառված է եղել): Բայց հայրենի կառավարությունը դժվարին կացության մեջ է այն բանի համար, որ այդ նույն ճանապարհային քարտեզում առկա են այնպիսի կետեր, որ առաջիա օրերին անհնարին է իրագործել, որպեսզի Փաշինյանը կարողանա հայտարարել, թե իրենք ճանապարհային քարտեզը կյանքի են կոչել, ինչի համար էլ գնում են ԱԺ արտահերթ ընտրությունների: Նույն ճանապարհային քարտեզում նշված էր գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, որը չի կատարվել, տնտեսական ակտիվության վերականգնում, Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ, Զինված ուժերում բարեփոխումներ եւ այլն: Այս ամենը որեւէ ձեւով 44-օրյա պատերազմի ավարտից հետո իրականություն չեն դառնում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի թիմը լծված է այս ճանապարհային քարտեզը ներկայացնել այնպես, իբրեւ թե 15 կետն էլ իրենք կարողացել են իրականացնել:

 

 

 

Հայաստանում 88.8 ՄՀց հաճախականության վրա այս օրերին FM ռադիոհաղորդում թուրքերեն լեզվով հաղորդումներ ու երգեր են միանում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչպես է դա հնարավոր. նախկինում հայերեն հաղորդումներ ու երգեր էին, հիմա՝ թուրքերեն: Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են. «Տվյալ ռադիոալիքի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանավորված է այն հեռարձակող հաղորդիչների հզորությամբ ու ռելիեֆով, եւ նույն կերպով Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ թուրքական քաղաքներում հասանելի են հայկական ռադիոալիքները»: Միեւնույն ժամանակ ԱԱԾ-ից հորդորել էին դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Եվ, ահա, նախարարությունից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին. «Ապրիլի 8-ին տեղորոշմամբ պարզվել է, որ հեռարձակումն իրականացվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում գործող ռադիոահաղորդակից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ եւ պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա՝ այն պայմանով, որ չեն խոչընդոտում այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին»: Միեւնույն ժամանակ նրանք նշել են, որ սա չի խանգարում ՀՀ-ում գործող որեւէ ռադիոհեռարձակող սարքի: Այսինքն՝ նորմալ է, որ թուրքերեն հաղորդումները հասանելի են դարձել ու կմնան այդպիսին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սեւանում գտնվող առանձնատան տարածքում չափագրումներ են իրականացվում, ինչը նշանակում է, որ առաջիկայում այդ տարածքում կրկին ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվելու: Ինչպես հայտնի է, դեռ 2020թ. սեպտեմբերի 6-ին Սեւանում ապամոնտաժվեցին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան տարածքում գտնվող այն շինությունները, որոնք տեղակայված են սահմանված նիշից (1903 մ-խմբ.) ներքեւ։ Այդ ժամանակ հայտարարվեց, թե ապամոնտաժումը արվում է Վլադիմիր Գասպարյանի համաձայնությամբ եւ գիտությամբ: Սակայն այժմ, փաստորեն, չափագրման նոր աշխատանքներ են կատարվելու, եւ կրկին ապամոնտաժում կկատարվի: Նշենք, որ տարածքը Գասպարյանի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անունով է գրանցված։ Շքեղ ամառանոցը գտնվում է Սեւանի արեւելյան ափում՝ Սեւան-Շորժա ճանապարհի հարեւանությամբ՝ Ծիծեռնակ եւ Դրախտիկ գյուղերի միջեւ ընկած հատվածում։ Երկու պարսպով պաշտպանված, ներսում փոքր մատուռով հսկա տարածքն առաջին անգամ կառուցապատվել է 2004-ին։ Փաստորեն՝ հետպատերազմական Հայաստանում միակ խնդիրը, որ մնացել է լուծելու, Գասպարյանի առանձնատան որոշ մասերն են. դա որ քանդվի, մնացած հարցերը ինքնաբերաբար կկարգավորվեն:

 

 

 

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 հազար 983 դրամ` ամսական կտրվածքով: Նշենք, որ պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել եւ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի: Իսկ պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին, օրական 2412.1 կկալ է, բայց անցյալ տարի Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ: Մի շարք մասնագետներ համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: «Ժողովուրդ»  օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 35 հազար 983 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18?6 գրամ ձու եւ այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը  երեւանյան սուպերմարկետներում, խանութներում շուրջ 270-280 դրամ է կազմում: Ձկնամթերքի՝ «Իշխան»  ձկնատեսակի 100 գրամը 200-220 դրամ է կազմում: Երկու հատ ձուն 80-85 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 140 դրամի սահմաններում: Սրան զուգահեռ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 43 հազար 590 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Կոմունալ վճարների, հագուստի, կոշիկի եւ խիստ անհրաժեշտ դեղորայքի մասին ուղղակի լռում ենք: Դե արի,  պատշաճ սնվիր ու ապրիր։

 

 

 




Լրահոս