3 տարի անց նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ դատարան է ուղարկվել Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Աշոտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության եւ «Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերության օրինական շահերին: Ինչպես հայտնի է, հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:
Դատախազի համաձայնությամբ ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց այս գործից մանրամասներ էր հայտնել. մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարներ առաջ անձամբ էր բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ էր պահել իր վերադասներին: Օրինակ` զորամասերից մեկում պետք է կառուցվեր 10 քառակուսի մետր զինանոց, արդյունքում ՊՆ հատկացրել է համապատասխան շինարարական տեխնիկան՝ զինոնցը պատրաստելու համար: 10 քառակուսի մետր զինանոցի փոխարեն կառուցվել են 9 քառակուսի մետր զինանոց, սակայն ՊՆ փաստաթղթերում ներկայացրել են, թե ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում: Ասել է թե` 1 քառակուսի մետրի համար նախատեսված քարը, շինանյութի համար հատկացված գումարը համապատասխան պաշտոնատար անձինք մեջ-մեջ են արել: Եվ, ահա, այս ամենը Աշոտ Գրիգորյանը զեկուցել է իր վերադասներին:
Ավելին` դեռեւս 2017 թվականին գործը հասել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս, տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որպեսզի Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն` անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավական խիստ է խոսել նրա հետ: Ի դեպ, Գրիգորյանը դեռեւս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ժամանակներից է աշխատել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում: Նա Սերժ Սարգսյանին ներկայացնում է իրավիճակը` հայտնելով, որ ինքն է անձամբ բացահայտել խնդրի մասին, ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է կատարվածի մասին: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա եւ զբաղվի իր աշխատանքով:
Եվ, ահա, իշխանափոխությունից հետո աղմկահարույց գործին իրավապահները ընթացք են տվել, սակայն այստեղ ուշագրավն այն է, որ Աշոտ Գրիգորյանը ՊԵԿ քննչականում ցուցմունք տալու ժամանակ հայտնել է, որ կատարված չարաշահումները ինքն է բացահայտել եւ այդ մասին անձամբ տեղյակ է պահել իր վերադասներին: Չի բացառվում, որ նրա այս ցուցմունքն է հիմք դարձել, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժինը հարցաքննելու հանար ծանուցումներ է ուղարկել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն նկատենք, որ մեղադրյալի աթոռին հայտնվել է միայն Աշոտ Գրիգորյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են ծանր հանցագործության դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք-ի եւ Երեւան քաղաքի բնակիչ Ա. Մ-ի միջեւ տարիների ընթացքում ձեւավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է տվել մշտապես ընդգծել իր անձնային առավելությունը Հ.Ք-ի նկատմամբ, ինչի պատճառով Հ.Ք-ն խուսափել է նրա հետ շփումներից: Գիտակցելով Հ.Ք-ի նկատմամբ առավելություն ունենալու հանգամանքը եւ օգտվելով նրա խոցելի վարքագծից՝ Ա. Մ-ն Հ.Ք-ի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով 2021 թվականի մայիսի 3-ին կայացած հերթական հանդիպման ընթացքում Հ.Ք-ից շորթման եղանակով պահանջել է խոշոր չափերի՝ 627.410 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո գումար, ինչի արդյունքում վերջինս հարկադրված տվել է իր համաձայնությունը:
Նախկինում ավազակություն կատարելու համար դատապարտված Ա.Մ-ն, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, 2021 թվականի մայիսի 6-ին Աբովյան քաղաքում Հ.Ք-ից ստացել է շորթման եղանակով պահանջված 1.000 եվրո գումարը եւ փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում բռնվել եւ բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շորթված գումարն ամբողջությամբ: Խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Մ-ն ձերբակալվել է: Ա.Մ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Երեւանում նախօրեին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»-Ը ՀԱՅՏՆԻ Է
Մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազութունը հայտնել էր, որ հայտնաբերվել եւ ձերբակալվել է «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը: ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է արդեն կալանավորված «օրենքով գողը»: Վերջինս «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանն է՝ բոլորին հայտնի Ժիրայր Շահումյանսկին, որին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ ի՞նչ է արել նա: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Շ. Ժ. մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակությանը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելու միջոցով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետեւ իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։ Այդ նպատակով նա հանձնարարել է Կ.Հ. մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը Կ.Հ. մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, որը երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող Պ. մականվամբ անձի թեկնածությունը, որը ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները եւ 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի եւ այլնի տեսքով դրսից բերված «գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել: Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործը կրկին քննում է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Մարգարյանը, որին դեռեւս անցած տարի քրեական ենթամշակույթի դեմ անխոնջ պայքար մղելու համար գնդապետի կոչում էին տվել: Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա նորաթուխ գնդապետը: Նա քննել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ