ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա՝ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները եւ ծրագրերը Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

 

Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես եւ շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Աշխարհագրություն» առարկաների, «Արվեստ» ինտեգրված դասընթացի եւ «Հայագիտություն» («Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը եւ աշխարհը», «Հայոց պատմություն» առարկաներ) բնագավառի չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկումը փուլային տարբերակով կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից ընտրված դասարաններում: 1-ին տարվա ընթացքում դրանք կփորձարկվեն 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ10-րդ, երկրորդ տարում՝ 1-ին, 2-րդ  3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ, իսկ երրորդ տարում՝ բոլոր դասարաններում: Նախատեսվում է իրականացնել հանրակրթական եւ նախնական ուսումնական հաստատությունների ուսուցչական եւ դասախոսական անձնակազմերի ու տնօրենների լայնածավալ վերապատրաստումներ, ինչպես նաեւ ուսումնական նյութերի մշակումներ: Բացի դրանից, բոլոր դպրոցներում կստեղծվեն նոր չափորոշիչներով դասավանդման համար անհրաժեշտ լաբորատոր եւ այլ ենթակառուցվածքներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչները կլրամշակվեն եւ 2023 թվականից կրկին փուլային տարբերակով կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում մինչեւ 2026 թվականը:

Նշենք, որ մինչ հաստատվելը չափորոշիչներն անցել են հանրային եւ մասնագիտական քննարկումների տեւական փուլ. դրանք քննարկվել են ուսուցչական, դասախոսական համայնքների եւ ոլորտի մասնագետների հետ: Աշխատանքային խմբերում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետներ, որոնք մշակել են չափորոշիչները, ապա դրանք հավելյալ քննարկվել են մասնագիտական առանձին խմբերի հետ՝ ի դեմս ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ԳԱԱ-ի եւ այլն: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա՝ դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են:

Հավելենք, որ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի եւ չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում մշակվել են հետեւյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն: Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների եւ մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում էլ մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) չափորոշիչները: Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

 

 

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՍՏԵՂԾԵՆ

ArmLur.am-ը տեղեկացավ՝ Կառավարության որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի համաձայն՝ կառավարությունն ունի իրավունք ռազմական դրության ողջ ընթացքում տնօրինել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող գույքը՝ պայմանավորված պետության կարիքների անհրաժեշտությամբ, եւ քանի որ ռազմական դրությունը հանվել է, հիմա կառավարությունը պարտավոր է փոխհատուցել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ նրանց պատկանող գույքը տնօրինելու դիմաց։

 

Այդ նպատակով գործադիրն ընդունել է որոշում, որով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, գույքին պատճառված վնասի կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում, դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա, տրվում է համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ չափով:

Եվ, ահա, միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրելու է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ներկայացրած փաստաթղթերը եւ 30-օրյա ժամկետում փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկությունները, դրանք ներկայացվելու են վարչապետի աշխատակազմ կառավարության քննարկմանը դնելու նպատակով, ընդ որում՝ փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաեւ առաջարկվող փոխհատուցման չափը։

Հավելենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվեց ռազմական դրություն եւ հանվեց պատերազմի ավարտից 4 ամիս անց՝ 2021 թվականի մարտի 24-ին։

 

ՆՈՐ ԳՈՒՅՔ ԿՍՏԱՆԱ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում առկա եւ Նալբանդյան 28 հասցեի վարչական շենքում գտնվող գույքի մի մասը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Կառավարության որոշումից ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախարարությանն ամրացվելու է մոնիտորներ, համակարգիչներ, տպիչներ: Բացի այս, տրամադրվելու է երկու բազկաթոռ, աթոռ, ինչպես նաեւ շարժական աթոռ:

 

 

83 ՆՈՐ ԴԵՊՔ

Մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219353 դեպք, որոնցից 205200-ը` առողջացած, 4249-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8863 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1016681 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 1790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք: Ունենք 622 առողջացած եւ 15 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1041 է:

 

 

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար «Վերջին զանգի» միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանն ասել է. «Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ հորդորում ենք փորձել միջոցառումը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, իհարկե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը, պահպանելով անվտանգության կանոնները»:

Նախարարի տեղակալի պաշտոնակատարի պնդմամբ՝ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան «Վերջին զանգ»-ի դրամահավաքներից: «Արդեն իսկ ստանում էինք այդ գործընթացի հետ կապված ահազանգեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ցանկացած իրավիճակում խուսափել դրամահավաքներից: Կարծում եմ, որ մենք երբ խոսում ենք ուսումնական պրոցեսը վերաիմաստավորելու մասին, կարեւոր է հասկանալ, որ գումարը չէ, որով որոշվում է գործընթացին տրվող նշանակությունը»,- ասել է նա:

 

 




Լրահոս