ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկն արդեն տրվել է, եւ հաստատվել է նոր կարգ: Նախ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ 18:00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում արդեն հաստատվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հունիսի 20-ի ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների, եւ կգործի քվեարկության նոր կարգ. քաղաքացին պետք է ընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը եւ դնի ծրարի մեջ, այսինքն՝ ընտրատեղամասերում գրչի կարիք այլեւս չի լինի։ Միեւնույն ժամանակ ամբողջությամբ ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր ապրիլի 28-ին: Այս փոփոխություններով նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն է լինելու։ Օրինակ՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը կպատժվեն մինչեւ երեք տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք տալը կամ խոստանալն արդեն ծանր հանցագործություն է համարվում, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։ Առաջիկա օրերին նաեւ կհրապարակվի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Նախորդ ընտրություններին շուրջ 2 միլիոն 600 հազար էր այդ  թիվը, սակայն տարեցտարի ընտրություններին մասնակցողների թիվը պակասում է, իսկ, ահա, մասնակից ուժերի թիվն ավելանում է: 2018 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցել էր 1 261 105 ընտրող, եւ պայքարում էր 11 ուժ, որից միայն երեքն անցան խորհրդարան: Համեմատության համար նշենք, որ 2017թվականի հերթական ընտրությունների ժամանակ պայքարում էր 7 ուժ, եւ ընտրություններին մասնակցել էր 1 574 268 մարդ, այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո 313 հազարով պակասել էր մասնակիցների թիվը: 2017-ին ընտրությունների արդյունքում խորհրդարան էր անցել չորս ուժ: Այս արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու մասին արդեն հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Դաշինքով է պատրաստվում մասնակցել ՀՀԿ-ն՝ «Հայրենիք» կուսակցության հետ միասին ձեւավորելով դաշինք։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի եւ «Վերածնվող Հայաստանի» հետ միասին «Հայաստան» դաշինքով կմասնակցի։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս ակտիվ պատրաստվում է հունիսի 20-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին: Մենք տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս օրերին լինելու է Աղվերանի հյուրանոցներից մեկում, որտեղ թեժ քննարկումներ են ընթանում։ Լուսավորականները որոշել են առանձնանալ, որպեսզի կարողանան դետալ առ դետալ քննարկել ընտրություններին մասնակցելու իրենց ձեւաչափի, ընտրական ծրագրի, ցուցակի անդամների հետ կապված հարցերը: Բանն այն է, որ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար, ու նաեւ այդ հարցերում է կուսակցությունում թեժ քննարկումներ ընթանում: Կարծես թե հստակեցվում է մի բան, որ ԼՀԿ-ի ցուցակի առաջին կինը ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն է լինելու: Լուսավորականները նաեւ պատրաստվում են համագումարի. շաբաթ Երեւանում համագումար կանեն, որտեղ տարբեր հարցերի հետ կապված հստակեցումներ կմտցնեն: Ի դեպ, հստակ է նաեւ մի բան, որ ԼՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը: Մենք փորձեցինք ԼՀԿ-ի նախընտրական ցուցակների վերաբերյալ տեղեկությունները ճշտել ԱԺ «Լուսավոր Հայաստան » խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից, որը հայտարարեց, որ ցուցակների հարց իրենք դեռեւս չեն քննարկել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի մայիսի 5-ին վերսկսել է 2016-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործի վարույթը: Նշենք՝ գործի կասեցման ժամանակ գործով քննիչ Բեգոյանը պատճառաբանել էր, որ այս ամբողջ ժամանակահատվածում կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները, եւ հնարավոր չի եղել պարզել որպես մեղադրյալ ենթակա ներգրավման անձանց ինքնությունը: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո՝ 2018-ին եւս ՀՔԾ-ն կասեցրեց այս գործի քննությունը նույն հիմքով, ինչը հարուցել էր գործով անցնող լրագրողների վրդովմունքը, եւ նրանք դիմել էին դատարան, բողոքարկել, որ գործը կասեցումից հանվի։ Դատարանը բավարարել էր լրագրողների պահանջը, ՀՔԾ-ն գործի քննությունը կասեցումից հանել էր եւ շարունակել քննությունը, սակայն երկու տարի անց կրկին նույն որոշումն է կայացվել։ Նշենք, որ այս գործով ավելի քան 10 լրագրող է անցնում տուժողի կարգավիճակով։  2016-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին, հիմնականում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել էին Սարի թաղում բողոքի ակցիան լուսաբանող ցուցարարների եւ լրագրողների վրա: Ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակներից վնասվածքներ էին ստացել տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։ Տուժել էին նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչները: Եվ այժմ զարմանալի է, որ, արտահերթ ընտրություններին ընդառաջ, գործի վարույթը կրկին վերսկսվել է: Չի բացառվում, որ, ընտրություններին ընդառաջ, իրավապահ համակարգի ներկայացուցիչները այս հանգամանքը ցանկանում են որպես մահակ օգտագործել եւ ճնշել հնարավոր մեղադրյալներին:

 

 

 

 

Հայաստանում նվազում է ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը, այլեւ անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 75 մլրդ 417.6 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում: «Ժողովուրդ»  օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 3 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 87 մլրդ 540 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.7 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 8 մլրդ 204 մլն 600 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.5 տոկոսով: Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրների մասին նախօրեին՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ, բարձրաձայնեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով. «Չունենք գյուղատնտեսության նախարարություն, եւ գյուղացին այսօր՝ հենց հիմա, մեր մարզում գոնե շատ մարդիկ չեն կարողանում իրենց գյուղատնտեսական արտադրանքը իրացնել։ Ես տեղյակ եմ պահել նաեւ էկոնոմիկայի նախարարությանը, բայց որեւէ հարցով սայլը տեղից չի շարժվում: Ու շարունակվում է այն գործելաոճը կամ այն սկզբունքները գյուղատնտեսության ոլորտում, որ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսությամբ, շարունակում է կքել վարկերի տակ եւ աղքատանում է, իսկ խոշոր գործարարները զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ ավելի են հարստանում: Այս գործելաոճը շարունակվում է նաեւ հետհեղափոխական Հայաստանում»։ Այնպես որ, Վիճակագրական կոմիտեի արձանագրած ցուցանիշները սպասելի են:

 




Լրահոս