«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նա նշեց, թե իրենց իշխանությունը չի վախենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, եւ հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանը շանս չունի արդար ընտրություններով իշխանություն ստանալու:
-Տիկի՛ն Ջուլհակյան, մայիսի 9-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ «Հայաստան» դաշինքի անդամների հետ հանրահավաք իրականացրեց Ազատության հրապարակում եւ հետհաշվարկով ժամանակ տվեց այս իշխանություններին: Ինչպե՞ս կարձագանքեք:
-Ես պետք է ասեմ, որ ժողովրդական ասացվածք կա՝ վատն է այն զինվորը, որ չի ուզում դառնալ գեներալ: Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը հերթական որոնումների մեջ է գեներալ դառնալու հարցում, եւ նրան հաջողություն եմ մաղթում հաշվարկների մեջ: Հուսանք, որ նա թվերը ճիշտ կհաշվի եւ տեղ կհասնի:
-Ի՞նչ եք կարծում, նա ունի՞ վստահություն, որ դառնա վարչապետ:
-Ես տեսել եմ, որ Դուք հարցումներ եք անում տարբեր վարչական շրջաններում եւ լսում եք մարդկանց պատասխանները: Ձեր կարծիքով՝ ունի՞ Ռոբերտ Քոչարյանը հաղթելու շանսեր:
-Ձեր իշխանությունը վախենո՞ւմ է նրանից:
-Ոչ, բնականաբար: Նա սարսափելի՞ է՝ կարծում եք:
-Ասում են՝ Քոչարյանն այն ուժն է, որ կարող է փոխել ձեր իշխանությանը: Դուք մտավախություն ունե՞ք:
-Քոչարյանը շանսեր չունի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով ստանալ իշխանություն: Ավելին՝ երբեք էլ չի ստացել, եւ նոր հորիզոններ նրան չեն սպասում, եւ որեւէ մտավախություն այս առումով մեր իշխանությունը չունի:
-Հանրությունը չի՞ հիասթափվել ձեզանից:
-Եթե անգամ ժողովուրդը հիասթափվել է մեր իշխանությունից, դա չի նշանակում, որ սկսել է այլ կերպ վերաբերվել այս իշխանություններին: Հանրությունն արդեն ապրել է նրա օրոք, 10 տարի «վայելել է» Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը եւ շատ լավ հիշում է: Իհարկե, նա ունի աջակիցներ, չի կարող չունենալ, բայց մենք հրապարակում չենք տեսել այնպիսի զանգված, որ մտածենք, թե ունի սուպերաջակցություն: Թվեր են հրապարակվել, եւ տեսել եք:
-Կա՞ մի քաղաքական ուժ, որի հզորությունը ձեզ մտահոգում է, եւ մրցակցում եք:
-Առհասարակ, մեզ չի անհանգստացնում ոչ մի քաղաքական ուժի հզորությունը: Մեզ անհանգստացնում է, որ պետք է լինեն արդար ընտրություններ, եւ ամեն ինչ անելու ենք, որ ժողովուրդը շարունակի պահպանել իր իշխանությունը: Եվ ում էլ ընտրի ժողովուրդը, նա էլ կդառնա իշխանություն: Զավեշտալիորեն մեզ ընտրություններ կեղծելու մեջ մեղադրում են ուժեր, որոնք ժամանակին աչքի են ընկել բնավ ոչ մաքուր ընտրություններով: Եվ զավեշտալի է, որ հենց այդ ուժերն են մեր կողմը սլաքներ ուղղում այն դեպքում, երբ մենք որեւէ կերպ աչքի չենք ընկել ընտրական գործընթացների խաթարմամբ:
-Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ ՀՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ: Նրանց ե՞ւս մրցակից չեք համարում:
-Այդ անձինք որեւէ կերպ ռեյտինգ չունեն: ՀՀԿ-ն այն ուժն է, որը 2018 թվականին հանրության կողմից մերժվել է, նաեւ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հարցումներն ուսումնասիրելով՝ մենք հասկանում ենք, որ նրանք այժմ էլ շանս չունեն: Իսկ Արթուր Վանեցյանի շանսերն ավելի փոքր են, քան ՀՀԿ-ի շանսերը: Հանրությունը ճանաչում է Արթուր Վանեցյանին:
-Նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է քննադատում ձեզ, Դուք էլ եղել եք իր թիմում:
-Այո, ես եղել եմ նրա համակիրը 2008 թվականի շարժման ժամանակ: Իր խոսքով ասած, ես եղել եմ ավազակապետական ռեժիմի տապալման պայքարի մարտիկ: Եվ ժամանակին ես համարել եմ, որ դա արդյունավետ է, եւ մասնակցել եմ առաջին նախագահի կողմից կազմակերպված հավաքներին: Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել նրա հռետորաբանության հետ, բայց ցավում եմ, որ նա Փաշինյանի դեմ պայքարի միջոցների հարցում խտրականություն չի դնում: Ցավում եմ, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նա ստիպված է լինում փոխել իր որոշումները: Ես դա պայմանավորում եմ նրանով, որ նա չի ցանկանում լինել երկրի ղեկավար՝ չնայած այն բանին, որ հաղթանակ է գրանցել առաջին պատերազմում, սակայն հետո մերժվել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ՝ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 28-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ուժի մեջ է մտել:
Իշխանությունները նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն են սահմանել։ Օրինակ՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը կպատժվեն մինչեւ երեք տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք տալը կամ խոստանալն արդեն ծանր հանցագործություն է համարվում, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։
Տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը կամ, օրինակ, հանրահավաքի մասնակցելու համար դրամական խրախուսումը, այսինքն՝ փող տալը, որպեսզի մարդիկ հանրահավաքի մասնակցեն, կամ, օրինակ, պատգամավորի թեկնածուի կողմից երկքաղաքացիություն ունենալու փաստը թաքցնելը կամ քարոզարշավի խոչընդոտելը. այս արարքները նոր են քրեականացվել։ Բոլոր այն ընտրություններին, որոնք կլինեն այսուհետ, այդ հոդվածները գործելու են։ Ընդ որում, հանրահավաքների վերաբերյալ հոդվածը ոչ միայն ընտրությունների ժամանակ է գործելու, այլ առհասարակ ցանկացած հանրահավաքի ժամանակ։ Հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը կամ պարտադրելը, որպեսզի մարդիկ մասնակցեն հանրահավաքի, այլեւս քրեական հանցագործություն է:
Այս փոփոխությունները կգործեն արդեն նաեւ հունիսին նախատեսվող արտահերթ ընտրություններին:
Մայիսի 7-ին էլ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։ Փոփոխությունների մեծ մասը, սակայն, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից եւ չեն կիրառվի առաջիկա արտահերթ ընտրություններում։
ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ
Հայաստանի ճանապարհների ոչ սարքին վիճակը խիստ զայրացնում է վարորդներին. մեր հանրապետության ճանապարհների մեծ մասը փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները վնասվում են: Դրանք ոչ միայն անհարմարություններ են առաջացնում մեր քաղաքացիների համար, այլեւ մեծ հարված են հասցնում վարորդների գրպաններին: Այս անլուծելի թվացող խնդիրը՝ ճանապարհների անբարեկարգությունը, թվում էր, թե հետհեղափոխական Հայաստանում լուծում է ստանում: Ավելին՝ գործող կառավարությունն ամեն պատեհ ու անպատեհ առիթի Հայաստանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները համարում է մեծ ձեռքբերում, բայց որակի մասին, կարծես թե, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը լռում է: Ճիշտ է, գործող իշխանությունը հանրապետությունում լայն թափով սկսեց ասֆալտապատել ճանապարհները, բայց, միեւնույնն է, ավտոճանապարհների ասֆալտն ընդամենը մեկ սեզոն է դիմանում, երբեմն էլ՝ օրեր: Օրինակ՝ Երեւան-Էջմիածին միջպետական ճանապարհի մեծ հատվածը դեռ 20 օր առաջ հիմնանորոգվեց, բայց այսօր այդտեղ արդեն հասցրել է փոս առաջանալ: Ինչպես հայտնի է, կառավարությունը յուրաքանչյուր տարի ավտոճանապարհներն ասֆալտապատելու համար միլիարդներ է ծախսում, բայց կարճ ժամանակ անց այն կրկին նորոգման կարիք է ունենում: Բայց ամենից շատ վարորդներին զայրացնում է փողոցների կարկատաններն ու բարակ, լղոզած ասֆալտը, որը մի քանի կաթիլ անձրեւից հետո անմիջապես քայքայվում է:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում երիտասարդները սկսել են շատ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 816-ով ավելացել է ամուսնությունների քանակը. օրինակ՝ այս տարվա հունվար-մարտին գրանցվել է ամուսնության 4284 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնության գրանցված դեպքերի քանակը կազմել է 3468: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է ամուսնալուծության 893 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 946: Թե ինչն է ամուսնալուծությունների պատճառը, պաշտոնական որեւէ տեղեկություն չկա: Բայց որոշ մասնագետներ պնդում են, որ հիմնականում սոցիալական եւ ֆինանսական խնդիրների պատճառով են ամուսնական զույգերը բաժանվում: Ավելին՝ շատ երիտասարդներ նախընտրում են չամուսնանալ բնակարան եւ մշտական աշխատանք չունենալու պատճառով: