ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է՝ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Բաքուն կատարել է գերիների վերաբերյալ բոլոր պարտավորությունները:

 

«Ադրբեջանը կատարել է հայկական կողմին գերիներին վերադարձնելու պարտավորությունները, բացի այդ, ադրբեջանական կողմի մասնակցությամբ կազմակերպվել են որոնողական աշխատանքներ, որոնք իրականացվել են ծանր կլիմայական եւ աշխարհագրական պայմաններում, անցած 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել եւ հայկական կողմին է փոխանցվել ավելի քան 1600 մարմին»,- ասել է Բայրամովը:

Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը կատարում է պահվողների նկատմամբ մարդասիրական իրավունքի բոլոր պահանջները:

«Այդ մարդկանց կարող են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները, Ադրբեջանի օմբուդսմենը, փաստաբաններ եւ բժիշկներ, նրանց տրվել է ազգականների հետ հեռախոսով եւ տեսակապով շփվելու հնարավորություն»,- ասել է Բայրամովը՝ պնդելով, թե ժամանակին հայկական կողմի մոտ պահվող ադրբեջանցի գերիները նման հնարավորություններ չեն ունեցել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին էր աշխատանքային այցով ժամանել Բաքու: Ադրբեջանի նախագահը նրան ընդունել էր նույն օրը, իսկ երեկ տեղի ունեցան Սերգեյ Լավրովի բանակցություններն ադրբեջանցի պաշտոնակցի հետ։

Իլհամ Ալիեւը երեկ հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը եւ մի շարք կոշտ հայտարարություններ արել, իսկ Լավրովին ընդունելիս հայտարարել է, որ Բաքուն Մոսկվայից ակնկալում է աջակցություն, եւ ընդգծել, թե ռուս խաղաղապահները գտնվում են իր երկրի տարածքում։

Ի դեպ, մինչեւ Լավրովին ընդունելը Ալիեւը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ավելի վաղ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերթական հայտարարություններն էր արել, մասնավորապես՝ թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, եւ այն քննարկելն անիմաստ է։ «Ես նորից եմ ուզում ասել այն, ինչ պատերազմից հետո բազմիցս ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ադրբեջանը լուծեց այդ հակամարտությունը միայնակ՝ թե՛ ռազմի դաշտում եւ թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, նոյեմբերի [լույս] 10-ին ստորագրված փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է։ Ադրբեջանում գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր», – պնդել էր Ալիեւը։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Ալիեւը երեկ հեռուստահարցազրույցում ասել է նաեւ, թե երկաթգիծը Զանգեզուրում կառուցվելու է, եւ որ երկաթգծի հետ կապված հարցը Բաքուն քննարկում է առաջին հերթին Մոսկվայի հետ, քանի որ Հայաստանի երկաթգծերը պատկանում են Ռուսաստանի պետական ընկերությանը։

Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Լավրովը խոսել է նաեւ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին՝ ասելով, թե խնդիրը բարդ է, սակայն լուծելի։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տրանսպորտային ապաշրջափակմանը։ Լավրովը մասնավորապես նշել է, որ եռակողմ հանձնաժողովն աշխատում է, մանրակրկիտ ուսումնասիրում է տարբեր երթուղիները, եւ եթե խնդիրը կարգավորվի՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, հարավկովկասյան տրանսպորտային հաբը լուրջ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ տարածաշրջանից դուրս։

Հավելենք, որ արդեն Բաքվում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ։

Ն.Հ.

 

 

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա՝ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ այս տարվա փետրվարից մինչեւ մայիսի 4-ը Երեւանի Քեռու փողոցի տներից մեկում, առանց պետական գրանցման եւ առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, վարձու խաղավարի միջոցով կազմակերպել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում 100, 200, 500, 1000, 5000 եւ 25.000 դրամին համարժեք խաղաքարերով խաղադրույքներ ընդունելու եւ մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից որոշակի չափով գանձումներ կատարելու եղանակով օրական ստացել է շուրջ 200 հազար դրամի շահույթ եւ չի վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։ Ոստիկանության ծառայողները հիշյալ տարածքում հայտնաբերել են խաղատնային բազմատեսակ պարագաներ, որոնք առգրավվել են: Հայտնաբերվել է նաեւ մարիխուանայի նմանվող զանգված։

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Երեկ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ներկայացվեց շուշեցի հայազգի ճարտարապետների ստեղծագործությունները, որոնց ճարտարապետական մտքի եւ կարողության շնորհիվ, ի թիվս այլոց, Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի: Միջոցառման նախաձեռնողը ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ, պաշտոնական գերատեսչությունների եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշեց, որ շատ ուրախ է, որ միջոցառումը կայացավ, եւ այսպես գոնե կհիշատակենք մայիսյան եռատոնը։ Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման միջոցառում կազմակերպելու համար: Այս ցուցադրության իրականացման գործում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին օժանդակել է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը 90-ականներին աշխատել է պրոֆեսոր Էդմոն Տիգրանյանի հետ, որը լուրջ աշխատություն է հեղինակել։

 

 

ԿԱՊ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին տեղեկանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաեւ հեռախոսազանգերի եւ նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ:

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-մարտ ամիսներին պանրի արտադրության ծավալները նվազել են 0.6, թթվասերինը՝ 7.2, մածունինը` 8.5, իսկ կաթնաշոռինը` 3.6 տոկոսով: Իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա երեք ամիսներին 4 տոկոսով պակասել են: Ոլորտի մասնագետներից մի քանիսը ArmLur.am-ի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կաթնատվության կրճատման հետ: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստան նախորդ տարի ներմուծվել է 7 հազար 985,6 տոննա կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հայաստանը կաթի փոշի ներկրել է Ռոուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Մենք` սպառողներս, բնականաբար նախընտրում ենք բնական սննդամթերք: Բայց, արի ու տես, արտադրողը շատ էժան գնով կաթի փոշի է ներկրում եւ դրանից կարողանում ավելի ցածր գնով կաթնամթերք ստանալ եւ վաճառել, ինչը բացասական ազդեցություն է ունենում գյուղացիներից մթերվող կաթի սպառման վրա: Այսինքն` գյուղացին կաթի մեկ լիտրը վերամշակող ընկերությանը վաճառում է 100 դրամով: Այս գինը գյուղացիների համար ցածր է, քանի որ ծախսերը չի ծածկում: Բայց, մյուս կողմից էլ, մասնագետների խոսքերով՝ կաթի փոշին մեր երկրի կաթնամթերքի ոլորտում խիստ անհրաժեշտ է, քանի որ երբ երաշտ է լինում, եւ կաթը չի բավականացնում, կաթի ընդհանուր պահանջարկի մեկ երրորդը կաթնարտադրությունը չի կարողանում ապահովել, եւ այդ պակասը լրացվում է կաթի փոշու հաշվին:

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ավարտել է դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին ասել է  ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը: «Այս տարի Արցախի ու ՀՀ բուհեր է դիմել 13 360 քաղաքացի: ՀՀ-ից քննություն հանձնելու համար դիմել է 5 185 հոգի «Մաթեմատիկա» առարկայի համար, «Անգլերենի» համար՝ 4 342, եւ «Հայոց լեզու եւ հայ գրականության» համար՝ 4074-ը: Արցախից «Մաթեմատիկա» առարկայի համար դիմել է 207 մարդ, «Անգլերենի» համար՝ 96, իսկ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի համար՝ 322»,- նշեց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ անվճար տեղերի համար քննություն է հանձնել 1 824 հոգի, իսկ վճարովի տեղերի՝ 21 820: Հայտեր ներկայացնելու գործընթացը սկսվել էր ապրիլի 15-ին, ավարտվել է մայիսի 10-ին:

 

 




Լրահոս