ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՐԻՉ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին եւ տեւելու է մինչեւ հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն: Հապատասխան որոշումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում:

 

ՀՀ ազգային ժողովի՝ 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչեւ 2021 թվականի մայիսի 26-ը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչեւ ժամը 18:00-ն, այն է՝ 2021 թվականի մայիսի 26-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է ժամկետ՝ 2021 թվականի մայիսի 26-ից մայիսի 30-ը: Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են մայիսի 31-ին:

Աշխատանքներ են տարվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնվազն 1500 ընտրատեղամասում տեղադրված լինեն տեսախցիկներ, որոնք կապահովեն ուղիղ հեռարձակում: Այս մասին նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բոլոր ընտրատեղամասերում են լինելու տեսախցիկներ, որոնք ապահովելու են ուղիղ հեռարձակում: «Այս փուլում տարվում են աշխատանքներ: Տեսախցիկների տեղադրումն ընտրությունների ժամանակ իրականացվում է կառավարության կողմից ընտրված կազմակերպության միջոցով: Մենք տեղեկացված ենք, որ այս պահին աշխատանքներ տարվում են»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ նախկին ընտրությունների ժամանակ 2009 ընտրատեղամասից տեսախցիկներ տեղադրված եղել 1500 տեղամասերում, որտեղ քվեարկում է ընտրողների ճնշող մեծամասնությունը: Միայն հեռավոր բնակավայրերում շատ փոքր թվով ընտրողների ունեցող տեղամասերում է, որ տեսախցիկներ չեն եղել:

«Այս անգամ աշխատանքը տարվում է այնպես, որ 1500 տեղամասերը պետք է ծածկվեն»,-ասաց ԿԸՀ նախագահն ու հավելեց՝ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնեն այն ժամանակ, երբ աշխատանքները մեկնարկեն:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ քարոզարշավը դեռ չսկսած որոշ քաղաքական ուժերի պաստառներ արդեն փակցված են՝ նա ասաց, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում՝ բացառապես ընտրական օրենսգրքի մասնակից սուբյեկտների նկատմամբ, իսկ այս փուլում դեռ չկան գրանցված թեկնածուներ:

«Երբ թեկնածուները գրանցվում են, դրանից հետո սկսվում է քարոզչության փուլը, գործում են քարոզչության կանոնները, եւ սկսվում է համապատասխան վերահսկողություն՝ նաեւ քարոզչական պաստառների հետ կապված: Ընտրական օրենսգիրքն ունի հստակ կանոնակարգումներ այս առումով, եւ հիշյալ ժամանակահատվածում, եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք կփակցվեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս կամ փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված տպաքանակի, տպագրատան եւ այլ նշումներ, բնականաբար կհեռացվեն: Իսկ այս պահին ընտրական հանձնաժողովի համար որեւէ գործառույթ նախատեսված չէ: Չի բացառվում անգամ, որ որեւէ պաստառ ունեցող սուբյեկտ անգամ չառաջադրվի ու չգրանցվի»,-ասաց Մուկուչյանը:

Ն.Պ.

 

 

ՏԱՎՈՒՇԻ ԲԵՐԴԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Բերդ  քաղաքի մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը հայտնել է, որ  Տավուշի  բերդը վտանգված է,  ինքը բազմիցս արտահայտվել է այս մասին։  Նա  տեղեկացրել է, որ  2020թ. սկսված պեղումների պատճառով հեռացվել է ամրոցի գլխամասի հողային շերտը, որը հարյուրամյակներով ամրոցից մնացած այդ փոքրիկ մասունքը պաշտպանել է բնության տարերքից։ Հիմա անձրեւաջրերը առատորեն քայքայում են մեր ամբողջ մարզի անձնագիրը հանդիսացող Տավուշ բերդի վերջին պատառիկները։ Արմեն Մելիքյանը գրել է, որ ինքը  պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս կարեւոր իրադարձության վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարի՝ 2020թ., Բերդ քաղաքի Տավուշ բերդում հնագիտական պեղումներ են կատարվել, դրանք կիսատ են մացել, այս տարի հնագիտական պեղումները չեն շարունակվել, ինչը վտանգ է ներկայացնում բացված, պեղված շերտի համար։

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաեւ հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը: Նախարարությունը կոչ է արել նաեւ բացառել որեւէ դրամահավաք, որի վերաբերյալ արդեն ստացվում են համապատասխան ահազանգեր: Գրություն է ուղարկվել նաեւ ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ,  համավարակով պայմանավորված, «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: «Հատկապես վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության ընդհանուր քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխություններից եւ ավելի շատ ուշադրություն դարձնել «Վերջին դասի» խորհրդին՝ որպես ուսումնական գործընթացի ամփոփում: Երբ խոսում ենք ուսումնական գործընթացի վերաիմաստավորման մասին, ապա դրա կարեւոր բաղադրիչը բնավ նյութական կողմը չէ»,- փաստել է փոխնախարարը:

 

 

 

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Իջեւան համայնքի ղեկավար  Վարդան  Ղալումյանը  2019թ. սեպտեմբերի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մինչ այդ  ՀՀ քննչական կոմիտեն նրան  մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ  առերեւույթ չարաշահումների համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս քրեական գործով մինչ այժմ դատավարություն չի կայացել։  Վ. Ղալումյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլի Փաշինյանի կողմից 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը, որը մինչեւ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը «Հայէկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենն էր։

Հայկ Ղալումյանը ներկայումս զբաղեցնում է Տավուշի մարզպետի պաշտոնը։ Հայկ Ղալումյանի եղբայր,  Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր է, վերջերս էլ ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ։ 2019թ. առ այսօր չի հաջողվում Իջեւան խոշորացվող համայնքում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։  Մինչեւ կորոնովիրուսի համավարակը նախապես հայտարարված ընտրությունները  հետաձգվեցին, որի  պատճառը Իջեւանում ծառահատումների դեմ իրականացված բողոքի  զանգվածային ակցիաներից հետո Նիկոլ  Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումն էր, ինչը կասկածի տակ էր դնում Հայկ Ղալումյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելը։  2020թ. մարտի 14-ին նշանակված ընտրությունները հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով, ընտրությունների օր նշանակվեց  2020թ. նոյեմբերի 5-ը։ Կառավարությունը, պայմանավորված Հայաստանում տիրող ռազմական դրությամբ,  հերթական անգամ հետաձգել է Իջեւան խոշարացվող համայնքում ընտրությունների անցկացումը։ Տավուշի մարզում, բացի Իջեւանից, բոլոր տարածաշրջաններում համայնքները խոշորացված են, առկա են խոշորացված Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները։ Իջեւան խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնելու Իջեւան քաղաքային համայնքը եւ 17 գյուղական համայնք՝  Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ներքին  Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս