ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԻ ԱԶԱՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«27 տարի առաջ՝ 1994թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ադրբեջանը եւ Հայաստանը։ Համաձայնագրի կնքմանը նախորդել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությունը՝ կրակի անհապաղ դադարեցման կոչով, ինչպես նաեւ Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994թ. մայիսի 4-5-ը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ղրղզստանի խորհրդարանների ղեկավարները, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը եւ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարը։

 

Հետագայում կողմերը բազմիցս հաստատել են կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու իրենց հանձնառությունները, մասնավորապես՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, 1994 թ. օգոստոսի 29-ին, եւ վերջնականապես դրանք ամրագրել ԵԱՀԿ հովանու ներքո 1995 թ. փետրվարի 6-ին ստորագրված կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին համաձայնագրով։ 2016 թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի հերթական ռազմական հարձակման պատճառով տեղի ունեցած էսկալացիայից հետո, որը հայտնի է որպես քառօրյա պատերազմ, Ռուսաստանի միջնորդությամբ կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման եւ հրադադարի ռեժիմի հետեւողական պահպանման շուրջ։ Անժամկետ համաձայնագիրը, որի շնորհիվ կասեցվել է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի առաջին ռազմական ագրեսիան, միջազգային հանրության կողմից դիտարկվում էր որպես այն ստորագրած կողմերի համար պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության վերսկսումը կանխելու եւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու կարեւոր գործիք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ թվում նաեւ պետությունների ղեկավարները բազմիցս հայտարարել են տվյալ համաձայնագրի հետեւողական պահպանման անհրաժեշտության մասին։ 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը եւ դրան հաջորդած պայմանավորվածությունները։ Իր գործողություններով Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, ինչպես նաեւ ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի եւ ամբողջ միջազգային հանրության առջեւ ստանձնած իր հանձնառությունները։ Մասնավորապես, Բաքուն խախտել է այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրն ազատորեն տնօրինելու ժողովուրդների իրավունքը, միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։

Ադրբեջանի հակաիրավական գործողությունները՝ pacta sunt servanda (պայմանագրերը պետք է պահպանվեն) սկզբունքի խախտումը, ագրեսիվ պատերազմի սանձազերծումը, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցությունը եւ նրանց օգտագործումը Արցախի ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքի ուժային ճնշման համար, քաղաքացիական օբյեկտների եւ խաղաղ բնակչության կանխամտածված թիրախավորումը ոչ ընտրողական ազդեցություն ունեցող արգելված զինատեսակներից, հայ ռազմագերիների խոշտանգումներն ու սպանությունները, ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց ապօրինի պահելը, մշակութային ժառանգության ոչնչացումը եւ ապօրինի օկուպացիան հանցագործություններ են, որոնք ենթակա են միջազգային իրավական պատասխանատվության: Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից՝ իր նախկին պարտավորությունները խախտելու, ռազմական հանցագործությունների, զանգվածային վայրագությունների եւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շարունակական եւ կանոնավոր խախտումների համար։ Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաեւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետեւանքը։ Վերոհիշյալ ձեւով պարտադրված եւ հետեւաբար անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային եւ պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։ Մեր համոզմամբ՝ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետեւանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակում, ինչպես նաեւ բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանաղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով»։

 

10 ԴԵՊՔ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Մայիսի 11-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները հիմնականում քաղաք Ստեփանակերտի բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021թ. ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7065 քաղաքացու հետազոտություն, որից 835-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արցախի  Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2719 դեպք: Կատարվել է 24 517 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

 

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ

Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 13-ը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակացույցի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ, այսինքն՝ հունիսի 11-ին՝ Երեւանի ժամանակով 08:00-ից, եւ ավարտվում է քվեարկության օրվանից 7 օր առաջ, այսինքն՝ հունիսի 13-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձեւից)` արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Ընդ որում, նրանց ցուցակները լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 27 օր առաջ: Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 24 օր առաջ, իսկ ԿԸՀ-ն էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակը հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրում է ցուցակը ստանալու օրվանից հետո՝ 2 օրվա ընթացքում: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը լիազոր մարմին ներկայացվում է էլեկտրոնային քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հաջորդ օրը՝ ժամը 12:00-ն, այսինքն՝ հունիսի 14-ին՝ ժամը 12:00-ին:

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտեւի մինչեւ հունիսի 18-ը:




Լրահոս