ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Ադրբեջանի կողմից հայկական մշակության ժառանգության նկատմամբ վանդալիզմ իրականացնելու, ՅՈՒՍԵՆԿՕ միջազգային կազմակերպության ոչ պատշաճ անդրադարձի եւ այլ հարցերի շուրջ:
«Ինչ այսօր անում է Ադրբեջանի իշխանությունը, բարձրացնում է ոչ միայն Հայաստանի խնդիրը, այլ ընդհանրապես առաջադեմ միջազգային հանրության, միջազգային առաջնատար կազմակերպությունների խնդիրը: Ես հաճախ եմ իմ հարցազրույցներում նշում, որ չափազանց դժվար է բանակցել եւ խոսել մի պետության հետ, որն իրեն դուրս է դնում մարդկության՝ հազարամյակներով մշակած կոնվեցիոնալ հարաբերություններից, սկզբունքներից, չափանիշներից եւ կատեգորիաներից: Տեսեք, նույնիսկ ամենաբարձր պատվիրակության այցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկման առաքելություն ունեցող այցը, ուղղակի արգելափակվեց, եւ մենք իսկապես շատ դժվար ենք տանում գործն առաջ, քանի որ մենք գործ ունենք աշխարհընկալման եւ արժեքաբանության բոլորովին այլ համակարգի հետ, իսկ այստեղ իսկապես խնդիրներ ունենք: Ես ուզում եմ ասել, որ այս պահին հնարավոր շատ բան են անում, մի քանի օր առաջ նախարարը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի հետ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության եւ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցում է: Դիմում ենք տարբեր միջազգային կազմակերպություններին, պարզապես պետք է հանրությունը հստակ գնահատի այն պրակտիկ գործիքակազմը, որը մենք կարող ենք գործադրել, եւ այն գարծիքակազմը, որն այսօր կա, գործադրում ենք, բայց ես ասում եմ փաստ, որ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության մուտքն արգելափակվեց ամենակոպիտ ձեւով: Եվ եթե միջազգային հանրությունը, այն կառույցները որոնք պատասխանատու են համամարդկային մշակույթային արժեքների պահպանման համար, չգիտակցեն, թե ինչ լուրջ խնդիրների հետ ինքը գործ ունի, քան Ադրբեջանական հակամարտության խնդիրն է, ապա մենք ունենալու ենք ավելի մեծ դժվարություններ եւ խնդիրներ, եւ նման քայլերը, նման դիրքորոշումը պետական մակարդակով պարզապես հարցականի տակ է դնում միջազգային կառույցների գործունեության արդյունավետության հանգամանքը եւ վստահությունը միջազգային հանրության այդ կառույցների հանդեպ»,- նշում է մեր զրուցակիցը:
Արա Խզմալյանի խոսքով՝ Ադրբեջանի նման գործելաոճը վարկաբերկում է միջազգային՝ տասնամյակներով ձեւավորված համակարգերը, որոնց առաքելությունն է մշակութային արժեքների պահպանությունը:
«Ես անընդհատ հիշում եմ մեր մեծագույն իմաստունի՝ Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»: Սա շատ ավելի խորքային խնդիր է, քան հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Մեր ժողովուրդը, ցավոք սրտի, սիրում է իր կորուստը, եւ մեր ժողովուրդը, հասարակությունը անտարբեր է այն արժեքների նկատմամբ, որոնք անմիջապես իր տիրապետության ներքո է: Մենք հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են վերաբերվում հենց մեր երկրի մշակութային արժեքներին: Այսինքն՝ մենք ինքներս անելիք ունենք այդ առումով, եւ լռել, չխոսել այդ խնդիրների մասին, կարծում եմ, տեղին չէ»,- եզրափակում է մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՔԱՐԻ ՁԱՅՆՆ ՈՒ ԲՈՒՅՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ականավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Մարգարյանի 120-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 12-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Քարի ձայնն ու բույրը. Հովհաննես Մարգարյան» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի աշխատանքների էսքիզները, լուսանկարները: Իրենց գեղեցկությամբ ու յուրահատկությամբ աչքի են ընկնում Ռադիոտան եւ Երեւանի կոնյակի գործարանի շենքերը:
Լրագրողների հետ զրույցում թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասաց, որ Հովհաննես Մարգարյանը 20-րդ դարի հայ ականավոր, հետաքրքիր ճարտարապետներից է:
«Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է տալիս հետաքրքրասերներին այցելել թանգարան եւ տեսնել Մարգարյանի տաղանդը, գնահատել նրա աշխատանքի մասշտաբն ու ստեղծագործ անձի հզորությունը: Հովհաննես Մարգարյանը եղել է Երեւանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ամենաառաջին ուսանողներից ու առաջին շրջանավարտներից մեկը: Շրջանավարտները յոթն էին, որոնցից երեքը դարձել են մեր ճարտարապետության հպարտությունը՝ Հովհաննես Մարգարյանը, Սամվել Սաֆարյանը եւ Մարկ Գրիգորյանը»,- նշեց Գրիգորյանը:
Գրիգորյանը պատմեց, որ դեռ ուսանող տարիներին Մարգարյանը դարձել է ՕՊՐԱ-ի (Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպություն) հիմնադիր-անդամներից մեկը: Նրանք ավանգարդիստներ են եղել եւ ճարտարապետական ժամանակակից մեթոդների հետեւորդներ, ջատագովներ, փորձել են այդ մեթոդները զարգացնել Հայաստանում:
Ավանգարդիստական շրջանի կառույցներից են Երեւանի ծխախոտի եւ կարի գործարանների շենքերը, որոնք մինչ օրս կանգուն են: Ներկայացված են նաեւ «Դինամո» մարզադաշտի տրիբունաների էսքիզները: Տրիբունաները չեն կառուցվել, սակայն Մարգարյանը Երեւանում իսկական մարզադաշտ կառուցելու առաջին փորձն է արել: Այն նախագծվել է 1932 թվականին: Մարկ Գրիգորյանը կարեւորեց նաեւ Մարգարյանի մասնակցությունը Երրորդ մասի կառուցման գործում, որի համահեղինակներն են Մազմանյանը, Քոչարը, Սաֆարյանը:
Ցուցահանդեսին ներկայացված են Հանրային ռադիոյի շենքի ավելի քան քսան էսքիզ: «Մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչպես էր ճարտարապետը մտածում, երբ նա նկարում էր: Ռադիոյի տան գրեթե բոլոր էսքիզներում շենքի մեջտեղում կա մի աշտարակ: Երեւանում պետք է լիներ երեք շենք, որոնք պետք է աշտարակներ ունենային՝ Կայարանի շենքը, Ռադիոյի տունը եւ հրապարակի թանգարանների շենքը, բայց 1950-ականների սկզբին երեքն էլ արգելվել են: Ենթադրում եմ, որ դա կապված է եղել շինարարության գնի հետ: 1960-ականների երկրորդ կեսին կառուցվել է հրապարակի աշտարակը»,- հիշեցրեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:
ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Ղազախական «Աստանայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում: Ղազախ լրագրող Այդին Կոժախմետը սոցցանցերում հայտնել է, որ Հարոյանը կարող է համալրել իսպանական «Կադիսը», որը 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբներից ամենաշատն է ցանկանում ձեռք բերել նրան: «Այդպիսի առաջարկներից չեն հրաժարվում, այդ պատճառով «Աստանային» դժվար թե հաջողվի պահպանել իր պաշտպանին: Ակումբն արդեն սկսել է փոխարինող փնտրել Վատոյին: Եթե տրանսֆերը կայանա, Հարոյանը կդառնա երրորդ ֆուտբոլիստը, որն «Աստանայից» տեղափոխվում է Իսպանիայի առաջնություն»,-գրել է Այդին Կոժախմետը:
Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» եւ փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 8 խաղի եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):
ԿՀԵՌԱՆԱ
Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին հայտարարած Ջանլուիջի Բուֆոնը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»: Footmercato-ի համաձայն՝ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահի հետ: Ավելի վաղ Բուֆոնը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Յուվենտուսից»: 43-ամյա իտալացին «Յուվենտուսում» խաղացել է 2001-2018-ը, ինչից հետո տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ: 2019-ին նա վերադարձավ իտալական ակումբ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման եւ բաց թողել 7 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել 2023 թվականի ամառվանից ոչ ուշ: