ԵԹԵ ԴԻՎԵՐՍԻԱ Է, ԻՆՉՈ՞Ւ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի համար զարմանալի է, որ Սյունիքի հատվածում Հայաստանի սահմանն այնքան չի պահպանվում, որ, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, հակառակորդն անցել է 3.5 կմ սահման:

 

Հիշեցնենք՝ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»:

Իրավիճակի առնչությամբ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է. «Ես չեմ պատկերացնում աշխարհում մի պետություն, որ հակառակորդը կարողանա 3.5 կմ ներթափանցել այդ պետության սահման, եւ դա նշանակում է, որ այդ սահմանը չկա, գծված չէ եւ չի պաշտպանվում»:

-Պարո՛ն Կոլերով, ինչպես կմեկնաբանեք երեկ Հայաստանի սահմանին տեղի ունեցածը:

-Ես զարմանում եմ, որ այդ սահմանն այնքան չի պաշտպանվում, որ, Փաշինյանի խոսքով, հակառակորդը երեք կիլոմետր առաջ է եկել: Ես չեմ պատկերացնում որեւէ սահման ամբողջ աշխարհի վրա՝ չհաշված անապատ, ջունգլի կամ սարեր, որտեղ հակառակորդը կարողանա հեշտությամբ մուտք գործել երկրի տարածք եւ երեք կիլոմետր առաջ անցնի: Դա նշանակում է, որ այդ սահմանն ուղղակի չկա, ֆիքսված չէ եւ չի պաշտպանվում: Եվ միակ արգումենտն այն սովետական քարտեզներն են, որոնք ներկայացվել ենք Սյունիքի մարզպետին, ինչպես ներկայացվում է: Դա սահմա՞ն է, թե՞ դրա բացակայության մասին փաստ: Փաշինյանի ասածից կարող ենք իսկապես ասել՝ այդ սահմանը չկա, քանի որ եթե գոնե այն փաստացի լիներ, ապա գծված կլիներ եւ կպաշտպանվեր: Իսկ պաշտպանվող սահմանը խախտողները չպետք է անպատիժ մնան: Այստեղ իշխանությունները պետք է կողմնորոշվեն՝ դա սահմա՞ն է. եթե այո, ապա ինչո՞ւ անհրաժեշտ չափով չի պաշտպանվում:

-Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դա, ամենայն հավանականությամբ, դիվերսիա է եղել:

-Եթե անգամ դիվերսիա է եղել, ինչպե՞ս է հնարավոր եղել երեք կիլոմետր անցնել, բա ո՞ւր էին սահմանապահները: Հնարավո՞ր է՝ այդպես էլ կարողանան մինչեւ Երեւան հասնել: Ո՞ւր է բանակը, եթե դիվերսիա է, ապա ինչո՞ւ կրակոցներ չեն եղել: Ես ունեմ բազմաթիվ հարցեր՝ այս իրավիճակի հետ կապված, որոնք, սակայն, պատասխաններ չունեն:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը, եւ ո՞րը պետք է լինի ՀԱՊԿ-ի անելիքը:

-Եթե պետությունը ինչ-որ հատված իրենն է համարում, ապա պետք է պաշտպանի այն, եւ այնպես, որ ոչ ոք անգամ 3 մետրով չկարողանա առաջ անցնել: Այլ տարբերակ չկա, ոչ ոք Հայաստանի փոխարեն անձամբ, ինքնակամ Հայաստանի սահմանները չի պաշտպանի: Եթե դու չես կարող քո սահմանները պաշտպանել, գնա՛, գյուղատնտեսությամբ զբաղվի՛ր: Եթե դու իշխանություն ես, պետք է պահես քո սահմանները: Ռուս սահմանապահները մանդատ չունեն Հայաստանի սահմանները պաշտպանելու: Դա՝ առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին՝ ՀԱՊԿ-ը միանգամից չի կարող արձագանքել եւ չի կարող պաշտպանել այն սահմանները, որոնք անգամ Հայաստանը չի պաշտպանում: ՀԱՊԿ-ը դաշնակցային պարտավորություններ ունի այն ժամանակ, երբ Հայաստանը հրավիրի այդ կառույցին՝ պաշտպանելու այդ սահմանները: Հայաստանից հրավեր եղե՞լ է. ո՛չ: Ինչո՞ւ. ինձ էլ է դա հետաքրքիր: Ինձ նաեւ հետաքրքիր է՝ հինգերորդ անգամ եմ կրկնում, ադրբեջանցիները կարողացել են 3.5 կմ առաջ գալ: Ինչ-որ մեկը հետեւո՞ւմ է այդ սահմանին, թե՞ միայն տեղի բնակիչներն են, որոնք բոլորը, չգիտես ինչու, սովետական քարտեզներ ունեն: Թող այդ դեպքում իշխանությունը տան Սյունիքի մարզպետին, նա էլ ղեկավարի այդ պետությունը:

Հ.Գ. Հայաստանը երեկ երեկոյան պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ_ին։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

Հայաստանի վարչապետի աշխատակազմում 2020-ի ընթացքում որոշ աշխատակիցներ ստացել են իրենց աշխատավարձի չափը գերազանցող պարգեւավճարներ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է  Հաշվեքննիչ պալատի ներկայացրած՝ վարչապետի աշխատակազմի 2020-ի 12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցից։ Ինչպես հայտնի է, այս կառույցը պետական մարմիններում աուդիտ է իրականացնում եւ պարբերաբար հանդես գալիս զեկույցներով:

 

Զեկույցում նշված է, որ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգեւավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ։ Կառույցը զեկույցում նկատում է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգեւավճարը հակասում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես՝ այն կետին, ըստ որի՝ այն չպետք է գերազանցի մինչեւ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը։

Զեկույցից տեղեկանում ենք, որ պարգեւատրվողների ամենամեծ թիվը եղել է հենց սեպտեմբերին. պարգեւատրվել է 504 աշխատակից: Նկատենք՝ վարչապետի աշխատակազմում  այս դիտարկման հետ չեն համաձայնել:

Հաշվեքննիչ պալատն այլ անհամապատասխանություններ եւս արձանագրել է: Օրինակ՝ անհամապատասխանություն է առկա եղել «Հանրային առողջության պահպանում» ծրագրի կատարման հետ կապված, մասնավորապես՝ այս միջոցառման մասով ապրանքներ են ներկրված եղել, որոնք, սակայն, մաքսային հայտարարագրում անցած չեն եղել, այնինչ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին»  պայմանագրի 84-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դրանք պարտադիր ենթակա են մաքսային հայտարարագրման:

Հաշվեքննիչ պալատը հրապարակել է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում արված ուսումնասիրության արդյունքները, որտեղ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել։ Դրանք ներառված են մոտ 300 էջից կազմված զեկույցում։ Բացահայտված խախտումները տարատեսակ են, օրինակ՝ քաղաքացին մահից 2 օր հետո պրոթեզավորվել է եւ դիմում գրել, պետական ծրագրերով լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել անձանց համար, ովքեր երկրում չեն, սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավելի են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով եւ կնքված պայմանագրում, 16 միլիոն դրամից ավել գերածախս են տվել անօթեւանների համար նախատեսված ծրագրով, նաեւ կադաստրում խախտումներով անշարժ գույքի տարբեր գործարքներ են կատարվել տուն-ինտերնատի բնակիչների անունով։ Այս ուսումնասիրությունն իրականացվել է 2019-ի հունվարի 1-ից մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, երբ նախարարի պաշտոնում Զարուհի Բաթոյանն էր։ Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն, դրանք Գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում են, ուսումնասիրման փուլում են. «Ազատության»-ը տեղեկացրեցին դատախազությունից։ Փաստերը ծավալուն են, եւ ուսումնասիրության ավարտի ժամկետներ նշել չկարողացան։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեկնաբանություն չտվեցին՝ առաջարկելով սպասել դատախազության ուսումնասիրության արդյունքներին։

Ն.Հ.

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում բնակարանների գները բարձրացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեն անշարժ գույքի շուկայում թանկացում է արձանագրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը փետրվարին կազմել է 605 հազար 200 դրամ, իսկ մարտին՝ 606 հազար դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 800 դրամով այն թանկացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում 1000 դրամ է թանկացումը կազմել. 435 հազար դրամից դարձել է 436 հազար դրամ: Փոխարենը բնակարանների գները նվազել են Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Ավան վարչական շրջաններում:

Օրինակ՝ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն փետրվարին արժեցել է 286 հազար 500 դրամ, իսկ, ահա, մարտին այն կազմել է 286 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանները թանկացել են 1000 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նուբարաշենում՝ 500 դրամով, իսկ, ահա, Էրեբունի վարչական շրջանում ե՛ւ փետրվարին, ե՛ւ մարտ ամսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 280 հազար 500 դրամ:

Անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալները չեն կանխատեսում, թե ինչ է առաջիկայում սպասվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս շուկան շատ զգայուն է ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այսինքն՝ անշարժ գույքի շուկան կակտիվանա այն ժամանակ, երբ Հայաստանում կկայունանա ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական վիճակը:

 

 

ԽՈՒՃԱՊ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Արմավիրի մարզի բնակիչները եւ հայտնել, որ մարզում խուճապ կա, քանի որ սահմանից մտահոգիչ տեղեկություններ են ստացել: Ըստ բնակիչների` Թուրքիայի սահմանից ՀՀ սահման են անցել այլազգի մի խումբ անձինք, ինչը բացահայտել են ՀՀ ԱԱԾ-ն, ռուս խաղաղապահները, եւ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ: ArmLur. am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ ռուս խաղաղապահները փակել են սահմանը եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ հասկանալու համար, թե Թուրքիայի սահմանից ՀՀ սահմանը հատած այլազգի քաղաքացիները դիվերսանտներ են, թե սովորական սահմանախախտներ, որոնք տարբեր պատճառներով ներխուժել են Հայաստան: Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur. am-ը զրուցեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, որը տեղեկացրեց, որ մեզանից է առաջին անգամ լսում այդ դեպքի մասին՝ հիշատակելով, որ նախկինում նման դեպքեր էլի են եղել:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur. am-ը նաեւ հարցում ուղարկեց ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել բնակիչներից ստացած ահազանգը: ԱԱԾ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

 




Լրահոս