Սյունիքի Սեւ լճի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի անվտանգության խորհուրդը արդեն երկրորդ նիստն է գումարում վերջին քսանչորս ժամվա ընթացքում։
Կեսօրից հետո ավարտված նիստի մասնակիցները, մասնավորապես՝ պաշտպանության, արտաքին գործերի, առողջապահության նախարարների պաշտոնակատարները եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալը, ըստ էության, հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ քննարկումներ եւ որոշումներ են կայացվել նիստի ընթացքում։
Անվտանգության խորհրդի երեկվա նիստի վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա։
Սեւ լճի շուրջ ստեղծված իրավիճակին երեկ ավելի վաղ՝ կառավարության նիստի սկզբում, անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ իրադրությունը բնութագրելով ճգնաժամային, եւ ասաց, որ ծրագրված սադրանք է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Փաշինյանը նաեւ հայտարարեց, թե կառավարության նիստից հետո կայանալիք Անվտանգության խորհրդի նիստում կայացվելու են անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ. «Երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, եւ իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սեւ լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, եւ այնտեղ նաեւ մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն եւ բախում չկա, որովհետեւ երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ: Ինչո՞ւ է այսպես իրադրությունը: Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս»։
Թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանական զինուժը, առանց որեւէ խոչընդոտի, հատի միջդիրքային հատվածը եւ դիրքավորվի Հայաստանի Հանրապետության տարածքում այն պարագայում, երբ Փաշինյանի կառավարությունը կես տարի ժամանակ ուներ երկրի համար հատկապես ռազմավարական նշանակության հատվածում նոր դիրքեր, հենակետեր հիմնելու համար, պարզվեց՝ հետաքրքրում է նաեւ վարչապետի պաշտոնակատարին։
Փաշինյանը ընդգծեց, թե դա «առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի». «Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետեւ գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա եւ լինի անձեռնմխելի: Եվ մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ: Հիմա տեղում ընթանում է աշխատանք»։
Թեեւ Հայաստանի արտաքին գործերի ոը պաշտպանության նախարարների պաշտոնակատարները դեռեւս նախօրեին հեռախոսազրույց են ունեցել իրենց ռուս գործընկերների հետ, պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել Սյունիքի իրադարձություններին:
«Ռիա Նովոստին» հայտնեց, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են իրավիճակն այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաեւ կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Այս կարճ հաղորդագրությունում բառ անգամ չկա Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին, թեեւ ադրբեջանական զինված ստորաբաժանումն անցել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք եւ առաջ գնացել շուրջ 3.5 կիլոմետր, ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, եւ ինչին անդրադարձել են ռուսական բոլոր լրատվական գործակալությունները` մի մասը շեշտելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ Հայաստանի տարածքում են ռուսական ռազմական բազաներ, եւ որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է:
Երեկ Ռուսաստանի արգործնախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը: Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին եւ նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
Ն.Հ.
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրադրությունը ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը: Նրա կողմից ընդգծվել է նաեւ, որ հնարավորինս արագ եւ ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ ՀՀ տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
ՀՈՒՆԻՍԻՑ՝ ՉՎԵՐԹՆԵՐ
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 12-ից կսկսի նոր կանոնավոր չվերթներ՝ Երեւան-Հուրգադա-Երեւան ուղղությամբ: Այս մասին հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը: «Չվերթները լինելու են շաբաթական 1 անգամ՝ աստիճանաբար հաճախականությունը հասցնելով 4-ի։ Մայիսի 14-ին տեղի կունենա չվերթի շնորհանդեսը, ինչպես նաեւ մեր եւս մեկ նոր նախագծի` Armenia tours-ի շնորհանդեսը։ Ավիաընկերությունը իր դուստր ձեռնարկության միջոցով առաջարկելու է ամբողջական տուր փաթեթներ»,- նշել է Խաչատրյանը:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Հաշվի առնելով ՀՀ հարավային սահմանին լարվածությունը Սյունիքում թշնամու դիվերսիոն ներթափանցման հետեւանքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը, որը պետք է կայանար մայիսի 15-ին, հետաձգվում է։ Այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Համագումարի օրվա վերաբերյալ կտարածենք հավելյալ հայտարարություն»,- հավելել է նա:
ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը դիմել է իրավապահներին եւ հայտնել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման արդյունքներով 22.12.2020թ. կազմված թիվ 20-Ա ակտը, որ նշված ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2016-2020թթ. ընթացքում իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, գնումների գործընթացի խախտմամբ, առանց համապատասխան մրցույթ անցկացնելու եւ թերի փաստաթղթավորմամբ մեկ անձից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, տարատեսակ ծառայություններ եւ տարբեր տեսակի ապրանքներ, չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ՊՈԱԿ-ի հյուրանոցում բնակվող անձանցից բնակվարձի եւ կոմունալ ծախսերի, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված գումարների ստացման ուղղությամբ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«ՈՐՍ»՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ
Հունիսի 20-ի ընտրություններից առաջ իրավապահները «որս» են սկսել համայնքի ղեկավարների նկատմամբ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս անգամ թիրախում է հայտնվել Ոսկեհատ համայնքի ղեկավար Գեւորգ Ներսիսյանը: Իրավապահները տվյալներ են ունեցել, որ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները եւ խախտելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 21-րդ հոդ. 6-րդ կետը, տարիներ շարունակ իր ընտանիքի անդամների եւ համայնքի ավագանու անդամներ Կարապետ Ազիզյանի, Սերոբ Դիշլանյանին, Արմեն Գյոզալյանին, Նիկոլայ Տեր-Խաչատրյանի եւ վերջիններիս ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ նույն համայնքապետարանի սոցիալապես ապահովված աշխատակիցներին համայնքի բյուջեյից տրամադրել է տարբեր չափերի հասնող սոցիալական օգնություններ, որի արդյունքում համայնքապետարանի դրամական միջոցներից վատնվել է խոշոր չափերի հասնող գումարներ: Բացի այդ, Ներսիսյանը տարիներ շարունակ իրեն եւ կնոջը՝ Սոնիկ Ներսիսյանին հռչակելով իբրեւ համայնքապետարանի լավագույն աշխատակիցներ, պարգեւատրել է տարբեր չափերի հասնող գումարներով, որի արդյունքում համայնքապետարանի ֆինանսական միջոցներից յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումարներ: Վնասի չափը եւ հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Գ. Ներսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: