«ՇԱՏ ԼՈՒՐՋ ԱՊՏԱԿ ԿԵՐԵԼ ԵՆՔ, ՀԱՋՈՐԴԸ ԳԼԽԱՏՈՒՄ ԿԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ ArmLur.am-ը զրուցել է 44-օրյա պատերազմի, որդու՝ Վարդանի եւ ներքաղաքական իրադրության մասին:

 

«Որպես քաղաքացի՝ քիչ եմ համարում հայտարարություններ անել որեւէ մեկին մերժելու կամ չմերժելու, պետություն քանդելու կամ չքանդելու մասին, եթե այդ ժամանակ մտածեինք, չէինք ունենա այն, ինչ ունեցանք։ Բոլորը որոշեցին դառնալ քաղաքական գործիչներ: Վերջին շրջանում հասկացա, որ քանի որ մենք, ի տարբերություն մեր հակառակորդ  ազգի, աստիճանաբար դառնում ենք ցեղախումբ, բայց ես հիմա կրկին գիտեմ, որ մեր ազգը կորիզ ունի, իսկ այդ կորիզն այս պահին պոստ պահող տղաներն են: Հասկացա, որ ինչ-որ ինստիտուտներ աշխատեցին՝ սկսած լեքսիկոնային բառերից՝ լափել, թալանել, ագրեսիա մտավ բոլորի մեջ, հակակրանք, «աբիժնիկություն», ոչ մեկ արդարության համար չի պայքարել, իհարկե, խոսքս բոլորին ուղղված չէ: Իրենց թվում էր՝ իրենք պայքարում են նրա համար, որ իրենք դառնան իշխանավորն ու օլիգարխը: Դա մարդու մոդել է, որ իրեն թվում է՝ եթե ինքը չէ այդ լավ տունը վայելողը, ապա դրա մեղավորը հենց այդ թանկ մեքենայի կամ լավ տուն ունեցողն է: Իրենք մտածում են, որ հեղափոխությունը լինելուց հետո այդ ամենի տերն ու տիրակալը ինքն է լինելու»,- նշեց մեր զրուցակիցը։

Դավիթ Ամալյանի խոսքով՝ մեր պետությունը ընդմիջման է, որից արագ դուրս գալ է պետք. «Ես, անկեղծ ասած, ոչ մի իշխանությամբ հիացած չեմ եղել եւ եղել եմ ակտիվ ընդդիմադիր քաղաքացի, չնայած որ երբեք որեւէ կառույցի մեջ չեմ եղել մինչեւ 2008 թվականը: Պետությունը քանդելու փոխարեն պետք է պետության համար ինչ-որ բան անես, եւ հասկացա, որ բոլոր  ընդդիմության կառույցները ղեկավարվում են դրսի ուժերից: Անասնատեսակներ կան, որոնց համար մաշտոցյան տառերը սահմանափակվում է «լափաման» բառով, բայց պարզվեց, որ իրենք լափամանի կարիք ունեն եւ այս պահին էլ լափում են այս պարտությունը: Մենք այն հզոր պետությունը չենք, որ երեք տարի եւ ավել ընդմիջում ունենանք, մեզ արագ կայանալ եւ այս ընդմիջումից դուրս գալ է պետք: Արդեն մեկ շատ լուրջ ապտակ կերել ենք, հաջորդը կարող է գլխատում լինել»:

Մեր զրուցակիցը երազում է այն օրը, երբ կենաց խմելիս պետության կենացը կխմենք, այլ ոչ թե միայն հայրենիքի. ի վերջո առանց պետություն հայրենիք լինել չի կարող:

«Բազմիցս նշել եմ, որ Վարդանիս կորուստը ինձ համար ամենացավոտ անկյունն է, բայց նրա կորուստն ինձ օգնեց  ավելի սիրել այս աշխարհը, չչարանալ, հասկացա, որ կյանքն ավելի թանկ է, մինչեւ Վարդանի կորուստը ես ապրում էի  իմիջայլոց, եւ նրանից հետո ապրելն ինձ համար դարձավ պարտք: Ես կյանքին ապրել եւ սիրել եմ պարտք: Ես ուզում եմ բառիս բուն իմաստով Վարդաններ ծնվեն, եւ շատանա մեր ազգը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՊԱԼԱՏՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Արտաշատի գետամերձ տարածքում եւ Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրությունների արդյունքում հռոմեկան բաղնիք, պալատներ եւ մ.թ 2-րդ դարի հռոմեական ակվեդուկի հիմքեր են հայտնաբերվել:

 

Մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Արտաշատի պեղումների արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանն ասաց, որ Արտաշատում պեղումներ են իրականացվում դեռեւս 1970 թվականից:

«Վերջին տարիներին քաղաքի ուսումնասիրությունն ընթանում է երկու տարածքներում՝ մեկը գետամերձ թաղամասն է, որն Արաքսի անմիջական  հարեւանությամբ է, եւ այնտեղ աշխատում է մեր ինստիտուտի արշավախումբը, եւ երկրորդը ստորին քաղաքի տարածքում է՝ Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի վրա, որտեղ աշխատում է հայ-գերմանական համատեղ արշավախումբը»,- նշեց Զարդարյանը:

Նրա խոսքով՝ գետամերձ թաղամասում բացահայտվել է մեծ  հռոմեական բաղնիք, որը հարուստ է խճանկարներով, ունի կրկնակի տաքացվող հատակ, ջրամատակարարման ու ջրահեռացման բարդ զարգացած համակարգ,  բացահայտվել է նաեւ տաճարական հարթակ՝ ռեգիա, այսինքն՝ քաղաքային ճեմատարածք, որը ծածկված է եղել,  գտնվել են տարբեր կառույցներ՝ զարդարված որմնանկարներով: Զարդարյանի համոզմամբ՝ թաղամասը բացահայտում է Արտաշատի կյանքի մի շատ հետաքրքիր շրջան, երբ  տեղական մշակույթի վրա լուրջ ներգործություն է ունեցել հռոմեական մշակույթը:

Անդրադառնալով Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրություններին՝ արշավախմբի ղեկավարն ասաց, որ այդտեղ աշխատում են մի քանի ուղղությամբ՝ բուն հնագիտական պեղումներ եւ Արտաշատի ստորին, այսինքն՝ դաշտավայրային քաղաքի գեոֆիզիկական ուսումնասիրություններ: Գեոֆիզիկական պեղումների շնորհիվ նախքան բուն պեղումները կարողանում են պարզել, թե հողի տակ ինչպիսի կառույցներ կան:

Զարդարյանը պատմեց, որ այդ աշխատանքները նախաձեռնել են 2018-2019 թվականներին: Այս տարի գարնանը շարունակել են պեղումները:

Երկու տարվա ընթացքում ուսումնասիրվել է գրեթե քառասուն հեկտար տարածք: Դեռ 1970-ական թվականներին սկսած՝ պեղումների ժամանակ, հնագետներն իմացել են, որ Արտաշատի 15 բլուրը խիտ կառուցապատված է եղել: Բլուրների վրա տեղակայված են եղել բնակելի եւ հանրային կառույցներ: Բլուրները շրջապատող պարիսպների երկարությունը հասել է շուրջ տասը կիլոմետրի, բայց հնագետները հստակ չեն իմացել, թե ինչպիսին է իրավիճակը դաշտավայրային տարածքում:

 

 

ԿՐԿՆԵԼ Է ՌԵԿՈՐԴ

«Միլանը» ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ 7:0 հաշվով հաղթանակի արդյունքում կրկնել է ռեկորդ: A Սերիայի այս մրցաշրջանում դա միլանցիների 15-րդ հաղթանակն էր արտագնա խաղերում, ինչը ռեկորդի կրկնություն է: Նմանատիպ ցուցանիշ «Ինտերը» գրանցել էր 2006/07թթ. մրցաշրջանում: Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ատալանտային» հաղթելու դեպքում «Միլանը» կդառնա ռեկորդակիր: Այդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին Բերգամոյում: «Միլանն» Իտալիայի առաջնությունում 7 գոլ նախորդ անգամ խփել էր 25 տարի առաջ «Կրեմոնեզեի» դեմ խաղում (7:1):

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն հայտնել է, որ ակումբը պայմանագիր է կնքել պաշտպանի հետ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ղազախական «Աստանայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է «Կադիս» տեղափոխվելուն: «Արդեն ունենք մեկ ֆուտբոլիստ, որի հետ պայմանագիր ենք կնքել հաջորդ մրցաշրջանի համար: Նա օգուտ կբերի թիմին, սակայն դեռ չեմ կարող նշել նրա անունը: Նա պաշտպան է»,- Մանուել Վիսկանոյի խոսքը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» եւ փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 8 խաղի եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

«Աստանայի» եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է Իսպանիայի առաջնություն տեղափոխվելուն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա կիսապաշտպանի նոր ակումբը կլինի «Կադիսը», որը Իսպանիայի առաջնությունում 12-րդ տեղում է: Ըստ իսպանական Portal Cadista պորտալի՝ «Կադիսն» ու Հարոյանն արդեն համաձայնության են եկել տեղափոխման հարցում: Այժմ Լա լիգայի ակումբը պետք է համաձայնության գա «Աստանայի» հետ:  «Ակումբի նախագահը հաստատեց, որ պայմանավորվածություն կա մի ֆուտբոլիստի հետ, որը դեռ չի խաղացել Իսպանիայի առաջնությունում: Շատ խոսակցություններ կային, բայց այժմ անունը հայտնի է. Վարազդատ Հարոյան, 28-ամյա կենտրոնական պաշտպան Հայաստանից»,- համենայնդեպս դրանում մեզ հավաստիացնում է հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը։

 




Լրահոս