Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ Կրեմլի եւ ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրություններում տարբերություններ կան:
Կրեմլի հաղորդմամբ՝ «հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ին՝ ուշ երեկոյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը շարունակվել է:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահելու անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի խիստ պահպանման մասով:
Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու եւ Երեւանի եւ Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության եւ փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային եւ նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին»:
Մինչդեռ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է զրույցի իր տարբերակը:
«Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Սյունիքի մարզի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում առաջացած իրավիճակի մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաեւ, որ մայիսի 13-ին նա հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:
Վլադիմիր Պուտինն անընդունելի է համարել հետագա սրացումը եւ հույս է հայտնել, որ իրավիճակը շուտափույթ կկայունանա, եւ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն դրա համար՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի իրականացման համար: Ռուսական կողմը վերահաստատել է իր մտադրությունը շարունակել ակտիվ միջնորդական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման:
Զրուցակիցները համաձայնել են, որ ստեղծված իրավիճակից ելքը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի նախնական դիրքեր վերադարձով»:
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ, ինչպես հայտնի է, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, թեեւ պարզ չէ՝ Փաշինյանի կառավարությունը ինչու է դիմել ՀԱՊԿ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի հիման վրա, որն ընդամենը նախատեսում է համատեղ խորհրդատվություններ՝ կոորդինացնելու դաշինքի անդամ-երկրների դիրքորոշումները եւ միջոցներ ձեռնարկելու դիմող պետությանը աջակցություն ցուցաբերելու համար։ Այնինչ գոյություն ունի նույն պայմանագրի չորրորդ հոդվածը, որը անհապաղ ռազմական օգնություն է նախատեսում ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ հարձակման դեպքում։
Հատկանշական է, որ երեկ կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին, երեկ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ ԾՏրՍՏՉրՍՌռ ՍՏՎրՏՎՏսպՓ պարբերականի, հայտարարել է, թե Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել, այնինչ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարը դիմել է ՌԴ-ին նաեւ ռազմական օգնության համար:
Ն.Հ.
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Ես խնդիրներ չեմ տեսնում՝ կապված այն բանի հետ, որ մոտ ապագայում կարող են դրամի արժեզրկման հետ կապված դժվարություններ ծագել: Այս մասին հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը: Այս մասին են, ըստ նրա, վկայում պղնձի բարձր գները եւ զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությունը: Տնտեսագետի պնդմամբ՝ դրամի արժեզրկումը, ինչպես ցույց տվեց կյանքը, բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա, թեեւ որոշ փորձագետներ ասում էին, որ դրամի ցածր փոխարժեքը շահավետ է Ռուսաստան ապրանքներ արտահանելու տեսանկյունից: «Հիմա մենք տեսնում ենք, որ դրամի փոխարժեքի բարձրացումը հանգեցրել է ռուսական հումքի գների 30-ից մինչեւ 70% բարձրացմանը»,- հավելել է տնտեսագետը:
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ոստիկանության տեղեկանքը՝ ՀՀ ընտրողների քանակի վերաբերյալ: Ընտրողների ընդհանուր թիվը, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է: Ամենամեծ թվով ընտրողներն ունի Երեւանը՝ 855 հազար 631: Երեւանին հաջորդում է Կոտայքը՝ 242 հազար 490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45 հազար 791: Նշենք, որ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր:
ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍ
«Սեւան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ հերթապահություն իրականացրել Սեւանա լճի վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Սեւան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 եւ խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց։ Ցանցերն առգրավվում եւ ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հրավիրել էր խորհրդակցություն պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին՝ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն առաջ են քաշել ծրագրի ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ մի շարք առաջարկներ։ Ընդգծելով, որ գազի սակագինը ինքնարժեքի ձեւավորման մեջ շոշափելի դեր է կատարում, առաջարկություն է հնչել վերանայել եւ նվազեցնել գազի սակագինը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար։
ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի եւ հնարավոր զարգացումների շուրջ:
ԿԸՀ-Ն՝ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել ՀՀ մի շարք քաղաքներում եւ միջպետական ավտոճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային վահանակներում տեղադրված, 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառների վերաբերյալ: «ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է 2021թ. հունիսի 7-ից, սակայն հանրապետության մի շարք քաղաքներում եւ միջպետական ավտոճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային վահանակներում տեղադրվել են 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառներ: ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ կարող են տեղադրվել միայն այն վահանակների վրա, որոնք վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից նախապես տրամադրվել են ԿԸՀ-ին, եւ ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:
Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման: Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ»,- նշված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ: