ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը նախագիծ են մշակել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացված լիամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ 44 օր տեւած մարտական գործողությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում ՀՀ Ազգային ժողովն արձանագրում է՝

 

Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտում, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու հիմնարար սկզբունքը, վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ դրույթները, 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ: Ադրբեջանը կիրառեց միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, թիրախավորեց Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցն ու ծննդատունը: Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում զոհվեցին եւ վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում նաեւ՝ կանայք եւ երեխաներ,

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն Արցախին Ադրբեջանի պարտադրած պատերազմում այդ պահին ընթացող մարտական գործողությունների դադարեցման հրամայական էր: Հիմք ընդունելով այս իրողությունները եւ հաշվի առնելով, որ

1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերին: Հռչակագրի ընդունումից 1 տարի հետո՝ 1992-1994թթ., Արցախի Հանրապետությունը պարբերաբար ստիպված է եղել հետ մղել Ադրբեջանի Հանրապետության՝ միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ուղեկցված ագրեսիվ հարձակումները եւ իրեն պարտադրված պատերազմի ընթացքում լռեցնել հակառակորդի կրակակետերը: Եվ ինչպես 1990-ական թթ. պատերազմի արդյունքում ձեւավորված ստատուս քվոն, այնպես էլ 2020թ. պատերազմից հետո առաջացած իրավիճակը տարածաշրջանում չեն կարող երկարատեւ, ամուր խաղաղության եւ կայունության հիմք լինել,

Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ (ինչպես ընդգծել է Արցախի Հանրապետության խորհրդարանը՝ իր 01.03.2021թ. ընդունած հայտարարությամբ), տարբեր ձեւաչափերով մասնակցել է 1992-2020թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին տարածաշրջանային կայունության ապահովման, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով եւ Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նպատակ չի ունեցել: Ավելին, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը՝ որպես կողմ, ստորագրել է զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը՝ հնարավորություն տալով լիարժեքորեն դադարեցնել կրակը եւ ռազմական գործողությունները: 1994թ. հուլիսին ստորագրվել են զինադադարի վերահաստատման, իսկ 1995թ. փետրվարին՝ զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը: Իսկ 1994թ. հուլիսի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է «պահպանել զինադադարի ռեժիմը մինչեւ մեծ քաղաքական պայմանագրի կնքումը», որը փաստորեն խախտել է,

Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը 1992թ. հուլիսի 8-ին ընդունել է որոշում՝ նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարում է.

2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ զինադադարի ռեժիմի պահպանման եւ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,  երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, Արցախի հետ Հայաստանի հուսալի եւ անվտանգ ցամաքային կապը: Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ միաժամանակ կարեւորելով եւ գնահատելով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում,

Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա,

Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է:

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Օրեր առաջ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մեկ մարտական հաշվարկ դուրս է եկել Արարատ քաղաքի Շահումյան փողոց, որտեղ գովազդային վահանակ է այրվում: Ոստիկանությունից  հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժանմունքի օպերատիվ խմբի ծառայողներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 13-ին, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման է ենթարկվել Արարատ քաղաքի 52-ամյա մի բնակիչ։ Պարզվել է, որ նա մայիսի 9-ին բենզինոտ շորով այրել է Արարատ քաղաքի Շահումյան փողոցի գովազդային վահանակի պաստառը։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՆԱՐ-ԴՈՍՈՒՄ

Նախօրեին  «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»  բժշկական կենտրոնից  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նար-Դոս փողոցից «պարանոցի ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի 23-ամյա բնակիչը: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Նար-Դոս փողոցում  իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում  հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենայի ապակու բեկորներ եւ փամփուշտի գնդակ,  հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵԼ Է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվեց։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թ. հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 13-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 9/3 շենք շտապ ոստիկան մոտենա: Տեղում պարզվել է, որ մայիսի 12-ի ժամը 17.00-ից մայիսի 13-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի նշված շենքի բնակարաններից մեկի մուտքը հսկող տեսախցիկը, ապա հարմարեցված գործիքով բացելով դուռը՝ գողացել են ինտերնետային եւ տեսախցիկի հիշողության սարքավորումներ, իսկ ննջասենյակի զգեստապահարանից՝ ոսկյա զարդեր: Տուժողից ընդունվել է հաղորդում։ Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Երեւանի 40 եւ 48 տարեկան երկու տղամարդիկ։ Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին եւ ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն։




Լրահոս