Նախորդող տարիների համեմատ՝ բացառությամբ անցած տարվա, այս տարի քննական կենտրոնների թիվը ավելացել է: Այս տարի կգործի 36 քննական կենտրոն, որից 13-ը՝ Երեւանում, 23-ը՝ մարզերում՝ չհաշված Արցախի Հանրապետության 5 քննական կենտրոնները: Ամենահագեցած օրը հունիսի 18-ն է. քննություն հանձնող դիմորդներն այդ օրը կհանձնեն քննություն Մաթեմատիկա առարկայից: Այս մասին ասել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Մենք արդեն ձեռք ենք բերել համապատասխան թվով դիմակներ եւ ալկոգելներ: Նախորդ տարիների նման չի լինի՝ բացառությամբ, իհարկե, 2020 թվականի. մենք քննասենյակում առավել քիչ թվով դիմորդներ ենք ընդգրկել: Օրինակ, եթե նախորդ տարիներին մենք մեկ քննասենյակում ունենում էինք 100-120 դիմորդ, ապա հիմա ամենից շատ ընդգրկելու ենք 60-80 դիմորդ, այսինքն՝ քննասենյակների թիվը շատացել է: Շատացել է նաեւ կենտրոնների թիվը. նախորդ տարիներին մենք 28-30 քննական կենտրոն էինք հատկացնում, իսկ հիմա մոտավորապես 8 քննական կենտրոն ենք լրացուցիչ ընդգրկել, որպեսզի համավարակի հետ կապված խնդիրները կարողանանք լուծել»,- ասել է նա:
ԳԹԿ փոխտնօրենը նշել է, որ Կոտայքում դիմորդները միասնական քննությունները կհանձնեն ոչ թե Հրազդանում, այլ Չարենցավանում, քանի որ այն առավել կենտրոնական հատվածում է գտնվում, իսկ Սյունիքի մարզում կլինեն երկու քննական կենտրոններ՝ Գորիսում եւ Կապանում: Մյուս մարզերում քննական կենտրոնները կլինեն մարզկենտրոններում:
Կարո Նասիբյանը խոսել է նաեւ քննական կենտրոններում աշակերտների հնարամտությունների մասին: Նա նշել է, որ դիմորդների 99,9 տոկոսը, այնուամենայնիվ, հանգիստ աշխատում է թեստի վրա, մի փոքր տոկոսն է, որ փորձում է դիմել այդ հնարամտությանը:
«Նույնիսկ մենք ինքներս չէինք պատկերացնում, որ այդպիսի բան կարելի է անել դրական գնահատական ստանալու համար, բայց, այնուամենայնիվ, մեր հնարամիտ դիմորդները տարիներ շարունակ փորձում են օգտվել այդ հնարամտություններից: Այսպես, օրինակ, շրջանավարտ-դիմորդը կարող է իր հետ բերել մի քանի հեռախոս, մեկ հեռախոսը հանձնում է, երկրորդը տեսնում ենք, բայց քանի որ նա որեւէ բան դեռեւս չի արել, ասում ենք՝ նստիր, գրիր, բայց, դու մի ասա, նա կարող է ունենալ նաեւ երրորդ, չորրորդ հեռախոսները: Մենք անմիջապես, մոտավորապես 15 րոպե հետո արդեն գիտենք՝ ով է թիրախավորված եւ ռիսկի տակ: Ասեմ, որ նախորդ տարիների նման լինելու ենք խիստ. հեռախոս հայտնաբերելու, արտագրելու դեպքում անմիջապես հեռացնելու ենք, մնացած դեպքերում մեկ անգամ նախազգուշացումից հետո ենք նոր հեռացնելու»,- ասել է նա:
ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ այս տարի դիմորդների մասնագիտության ընտրության կողմնորոշվածությունը մեծ տոկոս է կազմել, որը նա կապում է այս տարի առաջարկված մեկ բուհ-մեկ մասնագիտության հետ: «Այս տարվա մեր մրցույթի գործընթացը փոխվել է. հայտագրվում են մեկ մասնագիտություն եւ հանձնում են այդ մասնագիտության համապատասխան առարկաները: Տարիներ շարունակ դիմորդներն առաջին հայտով դիմել են այն մասնագիտությունների համար, որոնց համար իրենք էլ գիտեն, որ համապատասխան գնահատականը չեն ստանալու: Օրինակ՝ սկսում էին իրավագիտությունից, վերջացնում էին աստվածագիտությամբ կամ արվեստաբանությամբ. այնքան որ մի տեղ ընդունվեին: Հիմա կարծես այդ բաշխվածությունը հավասարաչափ է: Օրինակ՝ այլեւս իրավագիտություն մեծ մասը չի գրում»,- դիտարկել է նա:
ԳԹԿ փոխտնօրենը հիշեցրել է նաեւ, որ առաջին հայտով նշած ֆակուլտետը չընդունվելուց հետո (արդյունքները հաստատվելուց հետո) դիմորդը հուլիսի 19-26-ը կարող է լրացնել թափուր տեղի համար դիմում-հայտը մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ: Հիշեցնենք, որ այս տարի միասնական քննությունները սկսվելու են հունիսի 8-ին, ավարտվելու են հունիսի 25-ին:
ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է 564 ՔԱՂԱՔԱՑԻ
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca» եւ 380 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութ է ստացել: Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Մայիսի 13-ի դրությամբ պատվաստվել է 564 քաղաքացի՝ «AstraZeneca»-ով՝ 435, «Sputnik-V» -ով՝ 129 շահառու: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում անվճար EU կամավորության սկզբունքով:
ՆԱԽԱՐԱՐԸ ԳՆԱՑ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ 2021 թվականին Տավուշի մարզում 5000 հեկտար անջրդի տարածք կդառնա ոռոգելի՝ կրկնապատկելով Տավուշում ոռոգելի տարածքների մակերեսը։ Նրա խոսքերով՝ ավելի քան 6 միլիարդ դրամի ոռոգման սուբվենցիոն ծրագրերի արդյունքում, որոնք նախատեսվում են իրականացնել 2021 թ?-ին, մարզում գյուղատնտեսական արտադրության զգալի աճ է նախատեսվում։ Հայկ Չոբանյանը նշել է, որ քանակական փոփոխություններին զուգահեռ՝ խոսքը հողի տեսակի փոփոխության, առավել շահավետ մշակաբույսերի աճեցման մասին է, ոռոգելի մեկ տարածքում գյուղատնտեսության արդյունավետությունը առնվազն 10 անգամ գերազանցում է ոչ ոռոգելի տարածքին։ Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Տավուշի նոր մարզպետը կիրականացնի՞ այս տարի 5 հազար հեկտար անջրդի հողերը ոռոգելի դարձնելու Հայկ Չոբանյանի խոստումը։ Հ. Չոբանյանն աչքի է ընկնում անիրատեսական խոստումներով։ 2019թ. մայիսի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում որպես մարզպետ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է 5 տարում արտերկրից 5 հազար հայ ընտանիք Տավուշի մարզ վերաբնակեցնելու, 2 տարում՝ 2019-2021թթ. Տավուշի մարզում չօգտագործվող հողեր չթողնելու իր ծրագրերի մասին։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Տավուշի մարզում չեն պահպանվում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի կանոնները, մասնավորապես՝ բնակիչները պաշտպանիչ դիմակներ չեն կրում։ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի, մարզի մյուս քաղաքների փողոցներում մարդիկ քայլում են առանց դիմակի, դիմակներ կրում են բանկեր, այլ հաստատություններ մուտքի ժամանակ, քանի որ դա այդ հաստատությունների կողմից այցելուներին ներկայացվող պահանջ է: Իջեւան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու «Գազելների» ուղեւորները երկժամյա ուղերթի ժամանակ պաշտպանիչ դիմակներ չեն կրում։ Մարդիկ պատերազզմից, հազարավոր զոհերից հետո անտարբեր են դարձել կորոնավիրուսի վտանգի դեմ, իսկ Առողջապահության նախարարության կամ այլ մարմինների կողմից համապատասխան հսկողություն չկա։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ
Իջեւանի համայնքապետարանն իրականացնում է բարեկարգման աշխատանքներ քաղաքի կենտրոնական հատվածներում: Տավուշի մարզկենտրոնի Շատրվանների հրապարակում կատարվում է սալիկների փոխարինման եւ վնասված բազրիքների վերականգնման աշխատանքներ, որոնք կշարունակվեն նաեւ Վալանսի փողոցում: Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր ճաղարյանն ասաց, որ այդ աշխատանքների համար համայնքի բյուջեից հատկացվել է ավելի քան 900 հազար դրամ։
ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ
2021թ. մարտի 4-ին, «Սիթի Օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նա 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ «Սիթի Օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու մինչեւ 25 տարեկան երիտասարդների եւ նրանց ընտանիքների կողքին, օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվար ճանապարհը:
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ
Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրի, թե ճիշտ էր արդյոք աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը իր կողմից գլխավորելը։ Նա հայտնեց, որ ինքը երեխաների կյանքը փրկող, մանկական քաղցկեղի դեմ պայքարող հիմնադրամի հետ համագործակցում է դեռ 2014 թվականից, երբ այդ կենտրոնը գտնվում էր Մուրացան փողոցում։ Նա հայտնեց, որ նախկինում այդ հիմնադրամը կոչվում էր «Նվիրի՛ր կյանք», հետո դարձավ «Սիթի Օֆ Սմայլ» (Ժպիտների քաղաք» ), առաքելությունը նույնն է՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին կյանք նվիրել: Տավուշի թեմի առաջնորդն ասաց՝ 2020թ. աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ժամանակ, «Սիթի Օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») հիմնադրամի գործունեությունը պասիվացավ, սակայն այժմ գործունեությունը վերսկսվել է: Բագրատ Սրբազանն ասաց, որ 2020թ. դեկտեմբերին Աննա Հակոբյանը հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց, մարդասիրական կազմակերպությունում իր առաքելությունը կապ չունի եկեղեցական աստիճանակարգում իր առաջխաղացման հետ, ինքը զբաղվում է մարդասիրական առաքելությամբ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ