«ՆԱԽԿԻՆ ԹԱԼԱՆՉԻՆԵՐ» ԳՈՌԱԼՈՎ՝ ԽԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԱՐՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին մշտապես խոսող հեղափոխական իշխանությունների օրոք առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը դրսեւորում է ճիշտ այնպիսի վարք, ինչը քննադատում էր նախկինում եւ մինչ օրս: Նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն:

Թե ինչպես, բացատրենք. բանն այն է, որ նույն «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե 2017, 2018, 2019 եւ 2020 թվականների կտրվածքով որքան գումար է տրամադրվել «Միբս» բժշկական կենտրոնին եւ ինչ հիմնավորմամբ: Ստացել ենք պաշտոնական պատասխան այն մասին, որ 2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանը իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝  98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի: Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով:

Որպես հիմնավորում՝ պաշտոնապես նշվում է, թե գումարները փոխանցվել են կատարողականների դիմաց: Բայց ակնհայտ է, որ այստեղ գործում է առաջին հերթին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, որն առաջին օրվանից խոստանում է վերացնել գործող իշխանությունը ու հետեւողականորեն չի անում: Նրանք մերժում էին նախկին բարքերը, բյուջեի հաշվին հարստացողներին, եւ հիմա ստացվում է, որ զերոյական պետական ֆինանսավորում ունեցող բժշկական կենտրոնը նախարար ամուսնու շնորհիվ սկսել է պահանջարկ վայելել, բժշկական կենտրոն այցելուների թիվը կտրուկ ավելացել է, եւ 2020-ին ստացել 127.6 մլն դրամ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկումներ են սկսվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կապված մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքերի հետ, երբ ադրբեջանական կողմին հաջողվել էր անցնել Հայաստանի սահմանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) եւ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկում է սկսվել, որ այս քրեական գործի հարուցումից հետո հարցաքննությունը պետք է սկսել Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից: Այն տեսակետն է արտահայտվել, որ եթե Գլխավոր շտաբի կամ նրա ղեկավարի առնչությամբ ուսումնասիրություններ չսկսվեն, եւ նրան մեղադրանք չառաջադրվի, ապա այս ամեն ինչը միայն շոու է: Իրավապահ համակարգում եւս այն տեսակետն է արտահայտվել, որ գլխավոր պատասխանատուն հենց Արտակ Դավթյանն է: Եվ հիմա մնում է հասկանալ՝ այս քրեական գործի հարուցումը շոու էր, գոլորշի բաց թողելու քայլ, թե իսկապես գործողություններ կլինեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարությունում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի եւ նախկին նախարար, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի դիրքերը ամրանում են: Այս երեք անձինք են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ մուտք ու ելք ունենում ու նրան զեկուցում երբեմն անցանկալի ինֆորմացիա: Կամաց-կամաց իշխանության ներսում այս թոփ եռյակի նկատմամբ լարվածություն է առաջանում: Ըստ մեր տեղեկությունների՝ Ավինյան-Թորոսյան-Հարությունյան խումբը տարբեր անձանց մասին այնպիսի ինֆորմացիաներ է տվել վարչապետին, որ դրա արդյունքում մարդիկ կա՛մ ազատվել են աշխատանքից, կա՛մ հայտնվել ՀՀ վարչապետի սեւ ցուցակում` շարքային աշխատակիցներից սկսած մինչեւ ամենաբարձր պաշտոն ունեցող անձինք: Վերջիններս մշտապես դժգոհում են տարբեր նախարարների աշխատանքներից, իսկ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, օրինակ, արդեն նրանց թիրախում է: Եռյակը որեւէ կապ չի պահում իշխանական խմբակցության պատգամավորների հետ, ու շատերը սեւ ցուցակներում են հայտնվել նաեւ պատգամավորներից: Խիստ մշուշոտ է այսօրվա լուծարված խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնության ապագան:

 

 

Հայաստանում մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է։ Պատճառը դրսից ներկրվող մակարոնն է, որով ողողված է հայկական ողջ շուկան, եւ տեղական արտադրողները չեն դիմանում մրցակցությանը։ Նշենք, որ ռուսական արտադրության մակարոնը մեր շուկայում մեծ տեսակարար կշիռ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում մակարոնի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մարտ ամիսներին 33.8 տոկոսով պակասել են։ Այս տարվա առաջին երեք ամիսներին արտադրվել է 1131 տոննա մակարոն՝ նախորդ տարվա 1710 տոննայի դիմաց։ Մակարոնի՝ տեղական շուկայում ստեղծված այս իրավիճակի հետեւանքով որոշ տնտեսվարողներ, հնարավոր է, առաջիկայում դադարեցնեն իրենց արտադրությունը: Մակարոն արտադրողները խիստ մտահոգված են, որովհետեւ իրենք մակարոն արտադրելու համար մեծ ծախսեր են անում. էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է, որն էլ մակարոնի արտադրության ոլորտում տեսակարար կշիռ ունի։ Ի դեպ, մակարոն ներմուծողները (հիմնականում ներկրվում է ՌԴ-ից) ավելի շատ են օգտվում, քան նրանք, որոնք մակարոն են արտադրում: Եվ արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում իրենց ունեցածը սպառել կամ էլ այն իրացնում են ավելի էժան` այդպիսով մեծ վնասներ կրելով:




Լրահոս