ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին եւ արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ սահմանվել է՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության արտաքին գնահատում կիրականացվի 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:

 

Համաձայն նոր կարգի` պետական նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության միջոցով: Կազմակերպության ընտրությունը կկատարվի սահմանված կարգով` սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակում:

Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվելու է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկից տվյալ ուսումնական հաստատության հիմնադրի ընտրած կազմակերպության կողմից: Արտաքին գնահատման ժամանակ հաշվի են առնվում սաներին մատուցվող կրթական ծառայությունների որակի եւ նախադպրոցական կրթության չափորոշչի համապատասխանությունը, ինչպես նաեւ կրթության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները: Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական եւ տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի եւ ուսումնական հաստատության ներկայացուցիչները` վերջին 5 տարվա գործունեության արդյունքների հիման վրա:

Արտաքին գնահատման արդյունքներն ամրագրվում են հավաստագրի միջոցով: Գնահատման չափանիշներով սահմանված միավորների առնվազն 75 տոկոսը ստանալու դեպքում հաստատությանը հինգ տարի ժամկետով տրվում է հավաստագիր: Գնահատման արդյունքների հիման վրա ձեւավորվում է վարկանիշային ցանկ, որը հրապարակվում է նախարարության կայքում:

Գործունեության ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպական-իրավական ձեւից եւ ենթակայությունից: Ներքին գնահատումն ուսումնական հաստատության ինքնավերլուծությունն է, որն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական եւ մանկավարժական աշխատողները, սաների ծնողները: Նշենք, որ ներքին եւ արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության հաստատած հարցաշարերի հիման վրա:

Ներքին եւ արտաքին գնահատման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովումն ու նախադպրոցական կրթության որակի բարելավումն է` կրթական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության խթանումը:

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՓԱԿԵԼ

Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչները Նախօրեին  երկկողմանի փակել էին Գյումրի-Երեւան մայրուղին։ Գյուղի բնակիչ Սեւակ Բաղդասարյանի խոսքով՝ նախօրեին ոռոգման ջուրը կտրել են։ Գյուղի 40%-ն է միայն ջրել իր հողատարածքը, 60%-ը չի ջրել։ Դիմել ենք գյուղապետարանին, ասել են, որ չեն կարող մեզ օգնել, որովհետեւ խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է:

Ավելի ուշ նրանք բացեցին Գյումրի-Երեւան մայրուղին՝ գյուղապետի եւ ոստիկանների խնդրանքով: «Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը զանգահարել է ոռոգման ջուրը սպասարկող ընկերության ներկայացուցչին, որն  ասել է, թե պետք է մայիսի 20-ին ջրերը տային, բայց որ զանգել ենք, ամսի 18-ին մինչեւ 13։30-ը կտան ջուրը։  Բայց մենք հիմա ենք ուզում, որովհետեւ այդ ընթացքում մեր այգիները կչորանան»,-ասում է Ս. Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ մարզպետարանից խոստացել են այցելել Արտենի՝ տեղում ծանոթանալու խնդրին։

 

 

ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ: «Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը` որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով եւ պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով: Առողջապահության նախարարությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաեւ համատեղ քայլեր են ձեռնարկում` ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում:«Որպես COVAX նախաձեռնության համաղեկավարող կառույցներից մեկը՝ ԱՀԿ-ի գերակայություններից է՝ ապահովել COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Քանի դեռ աշխարհը շարունակում է պայքարել COVID-19 համավարակի դեմ, պատվաստանյութերի մեծ քանակի մատակարարումը կյանքեր փրկելու եւ ավելի նորմալ կյանքի վերադառնալու հույս է ներշնչում։ Անվտանգ եւ պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, այլ պաշտպանիչ միջոցառումների հետ մեկտեղ, կօգնի մարդկանց առողջ լինել, բացել տնտեսությունները եւ կանգնեցնել համավարակը։ COVAX Facility ծրագրի միջոցով, միջազգային համերաշխության շնորհիվ, պատվաստանյութերն արդեն հասնում են կարիքը ունեցող բոլոր երկրներ»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցեւը: «Մենք ուրախ ենք, որ Հայաստանն այն երկրներից է, որն արդեն ստացել է պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը, եւ Առողջապահության նախարարությունը երկրում բնակվող բոլոր մարդկանց տրամադրում է անվճար պատվաստանյութեր` ապահովելով պատվաստումների հասանելիությունը»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

 

 

ԾԵԾԵԼ Է 12 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՅԻՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել է Թամարա Մայիլյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Իջեւան քաղաքի  Մետաղագործների 16/2 շենքի շքամուտքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծել է՝ քաշքշել, այնուհետեւ ձեռքի ափով հարվածել է Իջեւան քաղաքի անչափահաս բնակիչ, 2008թ. սեպտեմբերի 18-ին ծնված Սամվել Բադալյանի աջ այտին, որից հետո կսմթել է նրա երկու այտերը՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Թ. Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

ԽԱՉՔԱՐ՝ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Բերդ համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ  Մայրիվանքի հարակից տարածքում կայացավ 2020թ. hայոց հողի համար զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի օրհնության արարողություն: Միջոցառմանը ներկա էին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, բնակավայրերի  վարչական ղեկավարները, զոհված զինծառայողների հարազատները: «Այս խաչքարն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն տեղադրված է երիտասարդների կողմից մեր հերոսների համար, հերոսներ, որոնք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց բոլորս ենք համոզված` նրանք մեզնից երկար են ապրելու»,- իր ելույթում նշեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Դիմելով խաչքարի տեղադրումը նախաձեռնող երիտասարդներին` համայնքի ղեկավարը  շնորհակալություն հայտնեց, որ հիշում են իրենց  ընկերներին եւ  պատրաստ են  շարունակել նրանց կիսատ գործը։ Ելույթ ունեցան նաեւ  Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Մովսեսի եւ հարակից բնակավայրերի հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը, միջնադարագետ, վիմագրագետ Արտաշես Շահնազարյանը,  44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած զինծառայող Վարուժան Սաղումյանի պապը` Ռաֆայել Սաղումյանը: Նախաձեռնող երիտասարների անունից ելույթ ունեցավ Կալին Մանուչարյանը:

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս