ՎԵՐՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԳՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ շաբաթ է՝ ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք: Փորձենք ամփոփել, թե այս ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին կատարվող գործողություններին ինչպես է արձագանքել միջազգային հանրությունը:

 

Այսօր վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ», – նշել էր նա:

ՀԱՊԿ-ին դիմելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է վեց  օր, սակայն դաշինքի անդամ-երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների խորհրդակցության մասին տեղեկություն չկա։

Ռուսաստանի հետ Հայաստանը կապված է նաեւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին», ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» դեռ 1997-ին ստորագրված պայամանագրերով։

ՀԱՊԿ արձագանքի փոխարեն, երեկ արձագանքեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, թե ռուսական կողմը պատրաստ է օգնել երկու կողմերին էլ:

Ինչո՞ւ է ուշանում ՀԱՊԿ արձագանքը, եւ ի՞նչ սպասել ռուսական կողմից: Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպայի հետ:

-Պարո՛ն Չեպա, ո՞րն է Ձեր տեսակետը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ:

-Առաջին հերթին պետք է ասել, որ միանշանակ է, որ հարցերը եւ առհասարակ բոլոր հարցերը, որոնք կապ ունեն սահմանների հետ, պետք է լուծվեն միայն բանակցությունների սեղանին: Այլընտրանք չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, եւ, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունն այստեղ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մեկ անգամ է ասել եւ նման հայտարարություններ արել: Չպետք է թույլ տալ որեւէ պրովակիացիա որեւէ մեկի կողմից, եւ այն պայմանավորվածությունները, որոնք նախկինում ձեռք են բերվել, պետք է միանշանակ կատարվեն: Չպետք է թույլ տալ, որ տանջվեն խաղաղ մարդիկ:

-Արդեն 6-րդ օրն է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն մենք տեսնում ենք, որ որեւէ արդյունք չկա: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

-Ես չեմ կարող պատասխանել, թե  ինչու է արձագանքն այսքան ուշանում: Կարող ենք եզրակացնել, եւ այդպես եմ հասկանում, որ ինչ-որ բանակցություններ վստահաբար իրականացվում են այս հարցով: Միանշանակ է, որ հետագայում որեւէ սրացումներ չպետք է լինեն, եւ հույս ունեմ, որ հարցը կկարգավորվի:

-Իսկ միայն հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունի՞ց: Ամեն դեպքում, կան նաեւ երկկողմանի պայմանագրեր, որոնցով պետք է օգնություն լինի, սակայն մենք տեսնում ենք, որ ակտիվորեն արձագանքում է Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՌԴ-ն: Ո՞րն է ի վերջո ՌԴ-ի տեսակետը:

-Այսպես, եւս մեկ անգամ ասեմ, որ ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների շրջանակներում: Եվ այն տարածքները, որոնք անօրինական վերցվել են, պետք է ազատագրվեն, եւ ամեն ինչ պետք է վերադարձվի ստատուս-քվոյի:

-ՌԴ-ի դիրքորոշումը դա՞ է:

-Ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ շահագրգռված է, որ կոնֆլիկտի ոչ մի էսկալացիա սահմանին չլինի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները փոքր-ինչ ավելացել են:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 4 մլն 815 հազար 100 դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 5 մլն 209 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեզ հայտնի դարձավ նաեւ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Դրանց թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 496 հազար 500 դոլարի չափով օգնություն, մինչդեռ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 1 մլն 100 հազար 700 դոլորի չափով մարդասիրական օգնություն:

Մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնության ծավալն է ավելացել. Ֆրանսիայից ՀՀ եկել է 564 հազար 400 դոլարի չափով օգնություն: Ֆրանսիայից 2020 թվականի հունվար-մարտին Հայաստան եկել է 179 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Անցյալ տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 84 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ, ահա, այս տարվա հունվար-մարտին Շվեյցարիայից Հայաստան ուղարկվել է 40 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկվել նաեւ Ռուսաստանից, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՌԴ-ից ՀՀ ստացվել էր 7100 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ուկրաինայից ո՛չ անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին է մարդասիրական օգնություն եկել Հայաստան, ո՛չ էլ այս տարվա նույն ժամանակահատվածում:

Բացի այս, ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հնդկաստանից Հայաստան նվազել են մարդասիրական օգնության ծավալները, փոխարենը այս տարվա հունվար-մարտ ամիսներին Չինաստանից ՀՀ ստացվել է 1 մլն 109 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն՝ նախորդ տարվա 557 հազար 400 դոլարի դիմաց:

Ս.Հ.

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ի ինքնասպանության դեպքից: Մասնավորապես, զինվորը տեւական ժամանակ իր հարազատներին ասել է, որ չի հարմարվում ծառայության հետ, խոսակցություններ կան, որ կրկին պատերազմ կարող է սկսվել, ինքը շատ է վախենում, չի ուզում ծառայել: Զինվորի ծնողները նաեւ այս մտահոգություների մասին հայտնել են իրավապահներին, որ որդին իրենց հետ նման խոսակցություն է ունեցել: Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը եւ վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, եւ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԶԵՆՔ ՏԵՂԱՓՈԽԵԼ

Իրավապահները շարունակում են բացահայտել՝ 44-օրյա պատերազմից հետո ինչ զինամթերք է տեղափոխվել Հայաստան, եւ ովքեր են այդ անձինք: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգոր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2021թ. փետրվար ամսին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետությունում` Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին, մաքրման աշխատանքներ կատարելիս ծառի տակից գտել է պայուսակ, որում եղել է ռազմամթերք հանդիսացող 117 հատ գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի փամփուշտ, որոնք տարել է Ստեփանակերտ քաղաքի՝ չպարզված հասցեում գտնվող իր ժամանակավոր բնակարան եւ ապօրինի պահել այնտեղ, որից հետո՝ 2021թ. մարտի 9-ին, դրանք իր հարազատների հետ տեղավորելով թղթե արկղում՝ ապօրինի տեղափոխել է ՀՀ եւ պահել Արմավիրի մարզի Ամասիա գյուղի 7 փողոցի 6 տուն հասցեում գտնվող իր տան ննջասենյակում, որն էլ 2021թ. մարտի 12-ին ոստիկանության Արմավիր բաժնի աշխատակիցները հայտնաբերել են նրա բնակարանի խուզարկությամբ:  Այսինքն՝ Գրիգոր Եղիշի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

 

 




Լրահոս