Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին եւ 13-ին իրականացված սադրանքներից հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել է Հավաքական պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների եւ Հավաքական անվտանգության կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգը (ոչ պաշտոնական թարգմանություն).
Սույն կանոնակարգը սահմանում է ճգնաժամային իրավիճակների կանխարգելման (կարգավորման) առաջարկների եւ ՀԱՊԿ անդամ երկրներին անհրաժեշտ օժանդակության տրամադրման, ինչպես նաեւ համապատասխան որոշումներ կայացնելու մեխանիզմի պատրաստման գործառույթները: Ճգնաժամային իրավիճակները կանխելու (կարգավորելու) համատեղ միջոցառումների վերաբերյալ որոշումներ կայացնելու մեխանիզմը նախատեսում է Կազմակերպության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների մարմինների գործողությունների հաջորդականությունը եւ դրանց փոխգործակցությունը: Համատեղ գործողությունների վերաբերյալ ճգնաժամային իրավիճակները կանխելու համար որոշումների ընդունումն իրականացվում է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, Հավաքական անվտանգության պայմանագրի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության, ՀԱՊԿ-ում կնքված այլ միջազգային պայմանագրերի: Սույն Կանոնակարգով նախատեսվում է պաշտպանել ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունը, կայունությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ համատեղ հակազդեցություն ցուցաբերել կոլեկտիվ անվտանգության մարտահրավերներին եւ վտանգներին:
Սույն Կանոնակարգի նպատակով դրանում օգտագործվող տերմինները նշանակում են.
«Ճգնաժամային իրավիճակ» – ՀԱՊԿ անդամ մեկ կամ մի քանի երկրներում իրավիճակի աճող սրացում, որն ուղղակիորեն սպառնում է նրա (նրանց) անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ կարող է ՀԱՊԿ անդամ պետությունների անհրաժեշտ օժանդակության բացակայության պայմաններում բերել այդ երկրի (երկրների) կողմից գործառույթները կատարելու անկարողությանը եւ (կամ) կոլեկտիվ անվտանգության տարածաշրջանի ապակայունացմանը,
«Արտակարգ իրավիճակ» – վթարի, վտանգավոր բնական երեւույթի, աղետի, բնական կամ այլ աղետի հետեւանք, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդու առողջության կամ շրջակա միջավայրի վնասների, նյութական զգալի կորուստների եւ մարդկանց կենսապայմանների խաթարման,
«Մարդասիրական օգնություն» – անհատույց օգնություն, որը տրամադրվում է ճգնաժամային իրավիճակներից տուժած բնակչության խմբերին բժշկական եւ սոցիալական օգնություն ցուցաբերելու համար,
«Նյութատեխնիկական օժանդակություն» – ապրանքների մատակարարման, աշխատանքի կատարման, արտոնյալ եւ (կամ) անվճար հիմունքներով իրականացվող ծառայությունների մատուցման օժանդակություն՝ պետական մարմիններին ֆինանսական միջոցներ, սարքավորումներ, տրանսպորտ եւ իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների այլ տեսակներ տրամադրելու նպատակով,
«Առաքելություն» – անդամ պետությունների մասնագետների խումբ, որը բաղկացած է ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներից, որոնք նշանակվել են սույն Կանոնակարգի համաձայն եւ ժամանակավորապես ուղարկվում են ճգնաժամային գոտի՝ իրավիճակը վերահսկելու, իրավիճակին տեղում ծանոթանալու եւ Կազմակերպության կողմից՝ ճգնաժամային իրավիճակը կանխելուն (հանգուցալուծմանն) ուղղված հետագա քայլերի մասին առաջարկություններ մշակելու, ինչպես նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով,
«Համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողություն» – Ներքին գործերի մարմինների (ոստիկանության), անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների կողմից համատեղ եւ մեկ պլանի համաձայն իրականացվող օպերատիվ-որոնողական, վերահսկողական, կանխարգելիչ եւ այլ միջոցառումների շարք՝ ներքին գործերի մարմինների եւ հատուկ ծառայությունների, սահմանապահ գերատեսչությունների եւ այլ պետական մարմինների կողմից՝ համաձայն իրենց ազգային օրենսդրության:
Խորհրդի արտահերթ նստաշրջանների եւ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհուրդների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի քննարկմանը ներկայացված փաստաթղթի նախագծի ներքին հաստատման անհրաժեշտության դեպքում այն համարվում է համաձայնեցված, եթե ՀԱՊԿ անդամ պետությունը ՀԱՊԿ քարտուղարությանը չի ներկայացնում պաշտոնական մեկնաբանություններ եւ առաջարկներ ոչ ուշ, քան հաստատման ներկայացված նախագիծը ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում: Խորհրդի նստաշրջանների եւ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհուրդների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի քննարկմանը ներկայացված փաստաթղթի նախագծի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետության կողմից պաշտոնական մեկնաբանություններ եւ առաջարկներ ստանալու դեպքում դրանք անհապաղ քննարկվում են ՀԱՊԿ մշտական խորհրդի կողմից:
ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԵԹԵՐԱԺԱՄԻ ԳԻՆԸ
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում սահմանվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտարական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
Նիստի օրակարգում եղել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին հարցերը:
«Հանձնաժողովի անդամները փակ եւ գաղտնի քվեարկության միջոցով ընտրեցին հաղթողներին: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակիցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ թիվի» եւ Վայոց ձորի մարզում՝ «Ձագեձոր հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 527 եւ 415 միավոր»,- նշում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից:
Մրցույթի անցողիկ նվազագույն շեմը 280, իսկ առավելագույնը՝ 840 միավորն է։
Անդրադառնալով օրակարգի հաջորդ հարցին՝ նշվել է, որ համաձայն ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ին ստորագրած «Ազգային Ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին» հրամանագրի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել 2021 թվականի հունիսի 20-ը: Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը՝ հանձնաժողովը սահմանեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրային ռադիոյի համար՝ 1 800 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն):
ՀԱՐՎԱԾԵԼ Է ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԳԼԽԻՆ
Վալերիկ Թամամյանը ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասված պատճառելու դիտավորությամբ 2020թ. մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հնձան տեղամասում նշված պահաբաժնի անտառապահ Մեխակ Պետրոսյանի հետ առանց վերջինիս տեղյակ պահելու անտառ մուտք գործելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ նրա կողմից ապտակ ստանալուց հետո, գետնից վերցրել է քար եւ դիտավորությամբ հարվածել Մեխակ Պետրոսյանի գլխին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս։ Վ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզ առաջին ատյանի դատարանում։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում հաճախ կարելի է տեսնել Երեւանից ժամանած, կոկիկ հանգնված երիտասարդների եւ աղջիկների, որոնք Եհովայի վկաների վերաբերյալ քարոզ են կատարում, գրքույկներ եւ ամսագրեր տարածում: Նրանք Նոյեմբերյանում տուն են վարձակալում, ամիսներով բնակվում սահմանամերձ քաղաքում: Եհովայի վկաների թիվը շատ է Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղում: Մի քանի տարի առաջ Նոյեմբերյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնում, որպես այլընտրանքային ծառայություն, որպես բանվոր էին աշխատում Դեբեդավան գյուղից եղբայրներ, որոնք Եհովայի վկաներ են։ Եհովայի վկաների քանակը մեծ է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատանքներին, այլընտրանքային ծառայության շրջանակներում սանիտարական մաքրում, ծառատունկ, աղբահանություն եւ այլ աշխատանքներ են իրականացնում Եհովայի վկա երիտասարդներ: Կրոնական այդ ուղղության ներկայացուցիչները Իջեւանում պարբերաբար մեծ հավաքներ են անցկացնում, որոնց մասնակցում են ընտանիքներով, ներկա են լինում նույնիսկ փոքրահասակ երեխաներ: Այդ հավաքներին Երեւանից եկած քարոզիչները քարոզներ են կարդում, հավաքի մասնակիցները միասին հոգեւոր երգեր են երգում: Ադրբեջանում, Ռուսաստանի Դաշնությունում Եհովայի վկաների գործունեությունը օրենքով արգելված է: Եհովայի վկաները մերժում են զինված ծառայությունը, արյան փոխներարկումը: Սահմանամերձ Տավուշի մարզում, ուր մշտապես առկա է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, վերջին տասնհինգ տարում Եհովայի վկաների թիվը մեծացել է, ինչը սպառնալիք է մարզի անվտանգության համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ