ԳՆԱՃԸ, ՏԱՐԵՎԵՐՋԻՑ ՍԿՍԱԾ, ԿՆՎԱԶԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում, 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով, վարկավորման տեմպերը ավելի բարձր են եղել, քան կանխատեսել է Կենտրոնական բանկը: Այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը: «Բանկերի վարքագիծը 2021-ին, մեր ակնկալիքներով, պետք է լիներ ավելի կոնսերվատիվ: Մենք ակնկալում էինք, որ վարկավորման տեմպերն ավելի թույլ էին լինելու: Բայց առաջին եռամսյակը ցույց է տալիս, որ վարկավորման տեմպերը մեր ակնկալիքից ավելի բարձր են»,-ասել է  Մ. Գալստյանը:

 

Սակայն կա որոշակի պայմանների խստացում: Կան հաճախորդների շերտեր, որոնք բանկերի տեսանկյունից դիտարկվում են ավելի ռիսկային, այսինքն՝ բանկերը կարող են նրանց վարկ չտրամադրել կամ նրանց նկատմամբ կիրառել ավելի բարձր տոկոսադրույքով վարկավորման քաղաքականություն: Խոսելով 2020-ից՝ ԿԲ նախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի ազգաբնակչության եւ բիզնեսի եկամուտները որոշակիորեն նվազել են, եւ որոշ քաղաքացիներ, տնտեսավարողներ ունեցել են խնդիրներ՝ իրենց վարկերի սպասարկման հետ կապված: Սակայն, ըստ Գալստյանի, բանկերի կողմից ցուցաբերվել է շատ շրջահայաց ու խելացի քաղաքականություն:

«Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով վարկային պայմանագրի ժամկետը, մյուս դեպքում որոշակիորեն նվազեցնելով տոկոսադրույքները: Այսինքն՝ անհատական մոտեցում ցուցաբերելով՝ փորձել են այդ խնդիրները լուծել»,- ասել է նա: Ըստ Գալստյանի՝ բանկերի եւ հաճախորդների միջեւ նախորդ տարի սկսված երկխոսությունը այս տարի դեռեւս շարունակվում է: Կան հաճախորդներ, որոնք նույնիսկ մինչ այս պահը գտնվում են ավելի արտոնյալ իրավիճակում, քան նախատեսված էր վարկային պայմանագրերով:

Ըստ նրա՝ գնաճային միտումները կրում են ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ, գնաճը, տարեվերջից սկսած, կնվազի ու կմոտենա ԿԲ նպատակային 4 տոկոս ցուցանիշին:  «Նախորդ տարեվերջից սկսված՝ ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արագացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող եւ դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով, ուստի այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ եւ տարեվերջից սկսած՝ կնվազի ու կմոտենա մեր նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- ասել է նա:

Վերջինս հավելել է, որ, չնայած գնաճի եւ գնաճային սպասումների որոշակի ավելացմանը, դրանք նաեւ Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում գնահատվում են կառավարելիության տիրույթում եւ հիմնականում խարսխված են: Սակայն, դրան զուգահեռ, ԿԲ հարցումների համաձայն՝ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ինչը կարող է գնաճային սպասումների ապագա արագացման ռիսկեր առաջացնել: Ուստի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հետեւողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը:

Նշենք, որ 2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%: 2021թ. մայիսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0 տոկոս:

 

 

212 ՆՈՐ ԴԵՊՔ

Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221139 դեպք, որոնցից 209222-ը` առողջացած, 4346-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1042821 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք: Ունենք 323 առողջացած եւ 13 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1064 է:




Լրահոս