ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ բնակչությանը տրամադրված վարկերին առնչվող հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է գտել մասնագիտական հանրության և քաղաքական շրջանակներում: Որքանո՞վ է իրատեսական վարկերը զիջելը, ի՞նչ կառուցակարգերով է հնարավոր դա անել: Հնարավո՞ր է, արդյոք:
Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, միջազգային փորձագետ Գագիկ Վարդանյանի հետ։
-Պարոն Վարդանյան, ի՞նչ կարծիքի եք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվել է, որ Հայաստանում 2.2 մլն վարկառու կա: ՀՀ բնակչության թիվը 2.9 մլն մարդ է, այսինքն, ընտանեկան տնտեսությունների թիվը կազմում է մոտավորապես 740 հազար: Հետևաբար, յուրաքանչյուր ընտանիքին բաժին է հասնում 3 վարկառու:Ստացվում է, որ բոլոր ընտանեկան տնտեսությունները հայտնվել են «պարտքային փոսում»: Եթե նկատի առնվի, որ ընտանեկան տնտեսությունների մի փոքր մասը զերծ են մնացել «վարկավորման արատավոր շրջանում» հայտնվելուց, ապա կլինեն ընտանեկան տնտեսություններ, որոնք ունեն 5-6 վարկ ունեցողներ: Ինչպե՞ս է դա ստացվում: Երբ մի բանկից վերցրած վարկի դիմաց ամսական տոկոսները կամ ըստ ժամանակացույցի մայր գումարը հնարավոր չի լինում մարել, մարդիկ դիմում են վարկավորման այլ աղբյուրի, իսկ երբեմն հնարավոր չի լինում դա անել և նրանց վարկերը դառնում են ժամկետանց, առաջանում են խնդիրներ. ժամկետանց վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր են:Այսպիսով, անվանական տոկոսադրույքը վերածվում է «բարդ տոկոսի».մարդիկ վճարում են տոկոս տոկոսագումարների համար:
Հավանաբար, հայտարարությունը վերաբերել է հարյուր հազարավոր մարդկանց համար ցավոտ խնդրին, այն բանի կարևորությանը, որ նրանց պետք է օր առաջ դուրս բերել «պարտքային փոսից», «վարկավորման արատավոր շրջանից»: «Ազատել վարկից» արտահայտությունը մի քանի իմաստով կարելի է ընկալել. ա) ամբողջությամբ կամ մասնակի ներել վարկը, տույժերն ու տուգանքները, բ) ամբողջությամբ կամ մասնակի ներել տույժերն ու տուգանքները և վերակառուցքավորել վարկը, գ)ներել տույժերն ու տուգանքները՝ վարկը մարելու դեպքում: Օրինակ, կան բանկեր, որոնք մնում են անդրդվելի և վարկի վերակառուցքավորման հնարավորություն ընձեռելու համար որպես պայման են առաջադրում տույժերի ու տուգանքների առնվազն 20 տոկոսի վճարումը, ինչը երբեմն պատկառելի գումար է կազմում: (ա) տարբերակը քիչ հավանական է և կարող է կիրառվել արտակարգ դեպքերում և ոչ մեծաթիվ վարկառուների նկատմամբ: Վերջերս այդպիսի քայլ ձեռնարկվեց պատերազմում զոհվածների համար: Նույնը վերաբերում է (բ) տարբերակին:Իրականում վարկերի մասնակի կամ ամբողջական ներում նախկինում էլ արվել է, սակայն ոչ զանգվածային: Այսպիսի իրավիճակ էլ չի եղել նախկինում: Ինչ վերաբերում է վարկերից ազատելուն, ապա, հավանաբար, խոսքը վերաբերել է տույժերն ու տուգանքները ներելուն և վարկերը վերակառուցքավորելուն: Ի դեպ, 2019 թվականին եղել է նախադեպ, երբ բնակչությանը կամ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի մասով (անհուսալի ճանաչված) ներվեցին 20 հազարից մի փոքր ավելի վարկառուների տույժերը և տուգանքները, ընդհանուր առմամբ, 11.8 միլիարդ դարմի չափով:
-Ինչով է տարբերվում ստեղծված իրավիճակի բարդությունը և առանձնահատկությունը, որ քաղաքական գործիչները հանդես են գալիս, առաջին հայացքից պոպուլիստական թվացող հայտարարություններով:
Պետք է ընդունել, որ ստեղծված իրավիճակը մի քանի գործոնների մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ է առաջացրել և մարդկանց չի կարելի թողնել իրենց ֆինանսական խնդիրների հետ մեն-մենակ, անկախ այն բանից, թե որքանով է դրանում նրանց մեղքի բաժինը: Իսկ այդ գործոններից որոշները ինչպես գլոբալ, այնպես էլ լոկալ բնույթի են. «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» և «հեղափոխությամբ ծնված» պատերազմ, կորոնավիրուսի համավարակ և տնտեսության մասնակի կանգ (համաշխարհային տնտեսության կանգի և համավարակով պայմանավորված սահմանափակումների ազդեցություն ազգային տնտեսությունների վրա): Այդ ամենը, նախ, առաջացրել են ֆինանսական դժվարություններ, որոնցով «հարուստ» էր 2020 թվականը, ընդ որում, շատերի մոտ դա շարունակվում է մինչ օրս, ավելին, դրանք առաջացնում են կուտակային էֆեկտ: Որոշ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը և չեն գտել դրա համարժեք փոխարինում, որոշների աշխատավարձերը կրճատվել են, իսկ որոշների բիզնեսը սկսել է ավելի պակաս եկամուտ բերել: Միաժամանակ, բարձրացել է վարկերի հասանելիությունը. մարդիկ ավելի հաճախ են գայթակղիչ առաջարկություններ ստանում բանկերից, ֆինանսական կազմակերպություններից: Անշուշտ, վարկերի խելամիտ օգտագործման դեպքում դա վատ չէ, բայց հասանելի վարկերը դառնում են չարիք հատկապես ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով մարդկանց համար, որոնց թիվը դեռևս նշանակալի է:
Փաստորեն, կարելի է ասել, որ Ծառուկյանիհայտարարությունն առնչվել է մարդկանց «պարտքային փոսից», «վարկավորման արատավոր շրջանից» դուրս բերելուն, ինչի համար համապատասխան կառուցակարգերի գործադրումը կախված է ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ ջանքերից և կամքից:Ամեն դեպքում, կպահանջվի խոր վերլուծություն՝ յուրաքանչյուր վարկառուի մասով, կպահանջվեն ոչ ստանդարտ որոշումներ՝ նկատի ունենալով ստեղծված բարդ իրավիճակը: Գուցե հարցի հույժ հրատապությամբ է պայմանավորված եղել նշված հայտարարությունը, ինչն էլ հանգեցրել է լայն քննարկումների: Անկասկած, նման, հատկապես կառուցողական քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ:
_ Հնչում են կարծիքներ, թե վարկերին առնչվող հայտարարությամբ ԲՀԿ առաջնորդը հակասահմանադրական քայլ է անում, փորձում է լեգիտիմացնել ընտրակաշառքը: Միաժամանակ, հարց է բարձրացվում, թե վարկերն ում հաշվին և ինչպեսենմարվելու:
Նման հայտարարությունները, նախ, հարիր չեն տնտեսագիտության բնագավառի փորձագիտական, ակադեմիական հանրությանը: ՀՀքաղաքացիներիիրավունքների մասին կարող են արտահայտվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, համապատասխան փորձագետներ, ՀԿ-ներ:
Ամբողջ աշխարհում հասարակությունները ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին, փորձում են միասնական ուժերով հաղթահարել համավարակի առաջացրած դժվարությունները, իսկ մեզանում կոչ է արվում՝ «ամեն մեկն իր համար», այն էլ պատերազմի և հետպատերազմյան, ազգային անվտանգության սպառնալիքներով լի, զարգացումների խորապատկերին:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ում հաշվին է հնարավոր ներել որոշ քաղաքացիների վարկերը, ապա հարկ է նշել, որ երկրի ֆինանսական հատվածը ամենակայացածն է, իսկ բանկերի համար ստեղծված են լայն հնարավություններ, ինչի արդյունքում նրանց շահութաբերության մակարդակը, իրացվելիությունը բարձր են: Բավական է նշել, որ 2021 թվականի փետրվարի վերջի դրությամբ բանկային համակարգի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 10.3 մլրդ դրամ, իսկ նախորդ ժամանակաշրջանինը 235. 6 մլրդ դրամ: Այնպես որ, ողջամիտ սահմաններում կարող է դիտարկվել վարկառուների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառումը՝ մեր նշած երեք տարբերակներով:
Ինչ վերաբերում է «ընտրակաշառքը լեգիտիմացնելու» մասին հայտարարությանը, ապա պետք է մի բան լավ ըմբռնել, որ որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ չի տիրապետում իշխանական լծակներին, նա ոչ կառավարություն է ներկայացնում, ոչ էլ՝ կենտրոնական բանկ, իսկ նման հայտարարությունը ենթադրում է տևական աշխատանք՝ ինչպես կառավարության հետ, այնպես էլ Ազգային ժողովում, ենթադրում է ինչ-որ օրենսդրական նախաձեռնություններ՝ ստեղծված դրությունից դուրս գալու համար: Անշուշտ, կարելի է նաև մանիպուլացնել մարդկանց, ասելով, թե դա իրատեսական չէ. եթե իրատեսական չէ, ապա առաջարկեք իրատեսական այլընտրանք:
Հայտնի է, որ հնարավորկորուստներիհամար առևտրային բանկերը կատարում են ընդհանուրևհատուկպահուստավորում, ինչի հաշվին էլ դուրս են գրվում անհուսալիճանաչվածակտիվները: Այսինքն, խնդիրը հանգում է «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ» -ով սահմանված ակտիվի դասը որոշելուն և առևտրային բանկերի ներքին, խնդրո առարկային վերաբերող, կանոնակարգերը նոր իրողություններին համապատասխանեցնելուն: Ակնհայտորեն, քննարկման առարկա չեն կարող լինել, օրինակ, «ստանդարտ» կամ հսկվող» դասերին պատկանող վարկերը, իսկ այդ դասի վարկառուների մտքով էլ չի անցնի, որ իրենց իրավունքները ոտնահարված են:Այդուհանդերձ, նշված հայտարարության առանցքային գաղափարն այն է, որ «մարդըչկորցնիիրտունը, ունեցվածքը, հողը», որոնք գրավադրվել են վարկի դիմաց:
-ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, արձագանքելով նշված հայտարարությանը, նշել է, թե դա խելամիտ առաջարկ չէ, տնտեսագիտական տրամաբանությունից դուրս ու ավելացրել. «Նախկինումէլորոշակիխմբիվարկերներվելեն, բայցհետոմերուսումնասիրություններըցույցենտվել, որներվածների 50 տոկոսըհայտնվելէնույնվիճակում, որումհայտնվելէիններվելուցառաջ»։
Կարելի է համաձայնել ԿԲ նախագահի հետ՝ տնտեսագիտական տրամաբանության առումով: Իսկ ի՞նչ տրամաբանություն կար ԱՄՆ-ում, երբ 2007-2008 թթ. հիփոթեքային ճգնաժամ առաջացավ, ճանապարհ հարթելով համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Տնտեսագիտական ի՞նչ տրամաբանությամբ էր առաջնորդվում Արժույթի միջազգային հիմնադրամը, որի խորհուրդները հանգեցրին լատինամերիկյան երկրների ճգնաժամին: Իսկ մեր երկրում ո՞ր ոլորտներում կարելի է հանդիպել տնտեսագիտական տրամաբանության: Մեզանում շուկայական տնտեսությունը, ըստ էության, «կառավարվում է ձեռքի ռեժիմով»: Տնտեսությունը փոքր է, արտադրողականությունը՝ ցածր, ինչի պատճառով էլ դեռ տևական ժամանակ կտեսնենք ինչպես կառավարության, այնպես էլ ԿԲ-ի «տեսանելի ձեռքերը»՝ Ադամ Սմիթի «շուկայի անտեսանելի ձեռքի» կողքին: Իսկ ԿԲ նախագահի նշած նախկին «դառը փորձի» առումով հարկ է նշել, որ 50 տոկոս «փրկված» վարկառուները լավ ցուցանիշ է և «հաջողության պատմություն», որը պետք է շարունակել, քանի դեռ չի լուծվել տնտեսական զարգացման խնդիրը, քանի դեռ տնտեսությունն ինովացիոն չէ, հետևաբար, քանի դեռ ցածր է մարդկանց կենսամակարդակը, ինչի պատճառով էլ նրանք տարիներ շարունակ կքում են վարկային բեռի տակ: