ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ» ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։ Այս մասին տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությունը:

 

«2002-2018 թվականների ընթացքում Արմեն Գեւորգյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հանրագումարը կազմել է ընդհանուր 743.458.821 ՀՀ դրամ, մինչդեռ վերջիններիս անվամբ նույն ժամանակահատվածում գրանցվել է Արմեն Գեւորգյանին փաստացի պատկանող, Երեւան քաղաքում եւ ՀՀ մարզերում գտնվող, վերը նշված գումարը բազմակի անգամ գերազանցող արժեքի 39 միավոր անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։ Արմեն Գեւորգյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձեւական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։

Նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքում եւ ՀՀ մարզերում գտնվող հիշյալ անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ կազմել է նշված արժեքի ավելի քան վեցապատիկը` 4.843.530.000 ՀՀ դրամից ավելի, իսկ Արմեն Գեւորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ընդհանուր 10 միավոր անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։ Պարզվել է նաեւ, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Չեխիայի Հանրապետությունում Արմեն Գեւորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Բացի այդ, նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։

Այսպիսով, քրեական գործով հիմնավորվել է, որ վերը նշված բոլոր անշարժ գույքերի շուկայական արժեքի հանրագումարը գերազանցում է Արմեն Գեւորգյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ստացված օրինական եկամուտները, որպիսի պայմաններում Արմեն Գեւորգյանը պետական պաշտոնները զբաղեցնելու ընթացքում իրականացրած անօրինական գործունեության արդյունքում ստացված եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց օրինական տեսք տալու նպատակով ձեռք է բերել եւ փոխկապակցված անձանց անուններով գրանցել հիշյալ անշարժ գույքերը, ինչպես նաեւ դրանց գնման դիմաց վճարված իրական արժեքները թաքցնելու եղանակով օրինականացրել (լվացել) է 4.100.071.179 ՀՀ դրամ եւ 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, նպատակ ունենալով թաքցնել եւ խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված կանխիկ գումարների ծագումը, ինչպես նաեւ դրանք տարբեր բանկային գործարքների արդյունքում շրջանառելուց հետո ներկայացնել որպես օրինական ստացված եկամուտներ, դրանք շրջանառել է փոխկապակցված անձանց անձնական եւ նրանց անվամբ գրանցված տարբեր կազմակերպությունների բանկային հաշիվներով: Վերոգրյալ պայմաններում Արմեն Գեւորգյանը հանցավոր ճանապարհով ստացել եւ օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ

Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Ըստ տվյալների՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի անտառահատվածում 32-ամյա քաղաքացին ծառեր էր ապօրինի կտրում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը ապօրինի հատել էր տարբեր տեսակի եւ տարբեր տրամագծի 37 ծառ եւ փայտանյութը բեռնել իր «Ֆորդ» ավտոմեքենան: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Ավտոմեքենան՝ փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

2021 թվականի մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երեւում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ, հետեւաբար ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում: Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միեւնույնն է, դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին: Ու, առհասարակ, թեմայով հատուկ արձանագրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. պետական մարմինները, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ եւ հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենան զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու եւ վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից: Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ ճիշտ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ:

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ՝ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ

ՀՀ քննչական կոմիտեում պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւանի 30-ամյա բնակիչը, 2018թ. կեսերից մինչեւ դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ-ում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկի վաճառքի բաժնի մասնագետ, տիրապետելով թուրքերեն լեզվին, նշված ընկերության կողմից արտադրված ապրանքների վաճառքի շուրջ բանակցություններ է վարել բուքմեյքերական ոլորտում գործունեություն ծավալող թուրքական ընկերությունների հետ, որի ընթացքում հարաբերություններ ստեղծելով նշված ընկերություններից մեկի՝ ազգությամբ թուրք աշխատակցի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել վերոնշյալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությունը պատճենահանելու նպատակով վնասաբեր ծրագիր ներբեռնելու շուրջ:

Հասկանալով, որ նշված ծրագիրն անհրաժեշտ է ներբեռնել ընկերության կոնկրետ աշխատակցուհու կողմից օգտագործվող աշխատանքային համակարգչում, սակայն չունենալով վերջինիս համակարգչին հասանելիություն ստանալու հնարավորություն՝ 30-ամյա տղամարդը, դիմելով ընկերոջը՝ նույն ընկերության մեկ այլ աշխատակցի, որն աշխատանքային նամակագրություններ է վարել նշված աշխատակցուհու հետ, տեղեկացել է, որ վերջինս առանց կասկածի գործարկում է նոր աշխատակիցների տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլեր եւ այդ մասին տեղեկացրել է ազգությամբ թուրք աշխատակցին:

Այնուհետեւ վերջինիս կողմից օգտագործվող «Skype Google» անվամբ հաշվից նույն համակարգի իր անվամբ անհատական հաշվին ստացել է վնասաբեր ծրագիր պարունակող «nor.ashxatoxner.xls.xls.xls» անվամբ էլեկտրոնային ֆայլը, որից հետո այն փոխանցել է ընկերոջը եւ խնդրել ուղարկել վերոնշյալ աշխատակցուհու կողմից շահագործվող համակարգի անհատական հաշվին՝ չտեղեկացնելով էլեկտրոնային ֆայլի պարունակության մասին:

Վերջինս, 2018թ. դեկտեմբերի 5-ին ստանալով նշված ֆայլը եւ կարծելով, որ այնտեղ առկա են ընկերության աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններ, գործարկել է այն, որից հետո Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված «Trojan» տեսակի վնասաբեր ծրագիրը ներբեռնվել է ընկերության համակարգում՝ այդկերպ հնարավորություն տալով տղամարդուն եւ ազգությամբ թուրք աշխատակցին ապօրինի տիրանալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությանը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու եւ վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու, տարածելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:




Լրահոս