2021 թվականի ապրիլի 14-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը, հայտարարել էր.
«Հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է:
…Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես»։
Այս իրողությանը զուգահեռ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայկական կողմին կոչ է արել հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցից, ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս եւ փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ խոստանալով, որ դրանից հետո պատրաստ է հայկական կողմի հետ սերտ համագործակցության՝ էներգակիրների մատակարարման ոլորտում։
Իսկ ինչպես են արձագանքում Ալիեւի պահանջներին ՀՀ խաղաղասեր իշխանությունները։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում չի բացառել, որ Հայաստանից գյուղեր եւ անկլավներ են փոխանցելու Ադրբեջանին։ Պետրոս Ղազարյանի հարցին՝ հնարավոր է արդյոք դեմարկացիայի արդյունքում ՀՀ-ից գյուղեր, անկլավներ տրվեն Ադրբեջանին, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Որեւէ մեկը չի կարող այդ հարցին հստակ պատասխանել. մենք ինչ ենք անում, ինչպիսի սահմաններ ենք ունենալու, դա պետք է բանակցվի, պետք է քննարկվի»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարել է. «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, եւ հակառակը։ Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում այդ դելիմիտացիայի շրջանակներում, կարող են չդառնալ, կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը»։ Նման մի միտք ԱԺ արտահերթ նիստին նշել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ իրականացնելու Ալիեւի՝ 20 տարիների չարդարացված հույսերը ու սահմանազատման գործընթացով մի շարք գյուղեր ու տարածքներ հանձնելու Ադրբեջանին։ Եվ, որպես ձեռքբերում, նշում է, թե Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները կակտիվանան։ Այս ամենն ինչի՞ գնով. բա արցախյան երկու պատերազմների ժամանակ հազարավոր նահատակվածների հիշատա՞կը…
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանում մայիսի 24-ին խորհրդի նիստ է սպասվում, որի ժամանակ կհաստատեն մայիսի 25-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը: Մենք տեղեկացանք, որ մի քանի գերատեսչության տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի խորհրդարանի ամբիոնից, ինչպես նաեւ օրենսդիրները պետք է ընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ: Նշենք, որ ՀԾԿՀ-ի անդամության համար 4 թեկնածու է առաջադրվել, իսկ ՏՄՊՊՀ-ի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Շուշան Սարգսյանը: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Շուշան Սարգսյանի թեկնածության երաշխավորը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանն է, որին դեռ պետք է ընտրի իշխանական ֆրակցիան: Իսկ ինչ վերաբերվում է տարեկան հաշվետվություններին, ապա օրենսդիրներին կներկայացվի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ կենտրոնական բանկի գործողության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է այս նստաշրջանում եւս բարձրաձայնել Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում սահմանային լարվածության հարցը, ինչպես նաեւ այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ քաղաքական դաշտում հայտնվում են տարբեր երկրների մշտական բնակիչներ, որոնք իրենց ողջ կյանքում ապրում եւ գործունեություն են ծավալում ապահով Ռուսաստանում, բայց ընտրությունից ընտրություն հիշում են իրենց հայրենիքի մասին, վերադառնում «հյուրախաղերով» եւ մեր երկիրը օրհասական արհավիրքից փրկելու հայտ ներկայացնում։ Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ առաջինը ներկայացրեց գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, որն անգամ սպիտակ վրաններ էր տեղադրել Բաղրամյան պողոտայում եւ 44 օր ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին, սակայն իր հայտարարությունից երկու ամիս անց Փաշինյանը դեռ նույն պաշտոնն է զբաղեցնում։ Մյուս հայտնված փրկիչը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, որն այս օրերին ՀՀ-ում է եւ փրկության անտեսանելի ճիգեր է գործադրում։ Մեկն էլ ՀԴԿ-ի հետ դաշինք կազմած Տիգրան Արզաքանցյանն է, որը եկել է էլի փրկության հայտով, քանի որ Հայաստանի «անդունդը վտանգված է» (մեջբերումն իրենն է)։ Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նրանց՝ Հայաստան գալը, մեծադիր պաստառներով մայրաքաղաքը ողողելը ժամանակավոր բնույթ է կրում, եւ անհաջողությունից հետո կվերադառնան սիրելի Ռուսաստան, կշարունակեն ապրել ապահով՝ մոռանալով մեզ պատուհասած վտանգների մասին։
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը բացասական է անդրադառնում զբոսաշրջության ոլորտի վրա։ Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջությունը շատ զգայուն է նման երեւույթների նկատմամբ։ «Կորոնավիրուսի հետ կապված փորձն էլ ցույց տվեց, դրան գումարած պատերազմական իրավիճակը, անվտանգության հետ կապված հարցեր, այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը չի կարող չանդրադառնալ, չի կարող բացասական ազդեցություն չունենալ. իհարկե ունենում է, դեռ կարող է ունենալ ավելի շատ հետեւանք, եթե իրավիճակը շուտով չկայունանա ու երկու ուղղությամբ։ Հայաստան նոր եկողներն են մարդիկ, որոնք որ պատրաստվում էին, կցանկանային գալ Հայաստան, եւ արդեն այն տեղեկությունը, որն աշխարհում տարածվեց, որ այստեղ անկայունություն կա, վտանգ կա, պարզ է, որ արդեն շատերը կխուսափեն գալ՝ հաշվի առնելով որոշ երկրների կողմից արված հայտարարությունները։ Ցավոք, մենք խորհուրդ չտրվող երկրների ցանկում ենք լինում, եւ դա բացասաբար է անդրադառնում»,- ներկայացրեց Ապրեսյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ այս ընթացքում Հայաստան այցելում են հիմնականում ռուս, իրանցի զբոսաշրջիկներ։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը որոշ ավիաընկերություններից տեղեկացավ, որ մայիսի վերջին եւ հունիս ամսվա սկիզբ դեսպանատները կսկսեն ընդունել դիմումներ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջինը կսկսի դիմում ընդունել Հայաստանում Հունաստանի դեսպանությունը։ «Այո, նման սպասումներ կան, եւ դա նշանակում է, որ այդ երկրների մուտքը կբացվի ոչ միայն մեր այցելության համար իրենց մոտ, այլեւ այդ երկրներից այցեր կունենանք։ Հուսանք՝ այնտեղից էլ հոսքեր կունենանք»,- հույս հայտնեց մասնագետը։