Արդեն 13-րդ օրն է, որ ադրբեջանական կողմը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում երեք ուղղություններով առաջ է եկել, հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում եւ չի էլ պատրաստվում հեռանալ: Եվ այս ամենի ֆոնին, ՀՀ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ոչ թե ելքեր են առաջարկում, այլ պատրաստվում են նախընտրական քարոզարշավի, գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավելին՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի օրակարգում անգամ այդ հարցը չկա, եւ նրանցից ոչ ոք պատկերացում չունի՝ ինչպես են լուծելու խնդիրը, ինչպես են ադրբեջանական զինուժին հետ շպրտելու:
Փորձենք ամփոփել եւ հասկանալ, թե այս պահի դրությամբ որ քաղաքական ուժերը ինչպես են մասնակցում ընտրություններին: Իշխող ուժն այս անգամ ընտրություններին կգնա միայնակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, սակայն նախընտրական ցուցակում ամեն 5-րդը նոր անձ է լինելու՝ դրսից: Միայնակ են ընտրություններին մասնակցելու նաեւ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Արտախորհրդարանական ուժերից միայնակ է գնում նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները: Իսկ ինչպե՞ս են մասնակցելու քաղաքական մյուս ուժերը. «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ-ն կազմել են «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Հայրենիք»-ՀՀԿ-ն՝ նորացված կազմով, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը, Արման Բաբաջանյանը եւ Լեւոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՌԴ-ից «նախընտրական հյուրախաղերով» Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն էլ ՀԴԿ-ի հետ է պայքար սկսել:
Այսօր վերջնաժամկետն է, երբ քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները, սակայն արդեն իսկ պարզ է, որ մեծաթիվ ուժերով ընտրություններ են սպասվում:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի նշանակման գործընթացից: Ինչպես հայտնի է, վերջինս Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր: Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր խորհրդանշական 44 զինվորականներին ՊՆ վերնախավն իր մոտ է հրավիրում, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եվ, իհարկե, այդ առաջարկությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նոր պաշտոնը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում ներքին քննարկումներ են եղել, եւ շատերն այնքան էլ համակարծիք չեն եղել այն տեսակետի հետ, որ Ասրյանին պետք է նոր պաշտոնի նշանակել: Առհասարակ, ՊՆ-ում դեմ են այդ հայտարարության տակ ստորագրածներին նոր պաշտոնների նշանակելու տարբերակի հետ, քանի որ ակնհայտ կլինի, որ կաշառում են: Բայց դե խնդիր է դրված նրանց դժգոհությունը որեւէ կերպ մեղմել: Եվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Էդուարդ Ասրյանը միակ գեներալը չէ, որ պաշտոն է ստացել. այլ գեներալներ եւս, որոնք ստորագրել էին Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ, առաջիկայում նոր պաշտոն կստանան:
ԱՊՀ ինստիտուտի Եվրասիական ինտեգրացիայի եւ ՇՈՍ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս պահին չի կարող դեմարկացիա կամ դելիմիտացիա իրականացվել: «Դա խաղաղ գործընթաց է իրենից ենթադրում միայն այն դեպքում, երբ երկրների միջեւ գոնե գործընկերային հարաբերություններ են: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով՝ ՀՀ իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու: Ադրբեջանը փնտրելու է պատճառներ, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ», – նկատում է նա: Միեւնույն ժամանակ փորձագետը զարմացած է, որ մինչեւ այժմ սահմանում համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ձեր իշխանությունները քայլեր չեն նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը: Պատերազմից անցել է 6 ամիս, ակնհայտ էր, որ կարող են սահմանին նման դեպքեր լինել, եւ պետք էր կահավորում իրականացնել, այլ ոչ թե նստել եւ սպասել»:
Հայաստանում նախորդ տարի ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5 հազար 200 հեկտարով պակասել են։ Օրինակ՝ եթե 2016 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հա, 2017-ին՝ 294 հազար 500, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900, ապա անցյալ տարի դրանք կազմել են 222 հազար 700 հա։ Այսինքն՝ անգամ հեղափոխությունից հետո, երբ հասարակության մեջ ամենամեծն է եղել ապագան Հայաստանի հետ կապելու ձգտումը, միեւնույնն է, հետեւողականորեն մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվել: Բայց այս իրավիճակում հետաքրքիր մեկ այլ վիճակագրություն է արձանագրվել: Անցած մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը 19 հազար 400 տոննայով: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին հավաքվել է 350 հազար 400 տոննա ցորեն, 2017-ին՝ 176 հազար 400, 2018 թվականին` 187 հազար 500 տոննա, 2019-ին՝ 112 հազար 600, իսկ անցյալ տարի՝ 132 հազար տոննա, սա այն դեպքում, երբ ցորենի ցանքատարածությունները պակասել են 500 հա-ով: Եթե նախորդ տարի այդ թիվը կազմել է 59 հազար 400 հա, 2019-ին դրանք 59 հազար 900 հա էին: Ու հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ցանքատարածքները կրճատվել են, ցորենի բերքատվությունն ինչի՞ հաշվին է ավելացել. գուցե կոմիտեն նկարչությամբ է զբաղված, կամ էլ Հայաստանը ցորեն է ներկրում Ռուսաստանի Դաշնությունից, եւ դա վիճակագրության մեջ «եղանակ է փոխում»։