«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 3-6-ը լինելու է Արցախում: Նախատեսված է, որ նա Արցախում մի շարք հանդիպումներ է ունենալու, ինչպես նաեւ միասնական պատարագ՝ երկու հայկական հանրապետությունների խաղաղության, բարեկեցության աղոթքներով: Նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա կաթողիկոսի առաջին այցն է Արցախ:
Առհասարակ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից շատ հազվադեպ են իշխանության ներկայացուցիչներ մեկնել Արցախ, իսկ կաթողիկոսի այցն աննախադեպ է այս համատեքստում: Այս անգամ այցն իրականացվում է հոգեւոր դասի առաջնորդի մակարդակով: Եվ այստեղ նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախ անգամ չեն այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Քաղաքական հյուրախաղերով» Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը շարունակում է քարոզարշավը: Հետաքրքիր է, բայց նրան անգամ Հանրային հեռուստաընկերություն էր հրավիրել իշխանությունը՝ լսելու, թե ինչպես են ԱՄՆ կոնգրեսականները իր հետ փակ զրույցներում նկարագրել կորոնավարակի պայմաններում առաջացած ամերիկյան դժվարությունների մասին: Իսկ ո՞վ է Արա Աբրահամյանը. մարդ, որ նախկին բոլոր իշխանությունների ժամանակ փորձել է դիրքավորվել հարմարավետ, որ մաքսիմալ օգուտ քաղի: Ապրել է ապահով Ռուսաստանի Դաշնությունում, բայց Հայաստանում իր հարազատ 3 եղբայրներին տեղավորել էր իշխող կոալիցիայի անդամ բոլոր կուսակցությունների մեջ, որպեսզի բոլոր իրավիճակներում շահած դուրս գա: Նախորդ գումարումներում ՀՀԿ ցուցակով պատգամավոր էր դարձել Աբրահամյանի եղբայրը՝ Գագիկ Աբրահամյանը, ԲՀԿ ցուցակով՝ Արմեն Աբրահամյանը, իսկ «Օրինաց երկրի» ընտրացուցակով՝ Սերգեյ Աբրահամյանը: Ու հիմա այս մարդը եկել, խոսում է մեր երկրում քաղաքական համակարգի փոփոխության անհրաժեշտության, երկիրը փրկելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ շատ քննադատելի երեւույթներ, որոնք նախկինում եղել են, մի մասն էլ բաժին է հասնում հենց Աբրահամյան եղբայրներին. նրանք եղել են նախկին համակարգի հնազանդ կոճակ սեղմողներից:
Ռուսաստանից «քաղաքական հյուրախաղերով» Հայաստան եկած Տիգրան Արզաքանցյանը շարունակում է մայրաքաղաք Երեւանը եւ հարակից մարզերը ողողած պահել իր մեծադիր լուսանկարներով՝ ազդարարելով՝ ուժը մարդն է: Իհարկե, ուժը մարդն է, բայց Տիգրան Արզաքանցյանի դեպքում մի փոքր շտկում անելու կարիք կա: Թերեւս պետք է պաստառների վրա գրվեր, որ Տիգրան Արզաքանցյանի դեպքում «ուժը կինն է»: Ինչո՞ւ. որովհետեւ Արզաքանցյանի քաղաքական ծրագրերի հետեւում կանգնած է եւ հովանավորում է Արզաքանցյանին հենց նրա կինը՝ Նատալիա Ռոտենբերգը: Նա ռուս մեծահարուստ Արկադի Ռոտենբերգի երկրորդ կինն էր, ում հետ պաշտոնապես ամուսնալուծվել է 2013-ին։ Նշենք, որ Արկադի Ռոտենբերգի կարողությունները 2018թ.-ին գնահատվել են 3,1 մլրդ դոլար։ Բացի այդ, տեղեկացնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, 2019 թվականին երկու ընկերություն է հիմնադրել Հայաստանում. մեկը գինեգործության ոլորտում է գործունեություն ծավալում, մյուսը՝ «ՆՌ Նացիոնալ պարկ» ՍՊԸ-ն, գրանցվել է տարվա վերջին՝ դեկտեմբերի 5-ին, որտեղ Նատալյա Ռոտենբերգը միանձնյա բաժնետեր է։ Այս ընկերությունը գրանցված է Տիգրան Արզաքանցյանի ծննդավայր Գավառում՝ Դաշտոյան փողոցի 27 շենքում։
Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ իսկական ցնծություն էր. նա, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.6 տոկոսով: Ավելին՝ նախարարը հպարտացել էր՝ նշելով, որ գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում: Թե որ երկրի տնտեսության մասին էր խոսում կամ երազում նախարարը, հայտնի չէ: Բայց նախարարը հավանաբար մոռացել էր նշել կամ էլ չէր տեսել, որ նույն Վիճակագրական կոմիտեն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 13 տոկոսով նվազել են: ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի խոսքով՝ տնտեսական աճը, ներդրումները, արդյունաբերության զարգացումը չի կարող ուղղորդվել էլեկտրաէներգիայի սպառման անկումով. «Էլեկտրաէներգիայի սպառման անկումը ենթադրում է, որ նման տնտեսական աճ, ինչպես ասում է պարոն Քերոբյանը, մենք չունենք, որովհետեւ եթե կա արտադրության, արդյունաբերության աճ, զարգացում կամ որեւիցե նոր աշխատատեղերի բացում, դրանք օգտագործում են էլեկտրաէներգիա, դրան պետք է զուգահեռ տեղի ունենա էլեկտրաէներգիայի սպառման ավելացում, իսկ մենք ունենք անկում»: