«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանին:
-ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ՀՀ-ում ներդրումները հոսում են, Հյաստանում աշխատատեղի խնդիր չկա, ամեն ինչ լավ է, տնտեսական աճ կա: Եթե այս ամենն այսքան լավ է, իշխանությունը թվեր է ներկայացնում, ինչո՞ւ է մեր տնտեսությունն այսքան վատ:
-Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ ամեն ինչ լավ է, դրա մասին վկայում են նաեւ այն ցուցանիշները, որ մենք ունենք այս տարվա առաջին եռամսյակում: Շատ կարեւոր է՝ ինչի հետ եք Դուք համեմատում նախարարի խոսքը: Եթե Դուք համեմատում եք Քերոբյանի խոսքը, կամ համեմատում եք այս տարվա ապրիլը 2020թ. ապրիլի հետ, երբ ամեն ինչ փակ էր, տնտեսությունը անկում էր ապրում 14 տոկոսով, ակնհայտ էր, որ ինչ շարժ էլ ունենք, այդ շարժը լինելու է բավականին մեծ: Ենթադրել, որ այ թեկուզ որոշակի աճը, որ մենք գրանցում ենք ապրիլին, ինչպես ինքն է ասում, դա կարող է լինել երկարաժամկետ, ես այդ մտքից հեռու եմ: Ինչ վերաբերում է ընդհանուր տնտեսությանը, իհարկե, ամենակերուր խնդիրը, որ մենք այսօր պետք է կարողանանք կարգավորել, դա մեր անվտանգության խնդիրն է: Հասկանալի է, որ եթե կա անվտանգության, արտաքին սպառնալիքներ, գործարար համայնքը զերծ է մնալու ներդրումներից, զարգացումներից, նոր աշխատատեղեր ստեղծելուց, մինչեւ այդ խնդիրն իր համար չկարգավորվի, կամ գոնե ինքը երաշխավորված չլինի վաղվա օրվա համար: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ պատերազմից եւ կորոնավիրուսի վարակից հետո մեր պետությունն ունի լուրջ տնտեսական կորուստներ, իսկ դրա վերականգնման համար բավականին մեծ ջանքեր պետք է գործադրվեն: Ես չեմ կարծում, որ ներկայիս կառավարությունն այդ ռեսուրսն ունի:
-Ինչո՞ւ են նրանք հիմա նման թվեր ներկայացնում: Գուցե ինչ-որ մանիպուլիացիոն խա՞ղ են իրականացնում նախընտրական շրջանում, թե ներդրումներ կան, աշխատատեղեր են բացում: Ի՞նչն է նրանց խնդիրը:
-Դուք իրավացի եք: Խնդիրը կայանում է հենց նրանում, որ հիմա ունենք նախընտրական փուլ, եւ ակնհայտ է, որ հիմա այդ թվում իշխող կուսակցության կամ կառավարության ներկայացուցիչները փորձեն շատ դրական ներկայացնեն այն իրավիճակը, որը մենք այս պահի դրությամբ ունենք:
-Ի՞նչ պետք է անի ընդդիմութունը: Ի՞նչ տեսլական ունեք մեր տնտեսությունը առողջացնելու համար, որովհետեւ ամեն մի քաղաքական ուժ ասում է, որ պետք է վերականգնել տնտեսությունը, ներդրումներն ավելացնել, բայց այդ «պետք է»-ն պետք է գործ դառնա: Ի՞նչ պետք է անել: Ի՞նչ գործուն քայլ կառաջարկեք:
-Այսօրվա մեր քննարկումները, որ մենք ունեցանք, կազմակերպված «Պատիվ ունեմ» դաշինքի կլոր սեղանը, հիմնական նպատակն այն էր, որ մենք քննարկենք այն խնդիրներն ու միջոցները, ռազմավարությունը, տնտեսական աշխատանքները, ինչը հնարավորություն կտա դուրս գալ իրավիճակից: Պետք է նոր իշխանությունները երաշխավորեն անվտանգությունը: Հետո պետք է բավականին մեծ ջանքեր կիրառել ենթակառուցվածնքերի զարգացման, հատկապես՝ մեր երկրի հարավային հատվածում: Այստեղ ակնհայտ է, որ մենք պետք է փորձենք գործուն քայլեր անենք, որպեսզի ընկերությունները կարողանան ընդլայնեն իրեն արտադրությունը Հայաստանում: Պետք է փորձենք ապահովել նրանց համար նոր արտահանման շուկաներ, փորձել խոսել արտադրողականության աճի մասին: Մեր երկրում պատերազմից հետո բավականին մեծ են արտագաղթի միտումները: Առաջիկայում հնարավոր է մենք աշխատուժի խնդիր ունենանք, եւ շատ կարեւոր է, որ մեր աշխատուժը լինի արտադրողական: Դրանով մենք կարող ենք մեծացնել մեր տնտեսության ծավալները, ՀՆԱ-ի աճն ու ապահովենք մեր արտահանումը: Այս ամեն ինչը, իհարկե, մենք ներկայացրել ենք մեր նախընտրական ծրագրում, առաջիկայում կներկայացվի հանրության դատին, եւ մենք խոսելու ենք սրա մասին նախընտրական փուլում:
-Հեղափոխական տնտեսություն սպասվո՞ւմ է մեզ: Արդյոք պատերազմից, կորոնավիրուսից հետո ներդրողներ կգա՞ն Հայաստան: Մեր տնտեսությունը կսկսի՞ աճել, զարգանալ:
-Նախ՝ այն տնտեսական հեղափոխությունը, որը մեզ խոստանում էին, այդպես էլ տեղի չունեցավ մի պարզ պատճառով՝ կառավարությունը չգիտեր՝ ինչպես պետք է աներ: Առաջին խնդիրը, որ պետք է ապահովել, դա կայունության վերականգնումն է: Ակնհայտ է, որ կայունության վերականգնումից հետո նոր մենք կարող ենք զարգացման մասին խոսել, բայց ես գտնում եմ, որ դա պետք է արվի զուգահեռ: Այսինքն՝ մի կողմից մենք պետք է փորձենք ապահովել կայունությունը, մյուս կողմից փորձենք իրականացնել այն միջոցառումները, որոնք մեզ հնարավորություն կտան տնտեսական զարգացում ապահովել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹՎԵՐԸ՝ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների թիվը, որոնք իրավունք ունեն մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այս պահին ընտրողների թիվը կազմում է 2 մլն 583 հազար 823 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ընտրողների թիվը կազմում էր 2 մլն 574 հազար 916 մարդ:
Այժմ փորձենք ներկայացնել փոփոխությունները՝ ըստ տարածքների:
Քանի որ 2018 թվականի ընտրությունները վարկանիշային ընտրակարգով էին, Երեւանը ներկայացված էր չորս ընտրատարածքների միջոցով: Ներկայացնենք թիվը՝ ըստ տարածքների.
Երեւան- 2018 թվականին՝ 847 998 ընտրող, 2021թ. ՝ 855 631 ընտրող,
Արարատի մարզ- 2018թ.՝ 221 655 ընտրող, 2021թ.՝ 223 264 ընտրող,
Արմավիրի մարզ- 2018թ.՝ 223 632 ընտրող, 2021թ.՝ 235 851 ընտրող,
Արագածոտնի մարզ – 2018թ.՝ 117 534 ընտրող, 2021թ.՝ 117 631 ընտրող,
Գեղարքունիքի մարզ – 2018թ.՝ 188 045 ընտրող, 2021թ.՝ 188 013 ընտրող,
Լոռու մարզ – 2018 թվականին՝ 237 837 ընտրող, 2021թ.՝ 235 737 ընտրող,
Կոտայքի մարզ – 2018 թվականին՝ 239 847 ընտրող, 2021թ. 242 490 ընտրող,
Շիրակի մարզ – 2018թ.՝ 229 542 ընտրող, 2021 թվականին՝ 227 484 ընտրող,
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր – 2018 թվականին՝ 151 687 ընտրող, 2021 թվականին՝ 150 784 ընտրող,
Տավուշի մարզ – 2018թ. 107 139 ընտրող, 2021 թվականին՝ 106 938 ընտրող:
Այսպիսով, ստացվում է՝ մի քանի մարզերում ընտրողների թիվը նվազել է, մի քանիսում էլ՝ ավելացել:
ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԽՈՍՔԻ՞Ն ԷՐ ՍՊԱՍՈՒՄ
Արդյոք Ադրբեջանը որեւէ մեկի խոսքի՞ն էր սպասում
Երկար ժամանակ է, ինչ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են թեման, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցվեց այն պահից, երբ Փաշինյանն արտաբերեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը: Օրեր առաջ նման միտք արտահայտեց նաեւ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, ի թիվս այլ մեղադրանքների, խոսեց նաեւ Փաշինյանի վերոնշյալ արտահայտության մասին: Իրականում հասկանալի է, որ մի հայտարարությունը չէր կարող մարտական դիրքի բերել հրացանները։ Ադրբեջանը հարձակվելու մտադրություն միշտ է ունեցել, քանի որ ռազմական բալանսը խախտվել էր դեռեւս 2003-2004թթ-ից, երբ Ադրբեջան սկսեցին հոսել միլիարդավոր նավթադոլարներ, ու այդ երկիրը սկսեց բացահայտ խոսել Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Իսկ 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից հայտարարվեց, թե մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Նիկոլ Փաշինյանը մշտապես հիշեցրել է, որ դեռեւս 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարում էր բանակցությունների ավարտն ու պատերազմի տրամաբանական սկիզբը։
Հիմա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մշտապես բարձրացնում են հարցը. իսկ
ինչպե՞ս ենք մենք պատրաստվել պատերազմին։ Ոչ մի թիզ հող, Բաքվում թեյ խմելու պատրաստակամության եւ նմանատիպ այլ արտահայտություններն ու ձեւակերպումները եղել է հայ քաղաքական գործիչների կամ նրանց թիմակիցների սիրելի գործելաոճը` հայրենասեր ու հայրենատեր երեւալու համար: Այդ միտքը ներարկվել է հասարակության մեջ միշտ։ Իսկ իրականում բարձրաստիճան շատ զինվորականներ դեռ տարիներ առաջ շշուկով խոսում էին, որ այսպես երկար դիմանալ չենք կարող։
Թեեւ նախկին իշխանությունները հայտարարում են, թե իրենք երկիր պահել են ամեն գնով, այնուամենայնիվ, գործող իշխանությունը հիշեցնում է, որ բանակից անհայտ պատճառներով ազատվել են հազարներով մարդիկ, դրա պատճառով միջդիրքային հեռավորությունները գնալով նոսրանում էին։ Դե իսկ տնտեսությունը չէր հասցնում այն ծավալների զենք-զինամթերք գնել, ինչ չափով ազերիների ձախակողմյան նավթադոլարներն էին գեներացնում։ Ավելին, միլիարդները նաեւ միջազգային հարթակներում էին սկսել հարցեր լուծել:
Այսպիսով, պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմում մենք պարտվել էինք դեռ վաղուց։ Ուղղակի գործող իշխանության օրոք սկսվեց, եւ վատ կառավարումն էլ իր դերն ունեցավ պարտության հարցում։