Մայիսի 31-ին՝ ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որոշեցինք փոքր անդրադարձ կատարել առաջատար երկրների փորձին, հասկանալու՝ ինչպես կարելի է օգնել քաղաքացիներին սիգարետից հրաժարվել։ Վիճակագրությունը փաստում է, որ արգելքների ու օրենսդրական սահմանափակումների փոխարեն այլընտրանքային մոդելների կիրառումն ու քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացումը ավելի արդյունավետ են։
2000 թվականից ի վեր Հայաստանում մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի միջազգային օրը։ Սիգարետն աշխարհում երբևէ ծագած առողջության համար ամենանշանակալի սպառնալիքներից մեկն է: Այն ամեն տարի հանգեցնում է մոտ 6 միլիոն մահվան, որից ավելի քան 5 միլիոնը՝ ներկայիս և նախկին ծխողների և 600.000-ից ավելի՝ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկված չծխողների շրջանում։ Ամեն 6 վայրկյանում սիգարետի ծխելու հետևանքով աշխարհում մեկ մարդ է մահանում։
Մայիսի 31-Ին ամբողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներն ուղղված են բարձրացնելու սիգարետ ծխելու և երկրորդային ծխի ներգործության վնասակար և մահացու հետևանքների մասին իրազեկվածության բարձրացմանը։
Ծխախոտի դեմ պայքարում տարբեր երկրներ կիրառում են տարբեր մոտեցումներ։ Դրանց մի մասից՝ ներառյալ խիստ սահմանափակումներն ու ծխախոտի գնի սրընթաց բարձրացումը, ակնկալվում էր բարձր արդյունավետություն, մինչդեռ գործնականում այդ մեթոդները հնացել են։
Օրինակ, Ավստրալիայում 2012 թվականի դեկտեմբերից ուժի մեջ մտավ սիգարետների տուփի միասնական փաթեթավորում կիրառելու վերաբերյալ օրենսդրական պահանջը: Ծխելու դեմ պայքարի համատեքստում սա թերևս ամենախիստ սահմանափակումն է սիգարետի տուփի փաթեթավորման նկատմամբ։ Forbes-ը, վերլուծելով Ավստրալիայի հնգամյա փորձը, եկել է այն եզրահանգման, որ ծխելու դեմ պայքարի այս միջոցը բերել է ձախողման։ Առաջին անգամ ավելի քան քսան տարվա ընթացքում երկրում նկատված ծխողների թվի անկումը, փաստորեն, կանգ է առել, և ավելացել է մարդու առողջության համար էլ ավելի վնասակար ծխախոտի սև շուկան: Ավստրալիայի Առողջապահության ու սոցիալական ապահովության ինստիտուտի կողմից անցկացրած հարցման արդյունքները արձանագրել են, որ վերջին 3 տարիների ընթացքում ծխելու օրական գործակիցը նշանակալի չի նվազել։ «Հաշվի առնելով Ավստրալիայում բնակչության աճը՝ կարելի է եզրակացնել, որ ներկայումս Ավստրալիայում ավելի շատ ծխողներ կան, քան հինգ տարի առաջ, երբ արգելքը դեռևս չէր կիրառվում», – հարցազրույցում նշել է Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր Սինքլար Դեյվիդսոնը:
Մեծ Բրիտանիան ընտրել է ծխախոտի դեմ պայքարի այլընտրանքային տարբերակ։ Հանրային առողջության գործակալության (Public Health England) կողմից պետական մակարդակով 2009 թվականից ի վեր իրականացվում է STOPtober (հոկտեմբեր՝ առանց սիգարետի) նախաձեռնությունը, որն ուղղված է ծխողներին տարատեսակ աջակցություն ապահովել սիգարետից հրաժարվելու գործընթացում։ Երկրում պետական մակարդակով օժանդակություն է ցուցաբերվում սիգարետի այլընտրանքի ցանկացած դրսևորմանը՝ սկսած էլեկտրոնային սիգարետից մինչև սնուս ու նիկոտինային սպեղանի։ Ծխախոտի ու ծխի դեմ պայքարը Մեծ Բրիտանիայում գործողությունների մի ամբողջություն է, որի կենտրոնում ծխողին աջակցություն ցուցաբերելու ու վերջինիս առողջության մասին հոգ տանելու գաղափարն է։ Տուգանքների ու այլ պատժամիջոցների փոխարեն, որպես ծխելը թարգելու հիմնական շարժառիթ դիտարկվում են ավելի առողջ լինելը, սեփական ընտանիքի ու շրջապատի մասին հոգ տանելն ու ծխելուց հրաժարվելու հետևանքով գումար խնայելը։
Ճապոնիայում ծխողների թիվը 2011-2015 թթ տարեկան կրճատվում էր միջինում 2%-ով, իսկ 2015-2018 թթ՝ ծխախոտը տաքացնող սարքի պաշտոնական վաճառքի մեկնարկից հետո, սկսեց կրճատվել տարեկան մոտ 10%-ով։ Հատկանշական է, որ կառավարության կողմից իրականացվող հակածխախոտային պայքարը այս շրջանում խոշոր փոփոխությունների չի ենթարկվել։ Ամերիկայի Օնկոլոգիական Միության հետազոտությունը փաստում է, որ ազգային մակարդակով սիգարետի վաճառքի նվազումը հնարավոր չէ բացատրել մեկ այլ գործոնով, բացի այքոսի վաճառքի մեկնարկից։