ՆՈՐԱՑՎԱԾ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջնաժամկետն էր, եւ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է վերլուծել եւ հասկանալ, թե ինչ ցուցակներով, ինչ փոփոխություններով եւ ինչ տրամաբանությամբ են ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերը: Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը բաղկացած է 161 հոգուց, եւ ցանկում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Սակայն այս պահին դիտարկենք միայն առաջին 50-ը եւ ցանկում տեղ գտած փոփոխությունները: Օրինակ՝ թռիչքաձեւ անկում է արձանագրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը, 2018 թվականին ցուցակի 14-րդը լինելով, այս անգամ հայտնվել է ցուցակի վերջում եւ 157-րդն է: 2018-ին 34-րդը լինելուց հետո այս անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը 74-րդն է: Նկատենք, որ 50-ից ներքեւում են գտնվում շատ գործող պատգամավորներ՝ Թագուհի Ղազարյան, Մաթեւոս Ասատրյան, Վահե Ղալումյան, Սեդրակ Թեւոնյան, Քրիստինե Պողոսյան, Սերգեյ Մովսիսյան, Արման Եղոյան, Արեն Մկրտչյան, Նարեկ Զեյնալյան եւ այլք: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն այդքան էլ հեշտ չի գրվել: Ցուցակում վերջին պահին փոփոխություններ են եղել, եւ, օրինակ, պատգամավոր Նազելի Բաղդասարյանը այժմ ցուցակում 12-ն է, իսկ  Մարիա Կարապետյանը 24-րդն է:

Այժմ անդրադառնանք խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի ցուցակին: ԲՀԿ ցուցակի առաջին 20-ում քաղաքական դեմքեր չկան, եւ ցուցակից դուրս են մնացել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արթուր Դալլաքյանը եւ այլք։

ԼՀԿ ցուցակում եւս փոփոխություններ կան.  ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանից հետո երկրորդը Արտյոմ Գեղամյանն է, երրորդ հորիզոնականում Անի Սամսոնյանն է, ապա Գեւորգ Գորգիսյանն ու Դավիթ Խաժակյանը: Հետաքրքիր է, որ ցուցակի առաջին տասնյակում տեղ չեն զբաղեցրել գործող պատգամավորներ Արկադի Խաչատրյանն ու Աննա Կոստանյանը: Նկատենք, որ այս ընթացքում քաղաքական ուժերից ամենաբացն իր ցուցակը կազմել եւ ներկայացրել են թերեւս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները: Առաջինի դեպքում որոշումները կայացվել են համամասնությամբ՝ եռյակ՝ ՀՅԴ, եռյակ՝ Քոչարյանամերձ անձինք, եւ եռյակ՝ «Վերածնվող Հայաստան»: Իսկ, ահա, «Պատիվ ունեմ»-ի պարագայում ցուցակը նոր է, չկան ՀՀԿ-ական հին դեմքերը, միայն Տարոն Մարգարյանն ու Արման Սահակյանն են, որոնք Երեւանում ընկալելի կերպարներ են:

Սակայն նկատենք, որ բոլոր ցուցակներում գերակշռում են հայկական բանակում չծառայած տղաները, ինչը հատկապես այս իրավիճակում խիստ մտահոգիչ է, եւ քաղաքական ուժերի առաջնորդները պետք է դա հաշվի առնեին իրենց ցուցակները կազմելուց առաջ: Բանակում չծառայած թեկնածուների թեմային «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասն կանդրադառնա առաջիկայում։

 

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում. ուսումնասիրվել է նախարարության 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածի գործունեությունը, երբ նախարարը Արսեն Թորոսյանն էր: Պարզվել է, որ նախարարության գործունեության նկատմամբ ներքին աուդիտ չի իրականացվել: Գործուղման ծախսերի հատուցումը կատարվել է աշխատակիցների գործուղումից վերադառնալուց հետո՝ կարգով սահմանվածից ուշ: Գործուղման վկայականները լրացվել են սխալներով ու ջնջումներով: Օրինակ՝ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, որը օրերս բարձր պարգեւ ստացավ,  2020-ի փետրվարի 7-9-ը գործուղվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան քաղաքներ, սակայն նախարարի հրամանը եղել է 2020-ի փետրվարի 10-ին: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ թվով 5 աշխատակցի սահմանվածից 14 մլն 68 հազար դրամ ավելի պարգեւավճար է վճարվել: Նշենք, որ 22 աշխատակիցների գործերի ուսումնասիրության ընթացքում չի գտնվել որեւէ մեկը, որին հանձնարարված լիներ որեւէ հատուկ առաջադրանքի կատարում, որը պարգեւատրման հիմք կհանդիսանար, եւ որոշ աշխատակիցների պարգեւատրումը գերազանցել է սահմանված չափը: Օրինակ՝ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մարտ-հունիս ամիսներին պարգեւատրվել է 7 մլն 349 հազար 800 դրամով՝ 4 մլն 250 հազար դրամի փոխարեն: Սակայն Հաշվեքննիչ պալատը ի գիտություն չի ընդունել նախարարության պարզաբանումը եւ փաստել է, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: 2019-2020 թվականների արձակուրդի օրերը չսպառած՝ տրամադրվել է 2021 թվականի արձակուրդային օրերից, եւ կատարվել միանվագ նպաստի վճարում:

 

 

 

Մինչ հակառակորդը 15 օր է՝ շարունակում է մխրճված մնալ հայ-ադրբեջանական սահմանից ներս՝ մեր տարածքում, ու անգամ սահմանին զոհ ունեցանք, ՀՀ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ միմյանց հետ անհամաձայնություն ունեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այդքան էլ լավ չեն ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը որեւէ քայլ անելուց առաջ չի քննարկում նախարարի հետ, այլ ոնց ճիշտ է համարում, այդպես էլ անում է՝ նախարարին, որպես կանոն, շրջանցելով։ Անգամ այս իրավիճակի մասին տեղյակ են պահել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ ԳՇ-ի եւ նախարարի հարաբերություններն այդքան էլ լավ չեն, բայց վարչապետը քայլ չի ձեռնարկել ՊՆ-ում սուբորդինացիան կարգավորելուհամար։ Ի դեպ, նախարարությունում տարածված մեկ այլ խոսակցության համաձայն էլ՝ նախարարության թիվ մեկ մարդը ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանն է, ու նա է նախարարությունում շատ հարցերի լուծում տալիս կամ կառավարում: Ասել է թե՝ ՊՆ-ի ստվերային կառավարիչը Արշակ Կարապետյանն է, որը անկախ է ԳՇ պետից ու նախարարից։ Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը մինչ հեղափոխությունը Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնին էր,  իսկ հեղափոխությունից հետո վարչապետի խորհրդական էր։

 

 

ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն ընդունվել են ի գիտություն, խորհրդակցական աշխատանքները շարունակվում են. ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ, եւ որ չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։ Այս ուղղությամբ Հայաստանի դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից Փաշինյանը դժգոհ էր։ Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում էր, որ ՀՀ-ն դիմեց ՀԱՊԿ-ին,  արդյունքում էլ սկսվեցին հակառուսական ակցիաներ որոշ ուժերի կողմից, թե կառույցը չի օգնում։ «Բաքուն փորձեց այդպես ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, եւ դա նրան հաջողվեց»,- ասաց նա։ Հիմա, ըստ նրա, առաջացել է սահմանների դեմարկացիայի խնդիրը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտությունը, իսկ Ռուսաստանն առաջարկել է այս գործընթացում միջնորդ լինել։ «Կողմերը պետք է համաձայնության գան, թե ինչպես են ցանկանում դեմարկացիան անել։ Եվ դա կարող է լինել ինչ-որ մեկի միջնորդությամբ, որը կարող է լինել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մեկ այլ երկիր»,- ասաց նա։




Լրահոս