«ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ԵՆՔ ԱՆՈՒՄ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ  պայմանագիր» կուսակցության հատուկ ցուցակը բաղկացած է 16 հոգուց: Ինչպես հայտնի է, այդ ցուցակում ընդգրկվում են  նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ 16 հոգու ցանկում առաջին համարը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է, երկրորդը՝ ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Արսեն Միխայլովը եւս կլինի ցուցակում:

 

Armlur.am-ը զրուցել է Ռուստամ Բաքոյանի հետ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ելքը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում այս պահի լարվածությունը հանդարտեցնելու համար: Իշխանությունը դիմել է ՀԱՊԿ-ին, բայց, կարծես թե, ադրբեջանցիները որեւէ ձեւով չեն զիջում, չեն հեռանում հայկական տարածքներից: Դուք ինչպիսի՞ ելք եք պատկերացնում:

-Այն ճանապարհով, որով մենք հիմա գնում ենք, ճիշտ է, որովհետեւ չենք ուզում՝ լայնածավալ պատերազմ լինի: Հնարավոր բոլոր միջոցները օգտագործում ենք եւ միջազգային հանրության արձագանքն էլ տեսնում ենք, թե ինչպես է. այն մեր օգտին է:  Դանդաղ քայլելով առաջ ենք գնում այս խնդիրը լուծելու համար:

-Բայց դանդաղ քայլելով մենք արդեն զոհ ունեցանք Գեղարքունիքի մարզից: Սա չի՞ նշանակում,  որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

-Իսկ Ձեզ համար կոնկրետ քայլեր ձեռնարկելը որո՞նք են:

-ՀԱՊԿ-ին դիմել եք, ինչո՞ւ որեւէ կերպ չի արձագանքում: Դուք եք իշխանության ներկայացուցիչ, Դուք պետք է տեղյակ լինեք քայլերից:

-Մեր արած քայլերը կոնկրետ քայլեր են:

-Ինչպե՞ս, դիմել ՀԱՊԿ-ին եւ սպասե՞լ:

-Մենք չենք սպասում, մենք աշխատանքներ են տանում:

-Ձեր տրամաբանությամբ՝ ե՞րբ ադրբեջանցիները կհեռանան հայկական տարածքներից:

-Այստեղ տրամաբանության խնդիր չէ, հստակ խնդիր է, որին անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծում տալ, բայց մենք պետք է մաքսիմում զգուշավորություն ցուցաբերենք, որովհետեւ  մենք մի զոհ ունեցանք եւ այդ զոհի արձագանքը հիմա տեսնում ենք, թե ինչպիսինն է: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում, եթե մենք գնանք լայնածավալ պատերազմի, ինչքա՞ն զոհեր կունենանք: Արդյոք մենք ուզո՞ւմ ենք զոհեր ունենալ:

-Ձեր կարծիքով՝ սա լավագույն տարբերա՞կն է, մինչեւ հարցին լուծում կտրվի:

-Մենք չենք սպասում, մենք կոնկրետ քայլեր ենք անում եւ գնում դրանց հետեւից:

-Ինչ-որ ակնկալիք ունե՞ն ադրբեջանցիները մայիսի 12-ից մինչեւ այսօր:

-Ինձ համար հստակ է, որ պայմանավորված է այն հանգամանքով, թե Հայաստանի ներսում ինչ քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում:

-Այսինքն՝ մինչեւ ընտրություններն իրենք ուզում են տարածքների հետ կապված ինչ-որ լուծումներ ստանա՞լ:

-Խորհրդարանի, վարչապետի հրաժարականից հետո՝ 2 օր չանցած, սկսեցին դիմել սադրանքների:

-Կարծում եք՝ սադրանքները մինչ ընտրությունները կշարունակվե՞ն:  

-Չեմ կարող ոչինչ ասել, ես ադրբեջանցիների հետ որեւէ կոնտակտի մեջ չեմ: Կոնտակտի մեջ եղած մարդիկ, որոնք իրենց ջրաղացին ջուր են լցնում, թող իրենք այդ մասին խոսեն: Ես այդ մասին խոսել չեմ կարող:

-Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը խոստացել է հողեր տալ Սյունիքի, Արմավիրի մարզերից, ինչի համար էլ ադրբեջանցիները չեն հեռանում:

-Վստահ եմ, որ Ձեր ասած ընդդիմությունը ադրբեջանական կողմի հետ սերտ կապերի մեջ է: Կարծում եմ՝ ուղիղ կապ կա, եւ այդ կապը Ադրբեջանը Հայաստանի ներսից ընդդիմության միջոցով կարողանում է խոսել:

-Պարո՛ն Բաքոյան, այս լարված սահմանային իրավիճակով պայմանավորված՝ պե՞տք էր այս պահին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ պետք էր չեղարկել, ռազմական դրություն հայտարարել եւ ելքեր փնտրել:

-Նորից եթե անդրադառնանք ընդդիմությանը, ապա կտեսնենք, որ անընդհատ սաբոտաժներ անելով, անընդհատ Հայաստանի ներսում լարված իրավիճակ հրահրելով՝ փորձում է անկայություն ապահովել, բայց մենք գնում ենք մի ճանապարհով, որն արտահեթ ընտրություններ են, եւ դրանից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում գոնե կայունություն կլինի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՏԱՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

ՀՀ Արագածոտնի մարզի 106 բնակիչ ունեցող Կանչ գյուղում անհամբեր սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ArmLur.am-ը զրուցեց Կանչի գյուղապետ Մրազ Բշարյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ քաղաքական մթնոլորտ է գյուղում:

 

-Պարո՛ն Բշարյան, Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, գյուղի բնակիչները հետաքրքրվա՞ծ են ներքաղաքական կյանքով, թե՞ ոչ: 

-Քննարկում են, տարբերակներ են փնտրում, թե որ թեկնածուին են ընտրելու: Հիասթափված չեն, պետք է մասնակցեն, վերջը պե՞տք է այս երկիրը այս վիճակից դուրս գա, թե՞ ոչ:

-Ո՞ր թեկնածուի անունն է քննարկվում, ո՞ւմ են կոմնակից, որի՞ն են շատ քննադատում:

-Դե, այսօր վերջին օրն է, գյուղացիները չգիտեն, թե որ կուսակցություններն են գրանցված, մասնակցելու:

-Բայց առաջնորդների անուններն արդեն շրջանառվում են:

-Գյուղում ե՛ւ գործող իշխանության կողմնակիցներ կան, ե՛ւ ընդիմադիր ուժերի: Մարդիկ անտարբեր չեն, ակտիվ են, շատ են քննարկում: Ասում են՝ հեսա նոր ուժեր կգան, թուրքերին կլարեն մեր հողերից: Բայց այս քաղաքականությունը մեր տանն էլ է կռիվ գցել (ծիծաղում է-Ս.Հ.): Օրինակ՝ ես ու կինս տարբեր հայացքներ ունենք, կինս պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, իսկ ես՝ ուրիշին: Բայց գյուղի երիտասարդները դժգոհում են գործող իշխանություններից, բայց դե մեր գյուղում ընդամենը 50 ընտրող է:

-Պարո՛ն Բշարյան, Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, ո՞ր կուսակցությանն եք կողմ, որի՞ օգտին եք քվեարկելու:

-Քվեարկությունը գաղտնի է (ծիծաղում է-Ս.Հ.): Ես իմ համար իմ կուսակցության թեկնածուին պետք է ընտրեմ:

-Դուք կուսակցակա՞ն եք:

-Ես նախկինում ՀՀԿ անդամ եմ եղել, բայց ՀՀԿ-ն վերջին երեք տարիներին ո՛չ ժողովներ է անում, ո՛չ էլ ինչ-որ բան:

-Բայց այս պահին ՀՀԿ-ակա՞ն եք:

-Հա, այս պահին ՀՀԿ-ական եմ:

-Եւ ա՞յդ կուսակցության օգտին եք քվեարկելու:

-Եղել է, որ ես ՀՀԿ-ական եմ եղել, բայց իմ ձայնն այդ կուսակցությանը չեմ տվել, բոլորն էլ գիտեն, անգամ եղել է, որ իմ կուսակցությունից հեռացման հարց է դրված եղել:

-Պարո՛ն Բշարյան, այս պահին գյուղում քանի՞ բնակիչ է ապրում:

-Գյուղն ունի 208 բնակիչ, բայց այս պահին 105-106 հոգի է ապրում:

-Իսկ որտե՞ղ են մյուս 100-ը:

-Դուրս են եկել, գնում են. կորոնավիրուսից առաջ գնացել են ու հետ չեն եկել: Աշխատում են, իրենց ընտանիքներին, հարազատներին փող են ուղարկում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններին որոշել է չմասնակցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Ըստ մեր տեղեկությունների` Հայարապետյանը ցանկանում է գնալ ՀՀ կառավարություն, ինչի համար էլ իր թիմին ասել է, որ նախընտրական ցուցակում իր անունը չգրեն: Ըստ իմքայլականների՝ հնարավոր է՝ Հայրապետյանին ցուցակի վերջին համարներում գրեն կամ ընդհանրապես նրան ցուցակում չընդգրկեն: Մխիթար Հայրապետյանը այս հարցերի շուրջ չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ:

 

 

ՎԱՐՈՒՅԹԸ՝ ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստերը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանա պատժել: Եվ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարուցած կարգապահական վարույթը մնաց օդից կախված: Բանն այն է, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատավորների էթիկայի հանձնաժողովը վերոնշյալ դիմումը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել ուշացումով, ասել է թե՝ ժամկետներ են խախտվել. պետք է ներկայացվեր 4 օր առաջ, սակայն ներկայացվել է ավելի ուշ, ուստի այդ հիմքով էլ ԲԴԽ-ն չի կարողանա պատժել գեներալի դատավոր դստերը: Նշենք, որ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ գործերից մեկով ժամկետների խախտման հիմքով։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ միջնորդությունն արդեն քննարկվել է։ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 31-ին։

 

ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպման մասնակիցները լսել են Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը, որում նա գնահատել է Հայաստանի սահմանային իրավիճակը եւ նշել ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը պահանջում է անհապաղ միջոցառումներ «առաջին հերթին` քաղաքական եւ դիվանագիտական բնույթի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցերի լուծում»:

 




Լրահոս