Երեկ վերջնաժամկետն էր, եւ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է վերլուծել եւ հասկանալ, թե ինչ ցուցակներով, ինչ փոփոխություններով եւ ինչ տրամաբանությամբ են ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերը: Վերլուծության մեջ կներկայացնենք դուրս մնացած անձանց, առաջընթաց ունեցածներին եւ, իհարկե, ձախողածներին:
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը բաղկացած է 161 հոգուց, եւ ցանկում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Սակայն այս պահին դիտարկենք միայն առաջին 50-ը եւ ցանկում տեղ գտած փոփոխությունները: Օրինակ՝ թռիչքաձեւ անկում է արձանագրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը 2018 թվականին ցուցակի 14-րդը լինելով՝ այս անգամ հայտնվել է ցուցակի վերջում եւ 157-րդն է: 2018-ին 34-րդը լինելուց հետո այս անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը 74-րդն է: Նախ նկատենք՝ քանի որ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ապա պարզ է, որ խորհրդարանում հայտնվելու շանսեր ունենում են ավելի առաջ գտնվող թեկնածուները, եւ առաջին 50-ը պետք է կազմված լիներ հենց այդ տրամաբանությամբ: Եվ այն փաստը, որ այս պատգամավորները չկան, այսպես ասած, անցողիկ շեմում, նշանակում է՝ նրանց աշխատանքից դժգոհ են եղել: Նկատենք, որ 50-ից ներքում են գտնվող շատ գործող պատգամավորներ՝ Թագուհի Ղազարյան, Մաթեւոս Ասատրյան, Վահե Ղալումյան, Սեդրակ Թեւոնյան, Քրիստինե Պողոսյան, Սերգեյ Մովսիսյան, Արման Եղոյան, Արեն Մկրտչյան, Նարեկ Զեյնալյան եւ այլք:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն այդքան էլ հեշտ չի գրվել: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչեւ մայիսի 25-ի երեկոյան՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ, թեժ քննարկումներ եւ բախումներ են եղել, մինչեւ հասել են ցուցակի ամբողջական կազմմանը: Ի վերջո իրավիճակն այնքան է լարված եղել, որ եկել են այնպիսի որոշման, որ թեկնածուների անունները դնեն քվեարկության, վարչության անդամները որոշում կայացնեն, եւ նոր միայն տվյալ անձի անունը տեղ կգտնի ցուցակում: Մեր տեղեկություններով՝ բացարձակ անհամաձայնություն է եղել առաջին տասնյակի մի քանի անունների մասով: Խոսքը, օրինակ, վերաբերում է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, ապա ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որոնք վատ վարկանիշ ունեն հանրության շրջանում, եւ վարչության շատ անդամներ հայտարարել են, թե նրանք չպետք է լինեն լավագույն տասնյակում:
Սակայն մենք բոլորս էլ գիտենք, թե այդ դեպքերում ինչպես են որոշումներ կայացվում. ներկաները պարզապես նայում են Փաշինյանի ժեստիկուլյացիային եւ այդկերպ քվեարկություն կատարում: Նաեւ, մեր տեղեկությունների համաձայն, ՔՊ-ում կանանց խնդիր է, եւ քանի որ պահանջ կա ամեն քառյակի՝ կին լինելու մասով, մյուս ուժերը եւս խնդրի առջեւ են հայտնվել: Ավելին, այն անձինք, որոնք ՔՊ ցուցակից դուրս են մնացել, հիմա նեղսրտած վիճակում են եւ աշխատանքի փնտրտուքի մեջ են: Նկատենք, որ ցուցակում վերջին պահին փոփոխություններ են եղել, եւ, օրինակ, պատգամավոր Նազելի Բաղդասարյանը այժմ ցուցակում 12-ն է, իսկ Մարիա Կարապետյանը՝ 24-ը:
Այժմ անդրադառնանք խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի ցուցակին: ԲՀԿ ցուցակի առաջին 20-ում քաղաքական դեմքեր չկան, եւ ցուցակից դուրս են մնացել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավոր Արթուր Գրիգորյանը: Կարելի է ասել՝ ցուցակը լրիվ նորացված է, եւ նաեւ նոր կանայք են ընդգրկված այս ցուցակում: Ինչպես հայտնի է, առաջին եռյակն են՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան եւ Իվետա Տոնոյան, չորրորդը հանրությանն անհայտ Դավիթ Սիմոնյանն է, հնգյակն էլ եզրափակում է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը:
ԼՀԿ ցուցակում եւս փոփոխություններ կան. ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանից հետո երկրորդը Արտյոմ Գեղամյանն է, երրորդ հորիզոնականում Անի Սամսոնյանն է, ապա Գեւորգ Գորգիսյանն ու Դավիթ Խաժակյանը: Հետաքրքիր է, որ ցուցակի առաջին տասնյակում տեղ չեն զբաղեցրել գործող պատգամավորներ Արկադի Խաչատրյանն ու Աննա Կոստանյանը:
Նկատենք, որ այս ընթացքում քաղաքական ուժերից ամենաբացն իր ցուցակը ներկայացրել են թերեւս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները: Առաջինի դեպքում որոշումները կայացվել են համամասնությամբ՝ եռյակ՝ ՀՅԴ, եռյակ՝ Քոչարյանամերձ անձինք, եւ եռյակ՝ «Վերածնվող Հայաստան»: Իսկ, ահա, «Պատիվ ունեմ»-ի պարագայում ցուցակը նոր է, չկան ՀՀԿ-ական հին դեմքերը, միայն Տարոն Մարգարյանն ու Արման Սահակյանն են, որոնք Երեւանում ընկալելի են:
Ն.Հ.
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ընդգծել են պաշտպանական գերատեսչությունից:
ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում: Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլեւս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից: Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում եւ ունի QR կոդ: Հիշեցնենք, որ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 3 պատվաստանյութով` «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա» եւ «Կորոնավակ»: «ԱստրաԶենեկա»-ով եւ «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
ՊՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։ Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները եւ մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։ Ընդ որում, հատկանշական է, որ, ըստ հաղորդագրության, հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն երեկ է որոշում կայացրել խոսել այդ մասին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաեւ Արցախում՝ Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել։
ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
ArmLur.am-ին հայնտի դարձավ, որ Վահան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1991 թվականից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 26-ը հանդիսանալով Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավար, ունենալով կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական լիազորություններ, 2019 թվականին Պերճ Յախանեջյանին տվել է օրինական հիմքերից զուրկ շինարարական թույլտվություն, այդկերպ իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի գործերը այդքան էլ լավ չեն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բանկերից մեկը դիմել է սնանկության դատարան եւ հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին: Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը բանկին պարտք է, որը անցնում է 5 միլիոնի շեմը, եւ չի կարողացել վճարել, ինչի համար էլ բանկը դիմել է դատարան եւ նախկին պատգամավորին տանում է հարկադիր սնանկացման:
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ՝ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ
ArmLur.am-ի տեղեկություններով` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ծանուցագիր է ուղարկել, որպեսզի վերջինս ներկայանա Քննչական կոմիտե` հարցաքննության: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն Առուշ Առուշանյանին հրավիրում է հարցաքննության, քանի որ նրա մասով հարուցված քրեական գործերով նախաքննության ավարտ է հայտարարում եւ գործը ուղարկում է դատարան:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել իր կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով, որոնք քննվում են մեկ վարույթում: