ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՄԻՑ ՀԵՌԱՑԱԾՆԵՐԻ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել հրաժեշտի խոսքի ժամանակ: Նա մասնավորապես նշել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։ Այսինքն՝ նա ըստ էության ակնարկում է, որ այս պահին կարող են արվել քայլեր, որոնք դեմ են մեր ազգային եւ պետական շահին:

 

Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ հեղափոխության միջոցով իշխանության եկած, ժողովրդավարության եկած հեղափոխական թիմի անձինք հրաժարական  են տալիս եւ կոնկրետ վտանգներ մատնանշում երկրի, պետականության վտանգների մասին:

2019թ.-ի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տալիս Փաշինյանին սթափության կոչ արեց, ամսիներ անց նա դարձավ Փաշինյանի ամենամոլի քննադատողներից մեկը։ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», – նշել էր Արթուր Վանեցյանը:

Իր քայլը որպես սթափության կոչ էր բնորոշել նաեւ  ոստիկանության նախկին ղեկավար Վալերի Օսիպյանը։ Նա Փաշինյանին սկսեց քննադատել 2020-ի նոյեմբերին՝ հայտնի հայտարարության ստորագրումից հետո, հանրահավաքում արդեն ցուցարարի կարգավիճակով. «Այսօր նպատակահարմար գտա լինել ժողովրդի կողքին, քանի որ, գիտեք, միշտ Օսիպյանը եղել է ժողովրդի կողքին»։

Պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած Միքայել Համբարձումյանը իր պաշտոնից հրաժարվելու պատճառներից մեկը համարում է այն հանգամանքը, թե ինչու պատերազմը շուտ չի դադարեցվել։ Եվ սա այն պարագայում, երբ ԱԱԾ-ն ու Պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցել են կորուստների, խնդիրների ու հեռանկարի մասին։ Համբարձումյանը եւս կարծում էր, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

ՀՀ զինված ուժերի շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ շտաբի մյուս  անդամներն իրենց հայտարարություններով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով. «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը եւս հեռանալիս վտանգների մասին էր խոսել. Նա հեռացվեց Փաշինյանի կողմից «Իսկանդեր»-ի մասին սկանդալային հայտարարությանը պատասխանելուց հետո, ապա դիմեց նաեւ Վարչական դատարան:

Իհարկե, իշխանությունների թիմից հեռացածների թիվն այսքանով չի սահմանափակվում, իշխող թիմից հեռացել են նաեւ պատգամավորներ, ավագանու անդամներ, կառավարության անդամներ, եւ նրանք խոսում էին վտանգների մասին:

Ն.Հ.

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ՝ ԱԳՆ-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ մայիսի 27-ին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Գագիկ Ղաչալյանը: ԱԳՆ-ի աշխատակազմից հրաժարական է տվել նաեւ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Վերջինս մասնավորապես գրել է. «Տեղեկացնեմ, որ այլեւս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո եւս հրաժարականի դիմումներ են ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նույն վիճակն է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից:

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ

Իշխանությունը չի ուզում տեսնել իր սխալները պատերազմից հետո ստեղծված իրավիճակում։

Եթե հայկական բանակը եղանակի տաքանալուն զուգընթաց հասցրած լիներ տեղակայվել եւ դիրքավորվել Ադրբեջանի հետ նոր ձեւավորված սահմանին, ապա նման անպաշտպան իրավիճակ չէր ստեղծվի։

Սահմանի նման անկազմակերպ վիճակում մեղավորություն ունեն թե՛ ՊՆ եւ ԳՇ ղեկավարությունը, թե՛ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարները, որոնք տեղերում պետք է կազմակերպեին ինժեներական աշխատանքներն ու բանակային ստորաբաժանումների տեղակայումը։ Այստեղ իշխանության թերացումն այն է, որ պատերազմից հետո հետեւություններ չարվեցին, եւ ժամանակին չփոխվեցին այն կորպուսների հրամանատարները, որոնք թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո պատշաճ չէին կատարում իրենց պարտականությունները։ Ավելին՝ իրենց բուն գործը թողած՝ նրանք քաղաքական հայտարարություններ էին անում՝ ստորագրելով կառավարության հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ։

Ստեղծված իրավիճակում իր մեծ մեղավորությունն ունի նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, որը սեփական անվճռականության պատճառով դանդաղեցրեց Գլխավոր շտաբի պետի եւ նրա տեղակալի փոփոխման գործընթացը։ Դրանով Արմեն Սարգսյանը խաթարեց կառավարության աշխատանքը` զրկելով շտաբի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին առկա մեխանիզմներով փոփոխելու հնարավորությունից։

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: Այս մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում, որոնց ընթացքում նա կարեւորել է խնդրի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով լուծումը: «Գործող նախագահը ողջունում է իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը եւ հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, ու հնարավորինս շուտ հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը կողմերի հետ ունեցած իր զրույցներում, ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կողմերին վստահություն ստեղծելու հարցում` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը եւ ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կարող են կառուցողական կերպով շարունակել իրենց բանակցությունները»,- ասել է նա:

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը եւ դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները։

 

 

ԱՆԱՐՁԱԳԱՆՔ

Եթե կողմերն ընդունեն հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը, ապա լարվածությունն էապես կնվազի: Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ դեռ որեւէ կոնկրետ արձագանք չի տեսնում: «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուրջ մտահոգություններ հնչել են, սակայն ոչ մի երկիր փաստացի պատրաստակամություն չի հայտնել իր դիտորդների տեղակայել սահմանին»,- ասել է Մարուքյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից եւս արձագանք չի եղել:

 




Լրահոս