Հունիսի 13-ը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Էվելինա Շահիրյանի ծննդյան օրն էր, վաստակաշատ դերասանուհին տոնել է ծննդյան 80-ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում Էվելինա Շահիրյանը կիսվել է իր տարեդարձի, զգացողությունների եւ կին լինելու իր բանաձեւի մասին:
«Տարեդարձս անցել է շատ լավ, շատ ուրախ, ամենամտերիմ ընկերներիս եւ հարազատներիս հետ միասին: Տարեդարձիս խնջույքը կազմակերպել էին ընկերներս անակնկալ «Ծիրանի» ռեստորանում, բացօթյա, շատ մտերիմ հարազատներով, չնայած որ կուզենայի բոլոր ընկերներիս հետ նշել այդ օրը, բայց հասկանալի պատճառով չէինք կարող: Տրամադրությունս շատ բարձր էր, անակնկալներ գեղեցիկ եղան բոլորի կողմից՝ ե՛ւ ընկերներիս, ե՛ւ թոռներիս կողմից: Ինձ համար իրական ամենաթանկ նվերն այն է, որ իմ հարազատները, իմ երեխաներն իմ կողքին են, ինձ շրջապատում են ուրախությամբ. դրանից թանկ բան չկա, եւ այդքան գեղեցիկ խոսքերից հետո, երբ լսեցի տարեդարձիս իմ մասին, ինձ համար ամենաթանկն էին եւ ամենահաճելին»,-նշեց նա:
Էվելինա Շահիրյանն իր շրջապատում եւ, առհասարակ, հեռուստատեսային աշխարհում մշտապես առանձնացել է իր խնամվածությամբ եւ գեղեցկությամբ, սակայն դերասանուհին այսօր տարակուսում է խոսել գեղեցիկի, կնոջ մասին, քանի որ, ըստ նրա, այսօր կանայք ձգտում են նմանվել միմյանց՝ կորցնելով իրենց անհատականությունը:
«Հայ կանանց եւ ընդհանրապես մեր աղջիկներին խորհուրդ կտամ, որպեսզի շատ չընկնեն ստանդարտների մեջ եւ չփորձեն մեկը մյուսին նմանվել: Այդօր, երբ փողոցով քայլում ես, տեսնում ես աղջիկներին նույնանման սանրվածքով, նույնանման հոնքերով, շորերով, ես չեմ ուզում, որ այդպես լինեն, ես ուզում եմ, որ ամեն մարդ ունենա իր յուրահատուկ ոճն ու տեսքը: Այն, ինչ ասում եմ, վերաբերում է նաեւ տղաներին, բոլորը, չգիտես՝ ինչու, ունեն մորուքներ, միաձեւ կտրված սանրվածքներ, ինչի արդյունքում կորցրել են իրենց առանձնահատկությունը: Ես կողմ եմ յուրաքանչյուր խնամքի միջոցի, փոփոխության, բայց այն պետք է պահպանի քո էությունը, ոճը, պետք չէ ինչ-որ միջամտույան շնորհիվ հատուկ տգեղանալ: Բնությունը մարդուն ստեղծում է այնպիսին, ինչպիսին նա պետք է լինի, պարզապես պետք է ճիշտ եւ գրագետ խնամել այն»,- ընդգծեց դերասանուհին, միեւնույն ժամանակ հավելեց, որ այսօրվա սերունդը շատ խելացի է, ինչն էլ իրեն հիացնում եւ մեծ բավականություն է պատճառում:
Նշենք, որ Էվելինա Շահիրյանը 1960-1961 թվականներին աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար։ 1969 թվականին ավարտել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիան։ 1969 թվականից Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ Վարել է մի շարք մանկական եւ երաժշտական հեռուստահաղորդումներ: Արժանացել է մի շարք պարգեւների եւ կոչումների՝ ՀՀ վաստակավոր արտիստ (2003), ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ (2011), «Հակոբ Մեղապարտ» մեդալ (2011), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2011), ՀՀ ԱԺ ոսկե մեդալ (2012), Մովսես Խորենացու մեդալ (2014), ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ (2016):
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ Է ՍԿՍՈՒՄ
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը եւ «Վիքիպեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հունիսի 21-ից կիրականացնեն «#Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում» ծրագիրը:
Բովանդակության ստեղծման եւ բարելավման նախագիծը նվիրված է Արամ Խաչատրյանին, նրա տուն-թանգարանին, ցուցանմուշներին եւ ստեղծագործություններին, այն ամենին, ինչը կապված է մեծ կոմպոզիտորի անվան հետ։
Համագործակցությունը երկարաժամկետ է եւ նպատակ ունի լրացնել Արամ Խաչատրյանին վերաբերող բացը հայերեն վիքինախագծերում, ավելացնել որակյալ, մասնագիտական բովանդակությունը եւ հետագայում այդ ամենը թարգմանել ու տեղադրել այլ լեզուներով վիքիպեդիաներում։
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոյին կներկայանա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ, որպես մենակատար հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Ծրագրում՝ Դվորժակ՝ Ջութակի կոնցերտ, Մարտուչի՝ Նոկտյուրն, Ստրավինսկի՝ «Հրեղեն հավք» սյուիտ (1945թ. խմբագրություն):
Անդրեյ Բորեյկոն 2019 թվականից Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է: Նվագախումբը Բորեյկոյի ղեկավարությամբ ելույթներ է ունեցել Շոպենի փառատոնում, Եվրոպական փառատոնում, Բեթհովենի Զատկի փառատոնում, Ճապոնիայում եւ այլուր: Գործունեության սկզբում Բորեյկոն եղել է Poznan Philharmonic-ի, Jenaer Philharmonie-ի, Hamburger Symphoniker-ի, Winnipeg Symphony-ի, Berner Sinfonieorchester-ի եւ Dusseldorf Symphoniker-ի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը: 2012-2017-ին նա Բելգիայի Orchestre National-ի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն էր:
Որպես մոդեռն արվեստի որոնումների կողմնակից՝ Անդրեյ Բորեյկոն ստեղծագործության պատվերներ է տվել կոմպոզիտորներ Ֆազիլ Սեյին, Գիյա Կանչելիին եւ Դ. Ջ. Սպարրին՝ դառնալով նրանց ստեղծագործությունների առաջին կատարողը:
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Ռուս ռեփեր Face-ը (Իվան Դրեմին) խոստովանել է, որ մանուկ հասակում ցանկացել է քահանա դառնալ։ Նա այդ մասին պատմել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին, տեսագրությունը հասանելի է YouTube-յան «Թ չՏրՑÿւ ց ԺՎՌՑՐՌÿ թՏՐՊՏվՈ» ալիքում։ Երգիչը նկարահանման համար մեկնել է Կիեւ։ Նա խոստովանել է, որ ամուսնալուծությունից հետո մայրը սկսել է հաճախակի գնալ եկեղեցի եւ տարել է որդիներին։ Դրեմինին դուր են եկել ժամերգությունները, թեեւ ինչպես խոստովանել է ռեփերը, ինքը չափազանց փոքր է եղել՝ ինչ-որ բան գիտակցելու համար։ «Հիշում եմ, որ ցանկանում էի քահանա դառնալ։ Դասավորում էի սրբապատկերները, նստում, օրհներգություն կարդում, Ավետարան։ Ես մանուկ հասակում ինչ-որ պահի (հինգ տարեկան էի) իսկապես, ցանկանում էի քահանա դառնալ, վանական»,- խոստովանել է Face-ը։ Ռեփերը նշում է, որ մինչ այժմ իրեն դուր է գալիս ուղղափառ մշակույթը։ Նա նշել է, որ ճամփորդությունների ընթացքում սիրում է եկեղեցիներ գնալ։ Ընդ որում, Դրեմինը հավատում է որոշակի բարձրյալ ուժի, սակայն ոչ այն մեկնաբանությամբ, որով ներկայացնում է ուղղափառությունը։
ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՈւԵՖԱ-ն Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիրներից Մադրիդի «Ռեալին», կատալոնական «Բարսելոնային» եւ Թուրինի «Յուվենտուսին» թույլատրել է մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջոդ մրցաշարի խմբային փուլին: ՈւԵՖԱ-ն ավելի վաղ կասեցրել էր կարգապահական գործերը 3 ակումբների դեմ, որոնք չեն ցանկանում հրաժարվել Սուպերլիգայի նախագծից։
Ավելի վաղ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) եւ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությանը (ՈւԵՖԱ) պաշտոնապես ծանուցել էր, որ այդ կազմակերպություններն իրավունք չունեն պատժամիջոցներ կիրառել Եվրոպական Սուպերլիգայից դուրս չեկած ակումբների դեմ։ Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9-ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։ ՈւԵՖԱ-ն 9 ակումբներին պատժել է 15 միլիոն եվրո բարեգործական վճարով եւ եվրագավաթային մրցաշարերի պարգեւավճարից 5 տոկոսի վերադարձով։