Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլեւս իրողություն են: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։ Ի՞նչ է սպասվում այժմ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելու է հունիսի 28-ին, եւ այդ օրն էլ վերջնականապես պարզ կլինի՝ խորհրդարան անցած ուժերը որքան մանդատներ կստանան։ Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն կստանա 72 մանդատ, «Հայաստան»-ը՝ 27, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 32-րդ հոդվածն ասում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը»: Այսպիսով, նոր խորհրդարանը կազմավորված համարվելու է հունիսի 28-ին, իսկ երկրորդ երկուշաբթին հուլիսի 5-ն է, այսինքն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 5-ին: Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Ցուցակում տարիքով ամենաավագը Հովիկ Աղազարյանն է, սակայն հայտնի չէ՝ նա խորհրդարան կմտնի, թե ոչ։ Նշենք, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սակայն նկատենք՝ երեկ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել եւ հայտնել ընտրությունների արդյունքների վիճարկման մասին՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելու տարբերակը: Այս դեպքում ժամկետները կարող են փոփոխվել՝ մինչ ՍԴ-ի կողմից համապատասխան դիմումի քննությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ Սահմանադրական դատարանն այս գործերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավրման գոչծընթացը կերկարի:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանական երկու ուժեր՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, չհաղթահարեցին անհրաժեշտ շեմը խորհրդարան մուտք գործելու համար: Եթե 2018 թվականին ԼՀԿ-ն ստացել էր 80 047 ձայն, ապա այս անգամ ստացավ ընդամենը 15 571 ձայն, իսկ, ահա, խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, 103 801 ձայնի փոխարեն այս անգամ ստացել էր 50 419 ձայն: Այսպիսով, բոլոր ուժերի քվեները պակասել են: Նկատենք՝ սա առաջին դեպքն է իր ձեւավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան: Իհարկե, այս հանգամանքի պատճառները կարող են տարբեր լինել՝ մրցակիցներ, քարոզարշավ եւ այլն, սակայն փաստը մնում է փաստ: Հետաքրքիր է, որ ԼՀԿ-ն արդեն հայտարարություն է տարածել եւ, ըստ էության, ընդունել է ընտրությունների արդյունքները, իսկ ԲՀԿ-ն՝ դեռ ոչ: Մեր տեղեկություններով՝ երեկ երկու ուժերի ներկայացուցիչներն էլ քննարկումներ են ունեցել, թե ինչպես պետք է իրենց դրսեւորեն արդեն որպես արտախորհրդարանական ուժ, եւ նրանք քաղաքական դադար են վերցնում: Եթե ԲՀԿ-ն չորրորդն էր, ապա ԼՀԿ-ի համար այս արդյունքները շատ անակնկալ են եղել, հատկապես եթե հաշվի առնենք, որ նորաստեղծ «5165» շարժումը ավելի շատ ձայն է ստացել, քան իրենք: Ավելի շատ ձայն է ստացել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը տարիների պատմության մեջ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ամենաքիչ՝ 42.31 տոկոս ձայն ՔՊ-ն ստացել է Երեւան քաղաքում։ Ավելին՝ Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Հայաստան» դաշինքին: Արաբկիրում ՔՊ-ն ստացել է 15 178 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 17 185 ձայն, Կենտրոն վարչական շրջանում ՔՊ-ն ստացել է 16 057 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 17 297 ձայն: Երեւանի ընտրողների 42 տոկոսն է իր ձայնը տվել Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ ընտրատեղամասեր կան, որտեղ ՔՊ-ն պարտվել է բավական մեծ տարբերությամբ: Այդպիսի ընտրատեղամասեր կան ոչ միայն Կենտրոնում եւ Արաբկիրում. օրինակ՝ Ավանի 1/20 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 317 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 513 ձայն, Նոր Նորքի 2/2 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը՝ 333 ձայն, ՔՊ-ն՝ 287 ձայն: Հավելենք, որ երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով։
Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 78 հազար 2 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մայիս ամիսներին մեկնել է 293 հազար 754, իսկ ժամանել 232 հազար 518 ուղեւոր: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հինգ ամիսներին մեկնել է 30 հազար 975, վերադարձել`14 հազար 209 ուղեւոր: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց, մյուս կողմից էլ, հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է: Ցամաքային ճանապարհը դեռ շարունակվում է փակ մնալ կորոնավիրուսի պատճառով ու եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ուղեւորափոխադրող ընկերություններից փոխանցեցին, որ դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է բացվի հուլիսի 1-ից: