ԱՐՍԵՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ՝ ՈՐՏԵՂ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանի հետ: Ըստ պատգամավորի` այս ընտրությունները Հայաստանում տեղի ունեցած ամենաթափանցիկ ու ամենաժողովրդավարական ընտրություններն են, իսկ ընդդիմության՝ ՍԴ դիմելը իրենց իրավունքն է, որից իրենք օգտվում են: Ըստ Արսենյանի՝ դեռեւս հստակ չէ, թե ինքը խորհրդարան է գնալու, թե գործադիր մարմին. որոշումը կկայացնի թիմը:

 

-Պարո՛ն Արսենյան, որոշում ունե՞ք՝ մանդատն եք վերցնում, հրաժարվելու եք կամ գուցե գործադիր մարմնում Ձեր աշխատանքը ունենաք:

-Գործադիր մարմինների ձեւավորման, կառավարության ձեւավորման, կառավարության աշխատանքի ձեւավորման ընթացքին ես մասնակցելու են որպես խորհրդարանի պատգամավոր: Աշնանային նստաշրջանի կեսերին արդեն պարզ կլինի, թե ես ինչպես ավելի արդյունավետ կկարողանամ օգտակար լինել բոլորին:

-Իսկ Դուք որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում՝ օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնում:

-Ես ինձ ավելի լավ կզգամ հասարակական աշխատանք կատարելիս: Հրապարակային, հանրային, հասարակական ոլորտում եմ պատկերացնում իմ աշխատանքը:

-Այսինքն՝ կարելի՞ է ասել, թե ինչպես ձեր թիմը որոշի, թե Դուք որտեղ կլինեք, այդպես էլ կլինի:

-Բնաբականար, մեր քննարկումները թիմի հետ իրականացվելու է՝ թիմային ոգին հաշվի առնելով:

-Քանի որ օրենսդիր մարմնում եղել եք արդեն,  գուցե նախընտրում եք օրենսդիր մարմի՞ն վերադառնալ: 

-Ես երեք գումարումների պատգամավոր եմ եղել, սա արդեն չորրորդն է:

-Կա՞ արդեն հստակություն, թե որտեղից է սկսելու ձեր թիմն աշխատել: Ինչի՞ց եք սկսում, ո՞րն է լինելու առաջնային ձեր խնդիրը:

-Այս թիմը գործող իշխանությունն է, այն ոչ թե ինչ-որ զերոյական կետից պետք է սկսի, այլ պետք է իրականացնի շարունակական այն ծրագրերը, որոնք կային, այդ թվում նաեւ հաշվի առնի փոխված իրողություններն ու նոր մարտահրավերները ու սկսի այդ խնդիրների իրականացման գործընթացներ:

-Ճի՞շտ եք համարում քաղաքական ուժերի հետ կառավարություն ձեւավորվելը: Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական  ուժերի հետ:

-Նոր կառավարության ձեւավորման տերմինը, ինձ թվում է, այդքան էլ կոռեկտ չէ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներ են ընթանում, քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում:

-Կոնսուլտացիայի նպատակը ո՞րն է:

-Այս ամենի նպատակը, այսպես կոչված, գույքագրումն է երկրում առկա խնդիրների, եւ տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ խնդիրների լուծման տեսլականն է: Այս ամենի նպատակը գույքագրում է, որովհետեւ շատ հնարավոր է, որ այդ քննարկումների ժամանակ  որեւէ խնդրի լուծման համար հնչի այնպիսի մի տարբերակ, որը մենք չէինք պատկերացնում: Հնարավոր է՝ շատ ողջամիտ առաջարկ լինի, չանե՞նք նման բան:

-Նկատի ունեմ՝ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափա՞րն է այս ամենի հիմքում դրված, թե՞ ուզում եք  հասկանալ, թե որոնք են առաջնային խնդիրները:

-Ես եթե չեմ սխալվում, «ազգային համաձայնության կառավարություն» տերմինը դեռ շրջանառության մեջ դրված չէ: Երբ կդրվի շրջանառության մեջ նմանատիպ տերմին Փաշինյանի կողմից, ազգային համաձայնության կառավարությունը ձեւավորվում է այն պահին, երբ չկա ակնհայտ դոմինանտ ուժ: Այս պարագայում մեր թիմը ստացել է հասարակության  կողմից անվերապահ մանդատ, վստահություն: Մենք գրեթե սահմանադրական մեծամասնություն ենք խորհրդարանում: Ես որեւէ բան այս պահին չեմ կարող հնչեցնել, ինչը վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՎԱՐԱԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Հայաստանում վերջին շրջանում աղիքային վարակի դեպքերը շատանում են: Ի դեպ, ամռան այս ամիսներին աճում է աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացման եւ տարածման վտանգը:

 

Հիշեցնենք՝ հունիսի 19-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում եւ լուծ) 16 քաղաքացի: Իսկ, ահա, հունիսի 12-13-ը «Մարտունի» ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էր տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:

Ի դեպ, ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակի 843 դեպք (նախորդ տարի գրանցված դեպքերի քանակը կազմել է 1385), իսկ այլ մանրէային աղիքային վարակի 502 դեպք: Միայն ապրիլ ամսին գրանցվել է չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակի 268 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ 152-ով ավելացել է:

ArmLur.am-ին Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը եւ վաճառքը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված դիզենտերիայի, սալմոնելոզի, շիգելոզի, իերսինիոզի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Ըստ որոշ կանխատեսումների՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, իսկ ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետեւել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել, սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը լավանալ օճառով, ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր եւ այլն:

Ս.Հ.

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Արդեն մի քանի օր է՝ Երեւան քաղաքի բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից: Բողոքներն ավելի շատ են Նոր Նորքում, մասնավորապես՝ 4-րդ զանգվածում: Այնտեղ բնակիչները կա՛մ ջուր չեն ունենում, կա՛մ այնքան բարակ է գալիս, որ լողանալը կամ ջրով որեւէ աշխատանք կատարելն արդեն անհնար է լինում: Թեժ գծին արված զանգերը մնում են անպատասխան, եւ բնակիչները կանգնում են խնդրի առջեւ: Եվ միայն երկար տանջանքներից հետո է հնարավոր եղել վերջապես կապ հաստատել ընկերության հետ, որտեղից պատասխանել են, թե պոմպակայանում հոսանքի խնդիր է առկա: Եվ չնայած երեկ ուշ երեկոյան ընկերությունը նաեւ որոշեց պարզաբանում տարածել եւ ներկայացնել ջուր չունենալու պատճառները, սակայն, ըստ էության, դա բաժանորդներին այլեւս չի հուզում, եւ ցանկալի է, որ այդ պահին բաժանորդներին համապատասխան պարզաբանումը տրվի:

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

Ինչպես հայտնի է, ընտրությունների արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53,92% ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 21,04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23%: Նախնական արդյունքներով՝ Ազգային ժողովն ունենալու է 105 պատգամավոր, որից 4-ը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Սահմանադրության պահանջ է, որ ընդդիմությունը պետք է խորհրդարանում ներկայացված լինի 1/3 տոկոսի չափով, իսկ այս պահին  եղած տվյալների համաձայն՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների հանրագումարը 1/3 չի կազմում: Այսինքն՝ այս պարագայում «Հայաստան» դաշինքին պետք է ավելացվի լրացուցիչ երկու մանդատ, որպեսզի խորհրդարանում ընդդիմությունը ունենա 1/3 ներկայացվածություն, եւ այդ պարագայում պատգամավորների թիվը կլինի 107: Այդ պարագայում էլ ստացվում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատները դեռ չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, իսկ  դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ, Սահմանադրություն փոխել կամ սահմանադրական այլ օրենքներ ընդունել:

Հավելենք, որ ՀՀ մոտ 70 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է անցկացվում, եւ արդեն կան դեպքեր, երբ «Հայաստան» դաշինքին ընտրած քվեաթերթիկները մի քանի անգամ ավելի պակաս են հաշվել: Նման դեպքեր կան նաեւ ՔՊ-ի պարագայում:




Լրահոս