Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այյեւս խորհրդարան չի գալու: Ըստ Բոշյանի՝ թիմն ինչպես որոշի, այնպես էլ ինքը կառաջնորդվի: Եթե որոշում լինի, որ պետք է իր գործունեությունը շարունակի կառավարությունում, ապա նա կուղեւորվի գործադիր մարմին: Իմքայլական պատգամավորի կարծիքով՝ իրենց թիմը դեռեւս խորհրդարանում անելիքներ ունի, ինչի համար էլ ընտրություններում ձայն է տվել:
-Պարո՛ն Բոշյան, ինչո՞վ եք զբաղվելու:
-Ինչով որ կուսակցությունը կորոշի:
-Դեռ որոշում չկա՞:
-Ոչ:
-Գործադիր կտեղափոխվե՞ք:
-Դա կուսակցության, մասնավորապես՝ վարչության որոշելիքն է, իրենց որոշումների տիրույթում է: Երբ վարչությունը քննարկում կունենա, եւ կոնկրետ առաջարկ կլինի, դրա մասին առաջինը կիմանան լրատվամիջոցները:
-Հնարավո՞ր է՝ հեռանաք քաղաքականությունից: Ձեր թիմից հիասթափվե՞լ եք: Կգնա՞ք հանգստի:
-Ոչ, ես կարծում եմ, որ մեր քաղաքական թիմը դեռ անելիք ունի: Հայաստանի համար նոր էջ է բացվում: Մեր կուսակցությունը շատ կարեւոր առաքելություն ու պարտավորություն է ստանձնել, որը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին:
-Հանրությունը ինչո՞ւ նորից վստահեց ձեր կուսակցությանը:
-Կարծում եմ՝ ազնիվ երկխոսության արդյունքում կարողացանք մեր քաղաքացիներին շատ պարզ, հստակ, ազնիվ ձեւով ներկայացնել առկա խնդիրները, դրանց լուծումները: Եվ վստահությանը արժանանալու պատճառը ազնիվ երկխոսությունն էր մեր քաղաքացիների հետ:
-Նախորդների չվերադառնալու հանգամանքը օգնե՞ց ձեզ:
-Դրանք քաղաքական կոտեգորիաներ չեն: Մարդիկ քվեարկում են ապագայի տեսլականով եւ ապագայի պլանավորման մեխանիզմով: Ես համոզված եմ, որ քաղաքացիները ընտրել են ապագան:
-Իսկ Սահմանադրական դատարանի հետ կապված ի՞նչ կարծիք ունեք: Գուցե չեղարկվե՞ն ընտրությունների արդյունքները:
-Դրանք իրավական հարցեր են ու իրավական տիրույթում են, բայց ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների քվեարկությունն ու մասնակցությունը ընտրություններում այնքան հստակ են, որ այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
-Արթուր Վանեցյանի հետ ձեր աշխատանքը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Մենք կունենանք ամուր ֆրակցիա: Ես համոզված եմ, որ մեր ֆակցիան կունենա իր օրակարգը, որը հետեւողականորեն կսպասարկի: Ընդդիմությունը կունենա իր օրակարգն ու առաջնահերթությունները: Մեր խնդիրը լինելու է լուծել այն հարցերը, որոնք հիմա առկա են՝ իրականություն դրաձնել այն պլանները, որոնց մասին մենք խոսել ենք նախընտրական շրրջանում, եւ սպասարկել մեր քաղաքական օրակարգը:
-Թե՞ժ օրեր են սպասվում:
-Հայաստանի խորհրդարանում միշտ է թեժ: Երրորդ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում խորհրդարանը միշտ թեժ է, միշտ բանավեճն առկա է:
-Վիրավորանքներ, հայհոյանքներ կլինե՞ն:
-Ես կհորդորեի ութերորդ գոմարման խորհրդարանին ավելի կառուցողական լինել, ավելի քաղաքական բառապաշար օգտագործել, դրանից շահելու են բոլորը, ամենակարեւորը՝ մեր քաղաքացիները: Նրանք պետք է տեսնեն, որ իրենց կողմից գործուղված պատգամավորներն աշխատում են հանուն Հայաստանի Հանրապետության, ի շահ քաղաքացիների, եւ այդ աշխատանքը ուղղորդվում է բարեկիրթ երկխոսությամբ, քննադատությամբ, առաջարկներով: Դա կարեւոր տարր եմ համարում ընդհանրապես քաղաքական էթիկայի առումով:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿԱԶԱՏՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։ Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կարդային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում: Այսպիսով, սպասվող փոփոխություններից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահ համակարգում այս օրերին լուրջ խոսակցություններ են այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին պաշտոնից ազատելու են եւ նշանակելու են ՀՀ զինվորական դատախազ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ ամենայն հավանականությամբ կնշանակվի ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, իսկ, ահա, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Նկատենք, որ ի սկզբանե այս կոմիտեի ստեղծումն իրենից ենթադրում էր նաեւ ՀՔԾ-ի լուծարում, եւ բոլոր գործառույթները պետք է կատարեր այս կոմիտեն, սակայն վերջին պահին զղջացել են եւ որոշել են կառույցը պահպանել, սակայն փոքր լիազորություններով: Իսկ, ահա, նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին, որը ստեղծվելու է 2021 թվականին: Որքանով իրավապահ համակարգում տարածված խոսակցություներն իրականություն կդառնան՝ ցույց կտա ժամանակը:
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում կադրային փոփոխություններ են, սակայն ոչ թե մասնագիտական որակներից ելնելով են դրանք կատարվում, այլ քաղաքական հայացքներից: Իշխանություններն ազատվում են ոչ ցանկալի անձանցից՝ ընդդիմադիրների հետ կապ ունենալու պատճառով: Մեր ասածի վառ ապացույցն այն է, որ ԱԺ նյութատեխնիկական վարչության երկարամյա աշխատակից Էլմինե Վարդանյանն է ազատվել աշխատանքից, որը նախկին պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանի քույրն է: Աշխատանքից մյուս ազատվածն էլ նույն վարչության մեկ այլ աշխատակից Վազգեն Քեռյանն է, որն էլ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի փեսան է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանց երկուսին էլ աշխատակազմի ղեկավարը կանչել է իր մոտ եւ ասել, որ դիմումներ գրեն եւ հեռանան:
ՔՊ-Ն ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ
Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 54 տոկոսը, սակայն 8-րդ գումարման խորհրդարանում նրանք չեն ունենա պատգամավորական մանդատների 2/3-ը:
Նկատենք՝ մանդատների 2/3-ն անհրաժեշտ է հանրաքվե նշանակելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կամ նախագահին պաշտոնանկ անելու համար։
Ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, եւ արդյունքում ստացվել է 107-հոգանոց խորհրդարան, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ: ՔՊ-ի 71 մանդատը 107-ի 2/3-ը չի կազմում։
Իսկ ինչպե՞ս է իրականացվում մանդատների բաշխումը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ հաշվարկում է, թե քանի ուժ է անցնում խորհրդարան, ապա սկսում է բաշխել մանդատները այն սկզբունքով, որ խորհրդարանում ընդդիմության թիվը չպետք է 1/3-ից քիչ լինի, եւ հենց այդ արդյունքում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը լրացուցիչ 2 մանդատ ստացել՝ 27-ի փոխարեն 29 պատգամավոր ունենալով։ Ստացվում է, որ նոր խորհրդարանում ընդդիմությունն ունի մանդատների 1/3-ը, իսկ իշխանությունը չունի 2/3-ը:
Օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել ու նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն, եւ ստացվում է՝ սահմանադրական օրենքները կկարողանան փոխել առանց ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցության, սակայն մի քանի նախագծերի դեպքում նման հնարավորություն առկա չէ: