ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ակտիվությունը չի դադարում: Երեկ «Ուղիղ գիծ» ձեւաչափով պատասխանելով Դաշնության բնակիչների հարցերին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ծագումով հայ քաղաքացիներից մեկի խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը որոշիչ դեր է կատարել այդ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Նրա խոսքով՝ ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել եւս Լեռնային Ղարաբաղի բնակիչները հետաքրքրված չեն այդ հակամարտության շարունակմամբ:

 

«Եթե մենք կարողանանք բոլորս ապրել խաղաղ եւ բարեկամաբար, ապա կստեղծենք կյանքի բարելավման պայմաններ, ընդ որում՝ ոչ միայն անվտանգային առումով, այլեւ ընթացիկ կյանքում ընտանիքների գոյության, տնտեսական եւ սոցիալական զարգացման տեսակետից, ինչում առավել, քան ոչ ոք, շահագրգռված են Ղարաբաղի բնակիչները, քանի որ պարզապես անհնարին է ապրել կոնֆլիկտի վերսկսման մշտական սպասումով»,- ասել է Պուտինը:

Նրա փոխանցմամբ՝ բոլորը, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, դա շատ լավ գիտակցում են: «Այո, շատ հարցեր են կուտակվել, կան ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներ, կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հետ կապված հարցեր, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահմաններ երբեք չեն եղել, եւ եղել է միայն վարչական բաժանում խորհրդային հանրապետությունների միջեւ»,- նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

«Հիմա մենք այդ աշխատանքի ընթացքի մեջ ենք, ստեղծել ենք եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբ եւ ամեն ինչ անում ենք տարածաշրջանում բնականոն հարաբերությունները վերականգնելու համար: Եվ այդ աշխատանքային խմբի արդյունքի շահառուներն անկասկած Լեռնային Ղարանաղի բնակիչներն են»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ «այդպես էլ կլինի՝ չնայած այն բազմաթիվ հարցերին, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում»:

Բացի Ռուսաստանի Դաշնությունից, փորձում է ակտիվանալ նաեւ Եվրամիությունը: Եվրամիության անդամ 3 երկրների արտգործնախարարներն օրեր առաջ Թբիլիսիում ամփոփել էին տարածաշրջանային աննախադեպ այց,  կարեւորել ղարաբաղյան պատերազմի հետեւանքով գերեվարված անձանց ազատ արձակումը եւ ականապատման քարտեզների հանձնումը։

Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի լիազորությամբ՝ Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ու Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն տարածաշրջանային այցը սկսել էին Բաքվից, ապա այցելել Երեւան եւ վերջում՝ Թբիլիսի։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին Երեւանում ընդունել էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հույս հայտնեց, որ նաեւ Եվրամիության միջնորդությամբ իրականացված գերիների վերադարձը եւ ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը կարող է շարունակական լինել։

Որպես ԵՄ անդամ երեք երկների տարածաշրջանային այցի նպատակ՝ հայտարարվել է հարավկովկասյան երկրների հետ Բրյուսելի հարաբերությունների խորացումն ու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստումը, որը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին։

Ն.Հ.

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՉԱՐՉՅԱՆԸ ԱԶԱՏՎԻ

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ վերաքննիչ դատարանը ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի, Արկադի Խաչատրյանի, Աննա Կոստանյանի, Վարդան Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Սոֆյա Հովսեփյանի երաշխավորությամբ,  ինչպես նաեւ քրեական գործի հանգամանքները հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ ազատ կարձակի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին: Նկատենք, որ դատարանի որոշմամբ Չարչյանը պետք է կանալավորվի, սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ նա, ըստ էության, կալանքի տակ չէ, գտնվում է հիվանդանոցում եւ օրերս էլ վիրահատվել է: Հավելենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը՝ որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։ Չարչյանը, սակայն, դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, օրեր անց դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր, եւ նորից դատական գործընթաց էր սկսվել։ Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ այն համարում են քաղաքական հետապնդում: Իսկ, ահա, նրան մեղսագրվող հոդվածը նախատեսում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։

 

 

ՈՐՔԱ՞Ն ԿՏՈՒԳԱՆՎԵՆ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Նշված հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:

 

 

ՎԵՑ ՀԱՅՏ՝ ՄԻԵԴ-ՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ  միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության եւ մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ եւս վեց հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։ «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիեւին եւ պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնեւյան կոնվենցիայի պարտավորությունները»,- ընդգծում է Արդարության եւ մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։

 

 

ԱՆԿԼԱՎՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ

«Ես վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու, ՍԴ դիմելու որեւէ նախադրյալ չկա։ Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը այն խորությամբ, որ կար, կարծում եմ, լուծեցինք»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Քաղաքացին մեզ 5 տարի ժամանակ չի տվել, այլ ավելի քիչ ժամանակ՝ 1 կամ 2 տարի։ Եթե մենք չարդարացնենք այդ սպասելիքները, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Այս իրականության մեջ  դժվար է այնպիսի քաղաքականություն վարել, որ հանրության մեծամասնությունը գոհ լինի։ Բայց վստահ եմ, որ մենք այդ սպասելիքները կիրականցնենք»,- ասել է նա։ Խոսելով ստորագրվելիք փաստաթղթի եւ իշխանական պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված ադրբեջանական անկլավների մասին՝ Աղազարյանը ասել է, որ Տավուշում մենք անկլավներ չունենք, եւ այդ հարցը շատ վաղուց լուծված է։

 

 

ՆԻՍՏԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

Բաքվում տեղափոխվել է տասներեք հայ գերիների նկատմամբ դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստը տեղափոխվել է հուլիսի 1-ին։ Պատճառների մասին չի տեղեկացվում։ Խոսքն այն խմբի մասին է, որի կազմում են՝ Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Գոլոյան Գուրգեն Հովհաննեսի, Թադեւոսյան Հրայր Սերժի, Մալոյան Վաղարշակ Մերուժանի, Եղիազարյան Սասուն Սեյրանի, Վարդանյան Արսեն Արայիկի, Բահրիկյան Վաչագան Էդիկի, Սողոմոնյան Սեդրակ Սամվելի, Դիլանյան Արմեն Վազգենի, Մարտոնյան Մանուկ Հովհաննեսի, Անբարդանյան Մելսոմ Կարապետի, Միքայելյան Անդրանիկ Վազգենի եւ Գրիգորյան Ֆելիքս Արշակի։

 

 

 

 




Լրահոս