ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պատպան Արման Թաթոյանը: «Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձեւական է, եւ հոգեբուժական կազմակերպությունում մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով: Դատարանների որոշումները ձեւական ու մակերեսային են, առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձեւակերպումներով են ու որեւէ երաշխիք չեն մարդու համար: Օրինակ՝ Արմաշի առողջության կենտրոն անցյալ տարվա այցը պարզել է, որ տնօրինությունը 19 անձի համար՝ երկու խմբով, միջնորդություն է ներկայացրել դատարան ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, որոնցից 7-ի վերաբերյալ դատարանի վճիռներ այցի պահին դեռեւս առկա չեն եղել։

 

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը եւ արձանագրել, որ հիվանդության պատմագրերում բացակայել են Բժշկական հանձնաժողովային եզրակացության օրվա կամ դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում բժշկական հանձնաժողովային զննություն իրականացնելու կապակցությամբ գրառումներ:

Որոշ դեպքերում հանձնաժողովային եզրակացության արդյունքները հիվանդության պատմության նկարագրերում ավելացված են եղել հավելյալ էջով այն դեպքում, երբ պատմագրերի էջերի քանակը դեռեւս սպառված չի եղել։ Պատմագրերում բացակայել են նաեւ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումից կամ ստացիոնարում պահվելուց հրաժարվելու մասին գրառումները: Նշված անձանց բժշկական զննությունները եւ համապատասխան գրառումները շարունակել են կատարվել ընդունված «ձեւաչափով»՝ ամիսը մեկ անգամ, եւ չեն արտացոլել պացիենտի ոչ հոժարակամ բուժում սկսելու հիմքերը: Ավելին, բժշկական հանձնաժողովային եզրակացության մեջ թեեւ նշվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը «…վտանգ է ներկայացնում արտահիվանդանոցային պայմաններում…», կամ «իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր եւ շրջապատի համար», այնուամենայնիվ պատմագրերում վերոգրյալը հաստատող արձանագրություններ առկա չեն եղել:

Հիվանդության պատմագրերում միջնորդությանը նախորդող եւ հաջորդող գրառումները նկարագրված են եղել առանց պացիենտի մոտ հոգեկան վիճակի բացասական դինամիկայի, հիմնականում՝ կայուն, երբեմն նաեւ դրական դինամիկայով: Պացիենտների նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու համար դատարան ուղղված ուսումնասիրված միջնորդություններն ունեցել են տիպային բնույթ, հիմնական ձեւակերպումները կրկնվել են՝ բացառությամբ պացիենտների անուն ազգանունների եւ ախտորոշումների։ Դատարան ներկայացված բոլոր միջնորդություններում պացիենտների վերաբերյալ արձանագրված է եղել, որ «…քննադատությունն իր հիվանդության հանդեպ բացակայում է, ինչի արդյունքում հրաժարվում է ստացիոնար բուժումից, եւ բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել հիվանդի հոգեկան վիճակը», «իր հիվանդության հանդեպ չունի քննադատություն, կարիք ունի ոչ հոժարակամ ստացիոնար բուժման եւ խնամքի», «խնդրում ենք սույն դիմումը ընդունել վարույթ եւ ԱԱՀ ենթարկել հոգեբուժական հիվանդանոցում ոչ հոժարակամ հոսպիտալացման եւ բուժման, քանի որ իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր եւ շրջապատի համար»:

Ո՛չ միջնորդություններում, ո՛չ էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիվանդության պատմագրերում, որպես կանոն, առկա չի եղել հիվանդի՝ ստացիոնարից եւ բուժումից հրաժարվելու մասին գրառում:

Նշված դեպքերով հիվանդության պատմագրերը չեն արտացոլում ոչ հոժարական բուժում սկսելու որեւէ իրավական հիմք: Նշված հանգամանքները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական եւ անհիմն լինելու վերաբերյալ: Հոսպիտալացման եւ բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն նման տիպային բնույթ կրող «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա դատարան ներկայացվող միաբնույթ միջնորդությունները, առանց անձի ռիսկայնության եւ հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների, խիստ խնդրահարույց է:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների, դրանց բազմատեսակության եւ հասանելիության ապահովումը պետք է երաշխավորված լինի պետության կողմից: Նման ծառայությունների բացակայությունը չպետք է արդարացում հանդիսանա պետության համար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նրանց կամքին հակառակ շարունակաբար հոգեբուժական կազմակերպություններում պահելու կամ ոչ հոժարակամ բուժման գործիքակազմի կիրառմամբ ճարահատյալ անձանց ազատությունից զրկելու համար: Նմանատիպ խնդիրներ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման մեխանիզմ, արձանագրել է նաեւ հոգեբուժական այլ կազմակերպություններում: Առավել մանրամասն հարցը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան գործունեության զեկույցում»:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔ

Հայաստանում դեղամիջոցների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող Ֆեյսբուքյան վեցամսյա Vitaminner.com  էջով սկսել են զբաղվել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները: ՊԵԿ-ի ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի եւ կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների եւ մատակարարման հասցեների բացակայությունը: ՊԵԿ-ը պնդում է՝ պետությանը վնաս է պատճառվել: ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց դեղորայք վաճառող քաղաքացու հետ, որը ներկայացավ Ալինա. «Ոչ մի վնաս էլ պետությանը չենք պատճառել: Մենք ոչ թե ապրանքներ ենք բերում վաճառում, այլ հաճախորդը չի կարողանում օգտվել ինտերնետից, մեզ է դիմում, օգնում ենք եւ իրենց ցանկացած վիտամինը բերում ենք՝ օնլայն պատվիրելով: Հիմա մի հաճախորդ պատվիրել էր «Ադվիլ» դեղամիջոցը, եկավ հասավ Հայաստան, հետո մենք իմացանք, որ չի կարելի բերել, բայց մաքսատնով անցել է, ամեն ինչ նորմալ է եղել, տվել ենք հաճախորդին»: Պարզվում է՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից մինչեւ հունիս ամիս քաղաքացին իրացրել է 385 հազար դրամի դեղամիջոց, ինչի իրավունքն ինքը չի ունեցել: Ըստ ՊԵԿ-ի՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առեւտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման, մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում եւ հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն: «Ֆեյսբուքյան էջի բացման օրից 385 հազար դրամի պատվեր ենք արել: Եթե ես բերեմ, ես իրավունք ունեմ ամսվա մեջ մինչեւ 200 եվրոյի բերեմ, դա ի՞նչ մի անելու բան է, ի՞նչ մի տարածելու բան է: Ասում են, որ պետք է տուգանեն, բայց դեռ չեն որոշել, թե որքան են տուգանելու: Դեռ ընթացքի մեջ է, չգիտեմ՝ որքան պետք է տուգանեն»,- ասաց տիկին Ալինան: Զրույցի ընթացքում տիկին Ալինան անկեղծացավ՝ նշելով, որ ինքը մինչ այս վաճառել է միայն վիտամիններ, իսկ «Ադվիլ» երբեւէ չի իրացրել: «Հենց իրենց՝ ՊԵԿ աշխատակիցների համար եմ «Ադվիլ» պատվիրել: Սկզբում չեն ներկայացել որպես աշխատակից: Իրենցից առաջ ես ոչ մեկին «Ադվիլ» չեմ վաճառել: Այդ 12 տուփ «Ադվիլ»-ը իրենք գնել են ու գումարը վճարել են՝ 132 հազար դրամի չափով»,- տեղեկացրեց քաղաքացին: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչ է անելու հետո, բողոքարկելու է արդյոք ՊԵԿ որոշումը, թե ոչ. «Ես էդքան ներվեր ունե՞մ դրանց հետ. որ իմանամ արդյունքի կհասնեմ, հա, բայց չեմ կարծում: Վաճառելուց հետո եմ պարզել, որ ՊԵԿ աշխատակից են, իրենք գնեցին ու հետո ներկայացան: Եթե չի թույլատրվում, թող մաքսատանը հենց բռնագրավեին, չտային ինձ, ասեին, որ օրենք ես խախտում, պարտադիր պետք է հասցնեին այս վիճակին: Թող ասեին՝ ինչո՞ւ ես բերում սա: Բայց դե իրենք, կարեւոր գործերը թողած, ընկել են նման դեպքերի հետեւից: Ո՞ւմ եմ վնաս տվել, ի՞նչ վնաս եմ տվել, իրենք են պատվիրել այդ դեղը: Երեւի պետք է ցույց տային, որ գործ են անում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ազնիվ Թումբարյանին պատկանող հրուշակեղենի եւ հացամթերքի արտադրամասի գործունեությունը (Արարատի մարզ, քաղաք Արարատ): Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է ՍԱՏՄ-ից։ Նման որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքը, համաձայն որի՝ վերոնշյալ արտադրությունում կոպտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննությունների: Չեն կատարվել նաեւ դեռատիզացիոն աշխատանքներ: Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայտնաբերված խախտումները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ:

 

68 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225095 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1185002, վերջին մեկ օրում` 3711 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2704 պացիենտ. մեկ օրում ավելացել է 68-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 216778 անձ, վերջին մեկ օրում՝ 60 անձ:

 

 




Լրահոս