«ԹՈՂ ԴԻՄԵՆ ՍԴ, ՓՈՂԵՐԸ ՀԵՏ ԲԵՐԵՆ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանին՝ խոսելով նրա ապագա ծրագրերի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: «Թե ինչու ժողովուրդը մեզ վստահեց, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք եւ ասել, որ մեր կատարած աշխատանքում ոչ մի կոռուպցիա, այլ աշխատանք չի եղել»,- նշեց նա:

 

-Պարո՛ն Բաքոյան, փաստորեն, խորհրդարանում լինելու եք: Ինչի՞ց եք սկսելու: Ո՞րն է լինելու Ձեր առաջնային խնդիրը խորհրդարանում: Վերլուծեցի՞ք՝ հանրությունն ինչու նորից ձեզ վստահեց:

-Նոր խորհրդարանում անելիքներն է՛լ ավելի շատ են: Թիվ մեկը, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, օրենքների ընդունումն է: Ազգային փոքրամասնությունների շահերով պայմանավորված՝ մի շարք օրենքներ պետք է նախաձեռնեմ եւ բերեմ ԱԺ: Իսկ թե ինչու ժողովուրդը մեզ վստահեց, ասեմ, որ մենք այդ մասին մինչեւ ընտրությունները  խոսել ենք: Մենք մեր կատարած աշխատանքում ոչ մի կոռուպցիա չենք արել, ոչ մի այլ աշխատանք չենք արել: Ընդհակառակը՝ ժողովրդի պահանջը գուցե մի փոքր ավելի մեղմ ենք կատարել, բայց երբ  ժողովուրդն ասում էր՝ պետք է ավելի խիստ գտնվենք ու քայլերի մեջ արագ գործենք, մենք մտածում էինք, որ պետք է հնարավորություն տանք, եւ մարդիկ օգտվեն այդ հնարավորություններրից: Հանրության մի ստվար զանգված օգտվեց այդ հնարավորություններից, եւ իրենց կարգի բերեցին, իսկ  մյուս հատվածը, իրենց բնազդների համաձայն, շարունակեցին գործել: Ժողովուրդը մեկ պահանջ ուներ, եւ այդ մեկ պահանջը խոստացել ենք  ի կատար ածել, իսկ մնացած մասով ժողովուրդը դժգոհություն չունի: Մեր աշխատանքի մեջ, գուցե որոշ հարցերում, որոնք այս ընթացքում ակտուալ են եղել, մենք ավելի կտրուկ քայլերի չենք  գնում ու արագ բարեփոխումներ իրականացնում, հիմա մենք խոստացել ենք եւ գնալու ենք այդ խոստումների հետեւից:

-Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այս իշխանությունն ընտրվեց զուտ նրա համար, քանի որ ժողովուրդը չէր ուզում, որ նախկինները վերադառնան: Այդ գործոնն օգնե՞ց ձեզ:

-Ես կարող եմ ժպիտով վերաբերվել դրան, որովհետեւ Ձեր ասած մարդը հիմա ընկել, իր գումարները հետ է հավաքում: Իրենց փողերն են հետ հավաքում, այն փողերը, որ ժողովրդից խլել էին եւ նորից բաժանում էին ժողովրդին, որ գան իշխանության եւ նորից ժողովրդից խլեն: Փառք Աստծո, ժողովուրդը կուլ չի գնացել այդ խայծին: Այո, ժողովուրդն իրենց բաժանած գումարները վերցրել եւ իրենց չի ընտրել: Թող դրա մասին մտածեն, որ իրենք այլեւս անցյալում են:

-Խորհրդարանում ինչպե՞ս եք պատկերացնում իրենց հետ աշխատանքը. «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները խորհրդարանում ներկայացված են: Կլինի՞ համագործացկություն, թե՞ նորից ատելության խոսք, կռիվներ, միմյանց վիրավորանքներ կլինեն:

-Նախորդ խորհրդարանը նայեք, այդտեղ ամենահանդուրժողը իշխանության ֆրակցիան է եղել: Մենք մեր գործելաոճը չենք փոխելու: Մենք անելիքներ ունենք, մենք ապագայի տեսլական ունենք եւ գնալու ենք մեր ապագայի տեսլականի հետեւից: Իսկ եթե այդ ճանապարհին կհայտնվեն խմբակներ, խմբակցություններ կամ ուժեր, այո, մենք այդ ճանապարհից հեռացնելու ենք այդ ուժերին եւ գնալու ենք բարեփոխումներ իրականացնելու, մեր երկիրը  զարգացնելու ու շենացնելու:

-Ընդդիմությանը կհաջողվի՞ Սահմանադրական դատարանով ապացուցել, որ կեղծիքներ են եղել, ընտրությունները ոչ լեգիտիմ են:

– Թող գնա Սահմանադրական դատարան տա, թե ինչու իրենց բաժանած փողերով իրենց չեն ընտրել: Թող դիմեն ՍԴ, որ կարողանան իրենց բաժանած գումաները հետ վերցնեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱ՞Ր

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Արսեն Թորոսյանին տեղափոխել օրենսդիր մարմին: Ա. Թորոսյանը պետք է ղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ, ըստ Փաշինյանի, պետք է Լիլիթ Մակունցի փոխարեն լինի մի անձ, որին խմբակցությունը կենթարկվի: Երկար քննարկումներից հետո Փաշինյանը եկել է այն եզրակացության, որ դա կարող է անել միայն Թորոսյանը, Արփի Դավոյանի ու Հայկ Կոնջորյանի թեկնածությունը թիմի ներսում չեն ընդունել, ինչի համար էլ Փաշինյանը որոշել է «դրսից» մարդ բերել: Ի դեպ, նշենք, որ իշխանական պատգամավորները Թորոսյանի նկատմամբ շատ վատ են տրամադրված, ու, կարելի է ասել, եթե Թորոսյանը ղեկավարեց խմբակցությունը, ապա ամեն օր լարվածություն ու վիճաբանություններ են սպասվում խմբակցության ներսում:

 

ՉԸՆԴՈՒՆԵՑ

«Հայաստանի Հանրապետությունը Արցախի ապագային առնչվող որեւէ փաստաթուղթ ինքնուրույն չի հռչակել, որ առնվազն ինքն իր համար հասկանա՝ ինչ է Արցախը, ինչ նպատակներ կան Արցախի ապագայի մասով. այս հայտարարությունն այդքանով էր կարեւոր»,- հայտնել է Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Մենք ուրվագծել ենք որոշակի բաներ, որոշակի թեզեր եւ ճակատագրական ձեւակերպումներ, որոնք պետք է անպայման տեղ գտնեն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Այս հայտարարության նախագիծը ներառված էր հունիսի 15-ի քառօրյա նիստերի հերթական օրակարգում, բայց այդ օրերին մարդիկ զբաղված էին քարոզարշավով, եւ քվորում չկար»,- ասել է Թագուհի Թովմասյանը: Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացությունը, եւ ագրեսիայի պատճառով տարածաշրջանում  նոր պատերազմ է հրահրվել, որտեղ ադրբեջանական կողմից օգտագործվել են արգելված զենքեր, եւ նշվում են Արցախի ապագային առնչվող թեզեր: Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ մինչ այժմ «Իմ քայլը» խմբակցությունը  ժամանակ չի գտնում այս հայտարարությունը ընդունելու համար: «Այս փաստաթղթին իրենց դրական եզրակացությունն էին տվել ինչպես ՀՀ ԱԳՆ-ն, որը մեկ ամսից ավելի է՝ գոյություն չունի, իր քվեարկությամբ համաձայնություն էր տվել Արտաքին գործերի հանձնաժողովը, ինչպես նաեւ կառավարության մյուս գերատեսչություններ, բայց այս փաստաթուղթը չընդունվեց հեռացող խորհրդարանի կողմից»,- նշել է նա:

 

 

ԱՆԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ArmLur.am-ը նոր շարք է սկսում, որով ներկայացնելու ենք խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցուցակում ներառված այն «անծանոթներին», որոնք կարող են վերջնաարդյունքում Ազգային ժողովի պատգամավոր դառնալ: Մեր շարքը կսկսենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Այս ցուցակում առաջին 50-ը պատգամավորներ են, մարզպետներ կամ կառավարության այլ անդամներ, որոնք հայտնի են հանրությանը:

 

Ցուցակի 51-րդ համարում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանավազյանն է: Նա ԿԸՀ ներկայացրած գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրում շարժական կամ անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ մեկ տարվա ընթացքում նա մոտ 13 մլն դրամի եկամուտ է ունեցել չորս աշխատանքի վայրից՝ ՊՈԱԿ-ից մոտ 6 մլն դրամ, 2 մլն դրամ՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից, 2 մլն 843 հազար դրամ՝ «Մեր Տպարանը» ՍՊԸ-ից, եւ 3.5 մլն դրամ՝ ՔՊ-ից:

63-րդ համարը Մ. Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Ալխաս Ղազարյանն է: Վերջինս Գեղարքունիքի մարզից է, մեկ տարվա ընթացքում ինստիտուտից 800 հազար դրամի եկամուտ է ունեցել որպես աշխատավարձ, իսկ հայտարարագրման պահին էլ՝ 500 հազար դրամ դրամական միջոց:

Կապանի թիվ 3 միջն. դպրոցի ուսուցչուհի Մարինա Ղազարյանը 66-ն է: Նա Կապանում ունի բնակարան, որի սեփականատերն է, եկամուտը կազմել է 2 մլն դրամ, սակայն չունի շարժական կամ անշարժ գույք:

Ցուցակում 80-րդ համարը Դավիթ Դանիելյանն է՝ ՊՎԾ ղեկավարի օգնական, իսկ 81-ն էլ՝ Մարիամ Պողոսյանը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փորձագետ: Ցուցակում 84-րդ համարը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքների ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանն է, 87-ն էլ՝ «ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետի օգնական Լիլիթ Կիրակոսյանը:

Իհարկե, միայն մանդատների հանձնման ժանանակ հնարավոր կլինի իմանալ, թե ովքեր են ութերորդ գումարման խորհրդարանում ՔՊ-ի 71 պատգամավորները: Բնականաբար, այդ ցանկում կլինեն նախկին պատգամավորներ, պաշտոնյաներ եւ նոր անուններ:

 




Լրահոս