ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԴԻՄՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը աշխատակարգային վերջին նիստում դատավորների ինքնաբացարկի մեկից ավելի միջնորդություն է քննել եւ բոլորն էլ մերժել. հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։ Նա չմեկնաբանեց այն տեղեկությունը, որ դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արեւիկ Պետրոսյանը, իսկ Վահե Գրիգորյանն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Հրայր Թովմասյանին։

 

Վահե Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը ՍԴ ներկայացրած դիմումի մեջ ներառել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։ Ըստ օրենքի, սակայն, ինքնաբացարկի հարցը Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է դառնալ, միայն եթե դատավորներից մեկը այդ հարցը բարձրացնի։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը համակարծիք է եղել Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ, որի անդամ Արամ Վարդեւանյանն ավելի վաղ ներկայացրել էր, թե ինչու, իրենց կարծիքով, Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել բողոքի քննությանը:   Ինքնաբացարկի միջնորդության բավարարման համար անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն, այսինքն՝ ինը դատավորներից վեցը պետք է կողմ քվեարկեին, ինչը տեղի չի ունեցել։

Նույն աշխատակարգային նիստում որոշվել է նաեւ, որ Աժ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի դիմումների քննությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։ Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությանը, ոստիկանությանը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին:

Դիմում ներկայացրած «Հայաստան»-ն ու նման մտադրություն ունեցող «Պատիվ ունեմ»-ը անցել են խորհրդարան: Ընտրական վեճերին առնչվող հարցերը Սահմանադրական դատարանը պարտավոր է քննել արագացված ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքն այս դեպքում նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ։

Սահմանադրական դատարանում գործընթացը մի քանի զարգացում կարող է ունենալ։ Տարբերակ առաջին. Ազգային ժողովի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ: Տարբերակ երկրորդ. անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը. այս դեպքում կարող է սահմանվել մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակվել ընտրությունների երկրորդ փուլ։

Նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստը կգումարի ՍԴ որոշումից հետո։ Սահմանադրության 90-րդ հոդվածում ասված է. «Եթե մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, ապա գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

Ընտրական վեճերին առնչվող հարցերը Սահմանադրական դատարանը պարտավոր է քննել արագացված ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին օրենքն այս դեպքում նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ, ընդ որում՝ ոչ թե աշխատանքային, այլ օրացուցային։

Ն.Հ.

 

 

ԿՔՆՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները քննարկելու է հուլիսի 9-ին: Նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին, տեղի կունենա բանավոր ընթացակարգով, իսկ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:

Ինչպես հայտնի է, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խորհրդարանում վիճարկում  է չորս քաղաքական ուժ, եւ Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում են նույն հարցին: Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միավորված գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվելու են ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված է մուտքագրման պահից 15-օրյա ժամկետում որոշում կայացնելու ընթացակարգ, եւ, ըստ էության, այդ ժամկետը կօգտագործվի, քանի որ մեծ քանակությամբ նյութեր են տրամադրվել Սահմանադրական դատարանին: Արդյունքում կարող է լինել երեք որոշում՝ կա՛մ ամեն ինչ կմնա նույնը, կա՛մ կնշանակվի երկրորդ փուլ, կա՛մ էլ արդյունքները չեղյալ կհամարվեն:

 

 

ՄԱԿԱԳՐՎԵԼ Է

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին: Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. նոյեմբերի 19-ին՝ րագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ, դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող, ռազմական բնագավառի տեղեկություններ:

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ

Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Վանաձորի շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երեւանյան խճուղում գործող թիվ 18 դպրոց, որի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Սեյրան Հարությունյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է

Դատական կարգադրիչների ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռոբերտ Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց հենց Ռոբերտ Ղազարյանը: Իսկ թե որն է եղել աշխատանքից ազատման պատճառը, դեռեւս հայտնի չէ:

 

 

ՀԱՏՈՒՑՈՒՄ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով զոհված եւս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020թ. պատերազմը:

 

 

ԶԵՆՔ Է ԵՂԵԼ

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ են ստացել, որ մի սպիտակ «Մերսեդեսում» ապօրինի զենք կա: Հուլիսի 2-ին մեքենան հայտաբերվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Վարորդի ներկայությամբ կատարվել է զննություն: Սրահից հայտնաբերվել է գործարանային համարով հրազեն, որը փաթեթավորվել է ու կնիքվել: «Մերսեդեսի» վարորդը, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

 

ՉՎԵՐԹԵՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երեւան- Վիեննա երթուղով չվերթեր: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ յուրաքանչյուր չորեքշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար դիմել ավիաընկերությանը: Այս մասին հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

 




Լրահոս