Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում, եւ փոխարենը որոշումները կայացվում են իրենց համար անհասկանալի, սուբյեկտիվ մոտեցումներով: Այս խնդիրը տեղ է գտել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ։
Այսպես, ըստ բողոքների՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին ներկայացվել են փորձաքննվողի առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովները որոշում են կայացրել, որ դրանք չեն վկայում օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարման մասին:
Այս հիմնավորմամբ հանձնաժողովների որոշումներով անձանց նկատմամբ հաշմանդամության կարգավիճակ չի սահմանվել, կամ առկա հաշմանդամության խումբը չի փոփոխվել, մինչդեռ, ինչպես վկայում են բողոքների արդյունքները, հանձնաժողովների վերոնշյալ հիմնավորումներով իրականում հաշվի չեն առնվել անձի կյանքի որակի փաստացի փոփոխությունները՝ անկախ այն բանից՝ առկա է օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարում, թե ոչ: Օրինակ՝ դիմումներից մեկով բողոք ներկայացրած անձը հայտնել է, որ թեեւ անդամահատված է մեկ ձեռքի 3 եւ մյուսի 4 մատները, բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ՝ այն հիմնավորմամբ, որ ձեռքերի կայուն ֆունկցիոնալությունը խախտված չէ։
Մինչդեռ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հնարավորություն չեն տվել կոնկրետ դեպքով հաշվի առնել, որ բողոք ներկայացրած անձը զբաղվել է շինարարական աշխատանքներով, տվյալ պահին չի ունեցել անհրաժեշտ հմտություններ՝ իր կյանքի որակը բարելավելու եւ ինքնուրույն կենսագործունեություն ապահովելու համար: Ընդ որում, փորձաքննության արդյունքում խորհրդատվությունը, այն է՝ հմտանալու մեկ այլ ոլորտում, ըստ էության, էական նշանակություն չի ունեցել, քանի որ չեն կատարվել անհրաժեշտ ուղղորդումներ, համապատասխան վերականգնողական ծրագրի իրականացման հնարավորություններ չեն առաջարկվել, ավելին՝ համայնքահեն ծառայությունների սղության պատճառով դրանք առհասարակ բացակայել են։ Արդյունքում, անձը զրկվել է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլեւ առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների եւ ծառայությունների բացակայությանը։
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն է՛լ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների անարդյունավետության պատճառով:
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները եւ Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամների դիտարկումները փաստում են, որ վարչական ակտի բողոքարկման պարագայում հաճախ կատարվում է վարչական ակտի մակերեսային ուսումնասիրություն, եւ որոշումը հիմնականում մնում է անփոփոխ, չի կատարվում ամբողջական՝ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն եւ փաստաթղթային զննություն։ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած քաղաքացիները չունեն վստահություն բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների նկատմամբ։ Օրինակ՝ Պաշտպանին են հասցեագրվում դիմումներ այն մասին, որ մարդիկ, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, այնուամենայնիվ, շատ դեպքերում չեն ցանկանում բողոքարկել այն՝ համարելով դա անիմաստ գործընթաց:
Քաղաքացիների համոզմունքն այն է, որ, միեւնույնն է, բողոքարկման դեպքում ուշադրություն չի դարձվելու իրենց բացատրություններին: Հիմք են ընդունվելու միայն փաստաթղթային ֆորմալ ձեւակերպումները, իսկ բողոք քննող մարմինն էլ անտեսելու է իրենց փաստարկները, այլ կերպ ասած՝ որոշումների բողոքարկման ընթացակարգերն ընկալվում են՝ որպես ձեւական բնույթի քաշքշուկներ առաջացնող պրոցեսներ, այլ ոչ թե իրավունքների պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ:
Խնդրահարույց է մնում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ իրազեկումը, քանի որ, որպես կանոն, մարդիկ ուշադրություն են դարձնում միայն եզրակացությանը, իսկ պետության կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվում այս ընթացակարգերն առավել վստահելի եւ արդյունավետ դարձնելու համար։ Ավելին, մարդիկ գրեթե իրազեկված չեն սեփական բժիշկ-ներկայացուցչին փորձաքննության մասնակից դարձնելու հնարավորության մասին, հատկապես, եթե նրանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է առաջին անգամ:
ԱՏՐՃԱՆԱԿԸ՝ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԳԼԽԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2020 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Լուսագյուղ համայնքի ղեկավար Ս. Կարապետյանը եւ համայնքապետի տեղակալ Ա. Սիմոնյանը գնացել են գյուղի միջնակարգ դպրոցի առջեւի հատվածում գտնվող հուշարձանի հարեւանությամբ տեղադրված նստարանը վերանորոգելու, երբ նույն պահին նրանց է մոտեցել համագյուղացի Արամ Հարությունյանը՝ պահանջելով Ս. Կարապետյանին միասին գնալ գյուղապետարան՝ իր կողմից գրված դիմումը ընդունելու եւ հրաժարական տալու, իսկ Ս. Կարապետյանը առաջարկել է, սահմանված կարգի համաձայն, դիմումը հանձնել համայնքապետարանի քարտուղարություն, որից հետո Ա. Հարությունյանը, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ իր մոտ ապօրինի կերպով պահվող «F1» տեսակի մարտական ձեռքի բեկորային նռնակը ցուցադրելով եւ «Վալտեր» տեսակի գազային ատրճանակը Ս. Կարապետյանի գլխի ձախ հատվածին պահելով, վերջինիս կամքին հակառակ, նրա դիմադրությունը ճնշելով, կյանքի համար բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացահայտ առեւանգել է նրան՝ պահանջելով միասին գնալ գյուղապետարան հրաժարականի վերաբերյալ դիմում ներկայացնելու նպատակով՝ հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել նրան:
Ճանապարհին Ս. Կարապետյանը մտել է նույն գյուղի բնակչուհի Կարինե Կարապետյանին պատկանող մթերային խանութ, նրա հետեւից նույն խանութ է մուտք գործել Ա. Հարությունյանը: Հարմար պահը օգտագործելով՝ Ս. Կարապետյանը հրել է Ա. Հարությունյանին, Կ. Կարապետյանի հետ միասին խանութի հետնամասից դիմել են փախուստի: Արամ Հարությունյանը, ոտքով հարվածելով դռանը, համոզվելով, որ չի կարողանում խանութի հետնամասի դուռը բացել, առջեւի մուտքով դիմել է փախուստի, ինչի ադյունքում նույն օրը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջդրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների կատարման համար: Ի դեպ, Լուսագյուղում տարածված լուրերի համաձայն՝ Հարությունյանը մշտապես ցանկացել է գյուղապետ դառնալ, բայց նրան չի հաջողվել, ուստի ընտրված գյուղապետից ցանկացել է հաշվեհարդար տեսնել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 31-ամյա կինը կալանավորվեց 60 տարեկան տղամարդու սպանության գործով: Իրավապահները դիմել են ՀՀ կառավարություն՝ 31-ամյա կնոջ երկու տարեկան երեխայի խնամակալության հարցով:
Բանն այն է, որ մորը կալանավորելուց հետո չկա որեւէ մեկը երեխայի խնամքով զբաղվելու համար, ուստի իրավապահները դիմել են կառավարություն՝ երեխային մանկատուն տեղափոխելու խնդրանքով: Հիշեցնենք, որ կինը իրավապահներին պատմել է, որ գտնվել է տղամարդու հետ արտաամուսնական կապի մեջ: Հուլիսի 2-ին հանդիպել են, զրուցել, ժամանակ անցկացրել, իսկ ավելի ուշ ինքը տղամարդուն սրբիչով խեղդամահ է արել:
ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ մեքենայում, որտեղ 31-ամյա Աշխենը խեղդամահ է արել Սամվել Առաքելյանին, գտնվել է 2-ամյա երեխա, ասել է թե՝ երեխան ականատես է եղել դեպքին:
Նշենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալել են Սյունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Աշխեն Ն-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Աշխեն Ն-ն խեղդամահ է արել Ս. Առաքելյանին, որից հետո սպանվածի բջջային հեռախոսով այդ մասին հայտնել է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին։ Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում, ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հաշվի առնելով մարդու կյանքի անձնական գաղտնիության իրավունքը՝ դեպքից այլ մանրամասներ չենք հրապարակում: