Երկկողմ հարաբերություններ, Ղարաբաղ, սահմանային իրավիճակ, գերիների վերադարձ. Պուտինի և Փաշինյանի հանդիպման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Նիկոլ Փաշինյանին` Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ուրախ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար, խոսելու այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպես նաև ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Դրա համար ես անկեղծորեն Ձեզ շնորհավորում եմ:

Հույս ունեմ, որ այսօր կկարողանանք ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափով` աշխատանքային ճաշի շրջանակում, խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք մենք մանրամասն քննարկել ենք վերջին ժամանակներս և որոնք մեր որոշումների կարիքն ունեն»:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Թույլ տվեք առաջին հերթին ևս մեկ անգամ իմ ցավակցությունները հայտնել Կամչատկայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, զորակցությունս փոխանցել զոհերի բարեկամներին ու հարազատներին:

Շնորհակալություն հրավերի և շնորհավորանքների համար, սա իսկապես շատ կարևոր առիթ է` քննարկելու մեր հարաբերությունների բոլոր հարցերը: Ընթացիկ տարում սա արդեն մեր երրորդ հանդիպումն է այստեղ, ինչը բնութագրում է մեր պետությունների հարաբերությունների դինամիկան:

Բայց, ցավոք, վերջին ժամանակներս մենք հաճախ քննարկում ենք անվտանգության հետ կապված հարցեր, որովհետև մեր տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակ է: Իհարկե, բոլորը գիտեն 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի հասնելու գործում Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերի մասին: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ: Եվ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատակններով, կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում:

Նաև ոչ կայուն իրավիճակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Դրա հետ կապված մենք ոչ մեկ անգամ ենք խոսել, և ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը»:

Պետք է տեղեկացնեմ, որ մինչ այժմ ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, սակայն ի ուրախություն մեզ այստեղ առանց ուրախ լուրերի իրավիճակ չէ, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ դրանում ընդգծել Ձեր անձնական դերակատարությունը և շնորհակալություն հայտնել: Մենք հունիսի 24-ի մեր հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման քննարկել ենք, և մեկ շաբաթ անց մեր 15 հայրենակիցները վերադարձան հայրենիք:

Պետք է ասեմ, որ լավ նորություններ ունենք նաև տնտեսության ոլորտում: Հույս ունեմ հիշում եք, որ 2019 թվականին մենք Երևանում քննարկել էինք «Հարավկովկասյան երկաթուղիների» գործունեության հետ կապված հարցեր: Պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում ամբողջ թափով ընթանում է երկաթուղային շարժակազմի թարմացում, ինչը շատ լավ նորություն է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր:

Պետք է ասեմ, որ կորոնավիրուսային տարվանից հետո ընթացիկ տարում նաև աճում է Հայաստանից Ռուսաստան արտահանումը: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու համար, արդեն ստացել ենք ավելի քան 100 հազար դեղաչափ և, փառք Աստծո, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում բավականին լավ է: Այդ ֆոնին արդեն նկատվում է դեպի Հայաստան ռուս զբոսաշրջիկների հոսք, ինչը շատ լավ նորություն է:

Եվ հույս ունեմ, որ այսօր կհասցնենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, ընտրություններից հետո և մեր երկրի կյանքի նոր փուլից առաջ «ճշգրտել ժամերը»:




Լրահոս