ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում հիմա սպասողական վիճակ է. պետք է օգոստոսին իշխանափոխություն տեղի ունենա: Այս մասին ասել է իրանագետ Էմմա Բեգիջանյանը: Նա հայտնել է,որ փոխվելու է Իրանի ԱԳ նախարարը, եւ իշխանության են գալու պահպանողական քաղաքական գործիչներ, ու մանրամասնել է. «Ընդհանուր գծերով Իրանում ոչինչ չի փոխվելու, քանի որ հիմնական որոշումները կայացնում է Իրանի ռազմաքաղաքական եւ կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը, ներքին, արտաքին եւ մշակույթի նախարարները: Ու այդ երեք քաղաքական հիմնական գծերը որոշում է հեղափոխության առաջնորդը: Եթե Ռոհանին ասում էր՝ առաջին հերթին պետք է հարեւանների հետ փոխհարաբերությունները սերտացնենք, նույնն ասում է Իբրահիմ Ռաիսին, բայց պահպանողականները գուցե ազգային շահերի նկատմամբ ավելի շահագրգիռ լինեն: Օրինակ՝ Ռոհանին, որը չափավորական հոսանքի ներկայացուցիչ էր, իր ժամանակ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններն աննախադեպ ընդարձակվեցին բոլոր ոլորտներում»:

 

Էմմա Բեգիջանյանը զրույցի ընթացքում նաեւ փաստել է, որ Իրանի գերխնդիրն այն է, որ հանկարծ չկառուցվի, իր բնորոշմամբ, այդ չարաբաստիկ միջանցքը՝ նկատի ունենալով Մեղրիի միջանցքի կառուցումը: Մեր դիտարկմանը՝ գնալով ավելի համառ են դառնում այդ ծրագրի իրականացման խոսակցությունները, բայց Իրանի կողմից այդպես էլ կոշտ արձագանք չտեսանք, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Այդպիսի արձագանք չի էլ լինի: Հիմա Իրանն այլ խնդիրներ ունի: Մինչդեռ երբ ես ամսի 10-ից տարբեր հարցազրույցներում նշել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մրցույթներ էին հայտարարում շինարարության համար, ՀՀ-ում այդ ժամանակ անգամ չէին խոսում այդ մասին: Հիմա նրանք ունեն շանս, որը չեն ուզում բաց թողնել. այդ շանսն, այսպես ասած, ճանապարհների ապաշրջափակումն է: Հիմա Ադրբեջանն ուզում է այդ առիթն օգտագործել, ինչքան հնարավոր է, արագ: Իրենց երկրի շահերը ու իրենց համաթուրքականության շահերը ատամներով պաշտպանում ու առաջ են գնում»:

Էմմա Բեգիջանյանի հավաստմամբ՝ միանշանակ է, որ այդ ծրագրի իրականացումը ձեռնտու չէ Իրանին, իսկ թե, այնուամենայնիվ, ինչու կոշտ չի արտահայտվում, Էմմա Բեգիջանյանն արձագանքեց. «Իրանը մի քանի անգամ ասել է, որ դա Իրանի կարմիր գծերն են: Հիմա Իրանը գերծանր վիճակում է՝ տնտեսական խնդիրներ, համավարակ, իշխանափոխություն: Եթե նկատել եք, թուրքերը պատմության ընթացքում միշտ պահը որսացել են. անգամ երբ ստեղծեցին Ադրբեջանի Հանրապետություն, ստեղծեցին օսմանյան կայսրության թուրքերը, երբ Իրանի կենտրոնական իշխանությունը չափից ավելի թույլ էր: Հիմա, փաստորեն, այդ նույն վիճակն է: Իրանում հոսանքների անջատում է ամբողջ երկրով մեկ, համավարակի պատճառով հարյուրից ավելի քաղաքներ կարմիր են հայտարարված, կան տնտեսական բազմաթիվ խնդիրներ: Իրենք ուզում են այդ առիթն օգտագործել, քանի դեռ Իրանը չի կարող կոշտ արձագանք ունենալ»:

Իրանագետը, մյուս կողմից, նշեց՝ աշխատանքներ են ընթանում Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով ճանապարհի իրականացման ուղղությամբ: Իսկ, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի հետ կապված, ըստ Էմմա Բեգիջանյանի, կարեւորը հայկական կողմի դիրքորոշումն է. «Եթե մենք կարողանանք այդ միջանցքի հետ կապված հարցը հետաձգել, բոլոր դեպքերում 5+1 Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն կստորագրվի, դրանից հետո Իրանում կարող է նոր իշխանություն գալ, կարող են շունչ քաշել: Հիմա Իրանը չի կարող որոշում կայացնել. Ռաիսին զբաղված է իր կառավարության ձեւավորմամբ, Ռոհանին էլ՝ ճամպրուկները հավաքելով»:

 

 

ՌԵԿՏՈՐԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ

Ազգային անվտանգության ծառայությունը կաշառքի գործով բռնել է Ս. Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 9-ին իրավապահներին տեղեկություն է հասել, որ Ս. Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորը, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուհի Լալիտա Ռավիկալա Նաթհից ապրիլին պահանջել եւ մայիսի 25-ին ստացվել է 1.390.620 դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք: ԱԱԾ-ն, իմանալով դեպքի մասին, անմիջապես բռնել է ռեկտորին: ՀՀ քննչական դեպարտամենտում հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ 2017 թվականին հունվարի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ոչ պետական բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար: Բացահայտվել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց: Եվ, ահա, Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանին այս արարքի համար մեղադրանք էր առաջադրվել, եւ դատարանի որոշման համաձայն՝ նա կատարարծ արարքի համար տուգանվել էր 300 հազար դրամով: Եվ հիմա ռեկտորը կրկին հայտնվել է իրավապահների տեսադաշտում. քննությունը ցույց կտա՝ ռեկտորը այս անգամ մեղավոր է, թե ոչ:

 

 

ՀԻՄԱ ԷԼ՝ ՔԿ ՆԱԽԱԳԱՀ

Երեկ ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցն էր: Հայրենի իշխանությունները որոշել են՝ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին նշանակել Գրիգորյանի փոխարեն: ArmLur.am-ը փորձեց Արգիշտի Քյարամյանից պարզել, թե ինչու հիմա էլ որոշվեց իրեն նշանակել Քննչական կոմիտեի նախագահ պաշտոնին: «Ինձ համար մեծ պատիվ է իրականում ղեկավարել Քննչական կոմիտեն: Ես այլ բան չեմ ցանկանում ասել, այժմ խոսելու, ինչ-որ բան ասելու ժամանակը չէ, պետք է աշխատել»,-հայտարարեց Քյարմյանը: Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 4-ին Քյարամյանը նշանակվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնին, 2020 թվականի հունիսի 8-ին Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է. գործադիրը քննարկելու է Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին հարցը:

 

 

ԿՐԱԿԵԼ ՈՒ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է

Հուլիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության ընդունված 16-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Զեյթունի գերեզմանների մոտ։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռի գերեզմանատան մոտ պատանուն ողորկափող հրացանով անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել 29-ամյա երիտասարդը:  Երիտասարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-֊Զեյթունի բաժին եւ հայտնել, որ հունիսի 8-ին իրենց ավտոտնակի իրերի տակից գտել է հրացան, որը հետո ցանկացել է ցույց տալ ծանոթ պատանուն, բայց հրացանը պայուսակից դուրս հանելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպել է ձգանին, ինչի հետեւանքով անզգուշությամբ արձակված կրակոցից պատանին ոտքի շրջանում ստացել է վնասվածք: Երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել երկփողանի ողորկափող, կարճեցված փողով հրացանը եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

 

 

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼ Է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Ղազարյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:

 

1 ՄԱՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ

Հուլիսի 10-ին՝ ժամը 2-ի սահմաններում, Երասխ֊Երեւան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետր հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինը կողաշրջվել է։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ավտոպատահարի հետեւանքով 6 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։




Լրահոս