Հերթական կրակոցը Երեւանում. ո՞վ է պատասխանատու քաղաքի կենտրոնում տիրող իրավիճակի համար: Բանն այն է, որ մարդասպանները հաշվեհարդար են տեսնում իրենց թիրախի հետ Երեւանի կենտրոնում, ու որեւէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել:
Հուլիսի 10-ին կրակոցներն էին հնչել «Անի» հյուրանոցի մոտ, ինչի հետեւանքով հիվանդանոց էին տեղափոխվել Երեւանի բնակիչ, 23-ամյա Արեգ Խալաթյանը, որը նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա եւ հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ եւ մահացել, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ, 21-ամյա Արման Պողոսյանն է։
ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել «Անի» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությունից: Մասնավորապես՝ սպանվածն ու վիրավորը սովորել են Լենինգրադի ազգային անվտանգության ծառայությունում եւ Հայաստան էին տեղափոխվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու նպատակով: Մեզ հասած լուրերի համաձայն՝ մոտ մեկ շաբաթից պետք է աշխատանքի անցնեին ԱԱԾ-ում: Ավելին, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ իրավապահներն այս պահին փնտրում են BMW մակնիշի մեքենա, որով, ըստ նախնական վարկածի, դեպքի վայրից հեռացել է սպանություն կատարողը:
Ի դեպ, արդեն հայտնի է, որ սպանությունը կատարողը Ուկրաինայի քաղաքացի է, որի նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Երեւանի Կենտրոնում սպանություն է կատարվում, ու մինչ իրավապահները գործի են անցնում, ենթադրյալ մարդասպանները իր գործն անում են ու լքում Հայաստանը:
Հունիսի 2-ին կրակոցներն էին հնչել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, ինչի հետեւանքով սպանվել էր մոտ 50 տարեկան մի տղամարդ: Մամուլում տեղեկություներ տարածվեցին, որ ցանկացել են սպանել հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին՝ քյավառցի Ռաֆոյին, սակայն ենթադրյալ մարդասպանը վրիպել է եւ կրակել է նրա թիկնապահի վրա, կամ էլ զրահապատ մեքենան փրկել է թիրախավորված Մարդոյանին, իսկ հետեւի մեքենան խոցելի է դարձել: Վերջինիս սպանողը ռուսաստանի քաղաքացի է, որի նկատմամբ հայտարարվել է հեոտախուզում, եւ արդեն 2 ամիս է, ինչ իրաապահները փնտրում են:
Ո՞վ է պատասխանատու
Այս իրավիճակում առավել մտահոգիչ է մեկ հանգամանք. օրը ցերեկով Երեւանի կենտրոնում հերթական անգամ մարդ են սպանում, ու իրավապահները համակարգում փոփոխություններ են անում՝ ցույց տալով, թե նոր համազգեստով, նոր փոփոխություններով ապահովում են երկրում անվտանգությունը, մինչդեռ տեղի ունեցող դեպքերը այլ բան են վկայում: Այսպիսով, ստացվում է՝ թշնամին սահմանին մեր զինվորին է ծեծում, ցանկանում է մխրճվել մեր տարածք, իսկ երկրի ներսում հերթական անգամ մարդ են սպանում։ Իրավապահ համակարգը կա՛մ վարչապետի անվտանգությունն է ապահովում, կա՛մ համակարգի ներսում փոփոխություն է իրականացնում՝ ցույց տալով, թե աշխատում է, իսկ իշխանություններն էլ շարունակում են վստահեցնել, թե Հայաստանում ապագա կա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱԽՏԵԼ ԵՆ
Հուլիսի 10-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վանաձոր-Բագրատաշենի մաքսակետ 51, 74 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ընթացքին։ Այդ հատվածի կառուցապատումը սկսվել է 2018թ.-ին, իրականացվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) եւ ՀՀ կառավարության (10.14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ: Այդ ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր 2020թ. նոյեմբերին, սակայն դեռ շատ աշխատանքներ կան անելու։
Միջպետական ավտոճանապարհի եզրի հենապատի կամ գաբիոնների համար օգտագործվում է անորակ, գետնից հանված անմշակ, փշրվող քար։ Սովորաբար հենապատերի կամ գաբիոնների համար օգտագործվում են ամուր, ողորկ ջրաքար, այլ ամուր քար կամ բետոն։ Քիչ հավանական է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրի պատի կառուցապատման նախագծում որպես շինանյութ հողից հանված, ձեւով անկանոն, փշրվող քար է նշված։ Ալավերդի քաղաքի բնակիչները հայտնեցին, որ քաղաքում գտնվող ավտոմոբիլային կամուրջների կառուցապատման գործն անհուսորեն ձգձգվում է։ Ալավերդցի վարորդները դժգոհում են, որ երբ Սանահին կայարանից Ալավերդու հարավային մուտքով մտնում են քաղաք, ճանապարհն անցնում է երկաթգծի վրայով եւ բաժանվում, մեկը տանում է դեպի Ալավերդու հիվանդանոց, մյուսը՝ դեպի զույգ կամուրջներ, այդ հատվածը ճանապարհաշինարարներն այնպես ոլորապտույտ են սարքել, որ անգամ 40 կմ/ժամ արագության դեպքում վարորդների գլուխը պտտվում է։
ԾԱՌԱՅԵԼՈՒ ՓՈՂԸ ՉԵՆ ՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ՊՆ Իջեւանի գնդի պայմանագրային զինծառայողներ, որոնք հայտնում են, որ արդեն մի քանի ամիս Իջեւանի տարածաշրջանի սահմանային դիրքերից իջնելով՝ եւս մի շաբաթ մարտական հերթապահություն են իրականացնում սահմանների պաշտպանության երկրորդ գծում, սակայն աշխատավարձ ստացել են միայն առաջնագծում երկու շաբաթ ծառայության համար, երկրորդ գծում մեկ շաբաթ ծառայության համար աշխատավարձ չեն վճարել։ «Մի շաբաթ անձրեւի տակ, ցեխի մեջ, դիրքերում ենք եղել, սակայն դրա համար աշխատավարձ չենք ստացել, մեզ խաբել են, որ այդ ծառայության համար վճարելու են»,- հայտնեցին պայմանագրայինները։ Նրանք ասացին, որ այդ խնդրի վերաբերյալ դժգոհել են իրենց հրամանատարներին սակայն հարցը չի լուծվել:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության երկու հեռախոսահամարներին, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանող չեղավ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՍՏԻՊԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼ
Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է բողոքներ, որ իրավապահ մարմինները սպառնալիքով ստիպում են տալ ցուցմունքներ ընտրակաշառքի վերաբերյալ. Սյունիք է գործուղվել աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում եւ հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Այս մասին առկա են նաեւ հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն Դատախազություն՝ քննության նպատակով։ Ըստ բողոքների՝ տարբեր ժամանակահատվածում, այդ թվում՝ 2021 թվականի ընթացքում, բնակիչները համայնքային մարմիններից ստացել են սոցիալական աջակցություն, սակայն իրավապահ մարմինները, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողները, իրենց առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն, զրկում են ազատությունից ժամեր շարունակ, հարկադրում են տալ ուղղորդված ցուցմունքներ այն մասին, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը, Քարահունջ, Որոտան բնակավայրերի ղեկավարներն իրենց սոցիալական աջակցությունը տվել են որպես ընտրակաշառքներ: Ահազանգեր կան նաեւ այն մասին, որ բնակիչներին ստիպում են տալ ցուցմունքներ մի շարք այլ հարցերի վերաբերյալ եւս:
Բնակիչների պնդմամբ՝ իրենց մշտապես ստացել են սոցիալական աջակցություն, եւ դրանք որեւէ առնչություն չունեն ընտրությունների, վարչապետի պաշտոնակատարի կամ այլ քաղաքական ուժի ղեկավարի օգտին քվեարկելու կամ չքվեարկելու հետ: Ըստ ահազանգերի՝ հատկապես ճնշումներ են գործադրում կանանց նկատմամբ, տրվում են իրավապահ մարմինների պահանջած ցուցմունքները չներկայացնելու համար իրենց կամ ամուսիններին Երեւան տեղափոխելու, ձերբակալելու կամ կալանավորելու սպառնալիքներ: Նկատի ունենալով բողոքներն ու ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խումբ է գործուղվել Սյունիքի մարզ՝ բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերը տեղում ստուգելու, անհրաժեշտ հանդիպումներ ունենալու եւ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր այցեր կիրականացվեն նաեւ Քարահունջ, Որոտան վարչական շրջանների կալանավորված ղեկավարներին: Այսօր այց կիրականացվի նաեւ Քաջարան համայնքի ղեկավարին՝ քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում:
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Oրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել եւ կանխվել է ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների եւ դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի սրահի վահանակի, հետեւի թափարգելի, բեռնախցիկի դռան եւ վառելիքի բաքի միջից հայտաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած 6,45 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների թղթյա տուփեր, ինչպես նաեւ մոտ 28 կգ ընդհանուր քաշով 38 տարբեր անվանումներով տարբեր տեսակի դեղամիջոցներ։ Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: