ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության  եւ միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունների խոսքերի եւ գործողությունների միջեւ անդունդ կա. նրանք շատ հարցեր են քննարկում, բայց ոչինչ չեն անում։ Ըստ նրա դիտարկման՝ հայկական եւ իրանական կողմերի միջեւ սկսվել են քննարկումներ երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինանարարության ընթացքի մասին։

 

«Երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ 5 տարի առաջ է սկսվել դրա շինարարությունը, վերջին 3 տարվա ընթացքում մենք տեսանք, որ այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվել։ Դժվարանում եմ ասել, թե վերջին քննարկումն ինչ արդյունք կտա։ Լուրջ կասկածներ ունեմ, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է  նա։ Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման եւ փոխայցելություններ կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ: Արմեն Մանվելյանի խոսքով՝ էլեկտրագծի շինարարության դանդաղեցումը պայմանավորված է ՀՀ իշխանությունների քաղաքականությամբ եւ իրանական կողմի հետ հստակ քաղաքական գիծ տանելու անկարողությամբ։

«Նրանք կախվածություն ունեն արեւմտյան՝ հատկապես ամերիկյան կողմից, որը դեմ է այդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցմանը։ Նախկին իշխանությունների օրոք էլ այդպիսի խնդիրներ կային, բայց նրանք կարողանում էին դրանք լուծել, իսկ սրանք ընդունակ չեն դրան։ Վերջին 3 տարիներին Իրանի հետ հատկապես էնեգետիկ ոլորտում Հայաստանի քաղաքականությունը ձախողված է. մեր բոլոր ծրագրերը կանգնած են, որեւէ դրական շարժ չկա»,- ասել է նա։

«Կա փաստաթուղթ, որը պետք է իրականացվի։ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի տնօրենն էլ այստեղ մեծ դեր չի խաղում։ Դրանով զբաղվում է պետությունը, կառավարությունը։ Պետք է անընդհատ աշխատանք տանել իրանական կողմի հետ։ Ի վերջո, ծրագիրը ֆինանսավորում է իրանական կողմը, եւ էլեկտրագիծը կառուցում են իրանական ընկերությունները»,- ասել է նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե որքանով է Իրանը հիմա շահագրգռված Հայաստանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ Արցախյան պատերազմից հետո շատ խոսվում է, որ ստեղծվելու են հնարավորություններ տարածաշրջանային երկրների համար ավելի խորը համագործակցության համար, Արմեն Մանվելյանը նշեց, որ նման խոսակցություններն ավելի շատ կեղծ են, պաթոսային, ինքը դրանց չի հավատում։ «Պատերազմից հետո համագործակցությունը բերելու է Հայաստանի ավելի շատ կորուստների»,- ասել է նա։

Նա, սակայն նշեց, որ Իրանը, ամեն դեպքում, շահագրգռված է ավարտին հասցնելու երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը, սակայն խնդիրն այն է, որ նույն շահագրգռվածությունը Հայաստանի մոտ չեն տեսել վերջին 3 տարում։

«2019 թվականին շինարարությունը պետք է ավարտված լիներ, բայց արդեն 2021-ի կեսն է, ընդհանրապես ոչ մի աշխատանք չի կատարվել»,- ասաց նա։

«Դա հնարավորություն կտա եռապատկել, քառապատկել Իրանից դեպի Հայաստան գազի ներմուծումը։ Այսինքն՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագիծը կարղ է ավելի մեծ մասշտաբի լինել։ Եթե Հայատսանն ի վիճակի լինի ավելի մեծ չափով էլեկտրաէներգիա արտահանել, կարող է ներդրումներ բերել Հայաստանի էներգետիկ ոլորտում»,- ասել է նա։

Հայաստանի այս իշխանությունները, նրա խոսքով, ձախողել են նաեւ հյուսիսային ուղությամբ բարձրավոլտ էլեկտրացանցեր կառուցելու ծրագրերը։

 




Լրահոս